Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Վագր Ռուբոն

Վագր Ռուբոն
22.07.2018 | 14:48

Չգիտեմ` ով ոնց, ես շատ վատ եմ վերաբերվում գազաններին իրենց բնական միջավայրից կտրելուն ու հանրապետության ողջ տարածքում սփռված «օբյեկտներում» կամ մասնավոր տներում պահելուն: Դա մարդու վայրենությունն է գիշատչի նկատմամբ, որ չի կարող իրեն պաշտպանել: Չեմ ուզում հիշել լավ հայտնի պատմությունները մասնավոր գազանանոցների ու օլիգարխների «կենդանաբանական» հոբբիների վերաբերյալ: Ազգովին զայրանում ու ընդվզում էինք գեներալ Մանվելի վագրի համար, բայց ոչ մեկի մտքով չի՞ անցել Գագիկ Ծառուկյանի առյուծների դեմ ըմբոստանալ: Ինչու՞:

Վաղուց ժամանակն է Հայաստանի Հանրապետությունում օրենք ունենալու, որով արգելվում են` կատեգորիկ արգելվում են հանրային սննդի վայրերում մասնավոր կենդանաբանական այգիներ ու տներում վայրի գազաններ պահելը: Օրինակ` Ծաղիկ Ռուբոն վագրեր է պահում, նաև բուծում է և գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել` ըստ մամուլի հրապարակումների։ Ժամանակին 2 վագր է բերել դրսից, որ ձագեր են ունեցել, հիմա 25, թե 27 վագր ունի։ Պատկերացնու՞մ եք` այդ գազանների խնամքը, սնունդը, պահելը: Ֆինանսական ծախսերը: Ծաղիկ Ռուբոն կարող է իր վագրերին ավելի լավ է պահում, քան Գագիկ Ծառուկյանն իր առյուծներին, հարցը դա չէ: Հարցը բարոյական է` չի կարելի գիշատիչներին զրկել իրենց բնական որակներից, դարձնել ձեռնասուն կատուներ` նրանցով զվարճանալու համար: Դա հակամարդկային է: Օրինակ` Ռուբեն Գևորգյանը հայտարարել է, որ վագրեր չի բուծում. «Բուծելն էն է, որ վագրերին վաճառում ես։ Ես հո կոլխոզ չե՞մ, որ վագր բուծելով զբաղվեմ։ Ես որ վագրերին նայում եմ, հանգստանում եմ, առօրյա անցուդարձից կտրվում եմ»։ Պատկերացրիք` հանգստի ինչ էկզոտիկա կա Հայաստանում: Իսկ եթե Ծաղիկ Ռուբոն «հանգստանար» կրակին նայելիս, ամեն օր հրդե՞հ էր սարքելու:


Փաստորեն` ժամանակն է Ռուբեն Գևորգյանի անհամապատասխան մականունը` Ծաղիկ, փոխել իսկականով` Վագր Ռուբո, որ համապատասխանում է նրա նախասիրություններին ու պատկերացումներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նորմալ մարդիկ հանգստանում են գիրք կարդալով, երաժշտություն լսելով, կտավներ դիտելով, վերջապես` իրենք են նկարում, ճանապարհորդում են, Հայաստանում հանգստի նոր տեսակ է արձանագրվել, որ արժանի է Գինեսի գրքին` նայել վայրի գազանին ու վայրի գազաններին ազատազրկել սեփական հաճույքների համար: Ոչ ոք չի՞ պատրաստվում թավշե հեղափոխություն անել առյուծների, վագրերի, կապիկների, արջերի, կոկորդիլոսների ու բոլոր այն գազանների համար, որ գործնականում քաղբանտարկյալի կարգավիճակ ունեն և զրկված են իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Թե՞ նրանք օրակարգում հայտնվում են միայն տերերի նկատմամբ քրեական գործերի շրջանակներում:

Դիտվել է՝ 3512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ