Մի քանի տարի առաջ արվեստաբաններ Շահեն Խաչատրյանին և Երվանդ Տեր-Խաչատրյանին հրավիրել էին Տավուշ արվեստաբան Վիլհելմ Մաթևոսյանի տուն-թանգարանի բացմանը մասնակցելու համար։
Նրանք միաժամանակ թանգարանին նվիրելու համար որոշ ցուցանմուշներ էին իրենց հետ վերցրել։ Շահենն ու Երվանդը ինձ էլ առաջարկեցին իրենց հետ գնալ։ Տավուշի քաղաքապետը մեզ տանելու համար մեքենա էր ուղարկել։
Ճանապարհին վարորդը, որը մի երիտասարդ տղա էր, ասաց.
- Կուզե՞ք երաժշտություն լսել։
Համաձայնվեցինք։
Միացրեց, ու լսվեց Արամ Ասատրյանի՝
«ՈՒ այսպես տխուր օտար ափերում, մենակ տղա եմ, սերս եմ փնտրում» ռնգային նվնվոցը։
Երվանդն ասաց.
- Շո՛ւտ անջատի, էդ արևելյան կլկլոցը չլսենք։
Վարորդը տարակուսած հետ նայեց ու անջատեց։ Երվանդը սկսեց վարորդին բացատրել, թե իսկական հայկական երաժշտությունը ինչքա՜ն մաքուր է, ինչքա՜ն մեղեդային և ինչ զգացական հարստություն ունի։ Վարորդն ուշադիր լսում էր։
Հաջորդ օրն ինքն էր մեզ քաղաք բերելու։ Հավանաբար, էդ պատմությունը պատմել էր, ու իր հետ մեզ զբաղեցնելու համար դասական երաժշտության ձայնագրություններ էին դրել։
Ճանապարհին հարցրեց.
- Կուզե՞ք հայկական դասական երաժշտություն լսել։ Երվանդն ասաց.
- Օրինակ ի՞նչ։
Վարորդը նայեց լատինատառ գրված հայկական երգերի անուններին ու դժարությամբ կարդալով ասաց.
- «Ո՛չ թռչուն, ո՛չ մրջյուն» երգը կուզե՞ք լսել։
Զարմացած իրար նայեցինք։
Երվանդն ասաց.
- Դե լա՛վ, միացրու, տեսնենք, էդ ի՞նչ նոր երգ է։
Միացրեց:
Հնչեց ռոմանսը և պարզ դարձավ, որ նա «կարդացել էր» Վահան Տերյանի՝ «Ո՛չ տրտո՜ւնջ, ո՛չ մրմունջ» բանաստեղծության առաջին տողը։
Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ