Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Սցիլլա և Քարիբդա

Սցիլլա և Քարիբդա
06.07.2025 | 14:58

Թվում էր, թե 2026 թ. հերթական խորհրդարանական ընտրություններին դեռևս շատ ժամանակ կա, բայց, պարզվում է՝ գրեթե ժամանակ չի մնացել: Արդեն մեկնարկել է գործող իշխանության անզիջում պայքարը՝ այդ ընտրություններում իր հավակնություններին հնարավոր արդյունավետ հակազդեցության ընդունակ բոլոր տիպի ուժերի չեզոքացման նպատակով: Իշխանությունն այդպիսին է դիտարկում, բնականաբար, այսպես կոչված, նախկիններին, նրանց տրադիցիոն և նոր ներկայացող դեմքերով, եթե ինքն այդպես է ընկալում: Այդպիսին է դիտարկվում նաև Հայ Առաքելական Եկեղեցին: Երկու դեպքում էլ իշխանությունը, առանց ավելորդ սեթևեթանքի, գործադրում է իր ձեռքին եղած ողջ գործիքակազմը. ուժայիններ, ոստիկանություն և՝ «մեր դատարանը՝ աշխարհի ամենաարդար դատարանը»: Այդ գործընթացը մեկնարկեց, երբ որոշակի ակտիվություն նկատվեց նախկինների ճամբարում: Այս իշխանության բնույթը նկատելն ու ցուցանելը առանձնակի քաղաքական լայնախոհություն չի պահանջում, սակայն, դրան զուգահեռ, նախկինները չեն թաքցնում նաև իրենց հավակնությունները՝ կրկին վերադառնալ իշխանության: Նրանց հիմնավորումը այս իշխանությունների կողմից երկիրն անդառնալիորեն ավերելու մտադրությունն է և այդ գործընթացը կանգնեցնելու իրեց վճռականությունը:

Մենք հիշում ենք, որ 44-օրյա պատերազմից հետո նախկինները, անհնազանդության երկարատև ակցիաներից հետո անգամ, չկարողացան տապալել պարտված իշխանությունը: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում նույնպես նրանք պարտվեցին գործող պարտված իշխանությանը: Այնուհետև՝ 2024 թ. տավուշյան սահմանազատման գործընթացների հետ կապված «Սրբազան շարժման» ժողովրդական հուզումներում նույնպես նրանք ակտիվորեն ներգրավված էին: Սակայն կրկին ոչինչ չստացվեց: Իշխանությունն անհամաչափ կոշտ արձագանքեց այդ իրադարձություններին, բայց շարժման մարելու պատճառն այդտեղ չէր:

Եվ նորից, ըստ ամենայնի, մենք պետք է ականատեսը դառնանք նախկինների և ներկաների մրցակցության հերթական փուլին:

Առաջին հայացքից լավ է, որ գործող իշխանություններին հակազդելու գործնական մտադրությամբ ուժեր լինեն հորիզոնում: Վատ է այնքանով, որ նախկիններն իրենց կողմից տնօրինվող բավականին ծանրակշիռ տնտեսական, քաղաքական, մեդիա, մարդկային ռեսուրսներով գործնականում գրեթե անհնար են դարձնում նոր քաղաքական ուժերի կողմից իրենց դրսևորելու, մրցակցության հարթակի վրա ոտքի տեղ պահելու կարողությունը:

Դա լիովին ձեռք է տալիս նաև գործող իշխանությանը: Դրանով, նախ, հնարավորինս կմասնատվի հակաիշխանական էլեկտորոտը, մյուս կողմից, դա նրանց թույլ կտա իրենց կողմից բազմիցս չարչրկված մեթոդներով և մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով հերթական անգամ մոլորեցնել ընտրողներին (նրանց մի հատվածին): Պետք չէ կասկածել, որ ներկաները նախկիններից ոչ պակաս մասնագիտացել են ընտրությունները կեղծելու, տարբեր կեղծ գործընթացներ, քաշքշուկներ սարքելու մեջ: Նրանք լիովին կարող են գործադրել այդ ուղղությամբ իրենց բոլոր հմտությունները: Եվ նախկինների պարագայում ընտրական մանիպուլյացիաների նկատմամբ ընտրողի մոտ դեռևս հնարավոր է երկակի տպավորություն:

Նախկիններին ևս իշխանության համար պայքարում ձեռք չի տալիս նոր մրցակից ուժերի առկայությունը: Այդ պատճառով է, որ յուրաքանչյուր նոր ծագած շարժման թիկունքում հայտնվում են նրանց ներկայացուցիչները: Եվ հատկապես, երբ այդ նորերը էական ասելիք չունեն, նրանք էլ տարրալուծվում և կորչում են այդ ֆոնի վրա:

Իրերի այդպիսի ընթացքի դեպքում մենք ականատեսը կլինենք 2021 թ. արտահերթ ընտրությունների մի նոր բեմադրության, որտեղ իշխանությունը և նախկինները փակեցին նոր ուժերի խորհրդարան մտնելու ճանապարհը: Հասարակ ընտրողին կմնա ոչ թե ընտրություն կատարել, այլ ընտրել չարիքներից փոքրագույնը: Մեկ անգամ այդպիսի ընտրությամբ ժողովուրդը հրաժարվել էր նախկիններից: Այժմ ստիպված պիտի լինի ընտրել նախկիններին, որպեսզի կարողանա հեռացնել ներկաներին:

Բնականաբար, իշխանությունը չի զիջի աթոռը, քանի դեռ կա այն պահպանելու ամենաաննշան հնարավորություն: Այսինքն, անվերապահորեն գործադրելու է իր տնօրինության տակ եղած բոլոր միջոցները՝ թե՛ ընտրությունների ընթացքը կառավարելու, և թե՛ հետընտրական մանիպուլյացիաների միջոցով իր համար բարենպաստ արդյունքներ ձևավորելու համար:

Արտախորհրդարանական ընդդիմությունից հայտնի են բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական միավորներ, դաշինքներ, սակայն դրանք արդեն ցույց են տվել, որ չեն կարող պայքարել իշխանության և նախկինների միջև: Ձևավորված է իշխանություն-նախկիններ մի մահվան օղակ, որի միջով անցնել և կենդանի մնալ դեռ չի հաջողվել ոչ մի քաղաքական ուժի: Եվ այդ վտանգը առկա է լինելու իշխանության հավակնող նոր ուժերի համար ևս: Այն ընդդիմությունը, այն քաղաքական ուժը, որը կդիրքավորվի իշխանության և նախկինների հետ պայքարում հաղթանակի հասնելու մտադրությամբ, հարկադրված է լինելու անցնել Սցիլլայի և Քարիբդայի արանքով:

Այս դեպքում, ինչպես ընդունված է ասել, «խեղդվողների փրկությունը իրենց՝ խեղդվողների ձեռքերում է»: Այսինքն, ընդդիմությունը կարող է հավակնել երկրի համար այս ճակատագրական իրավիճակում էական դերակատարության՝ միայն, եթե նա կարողանա իշխանություն-նախկիններ միակուսակցական համակարգի դեմ պայքարում հաղթանակած դուրս գալ: Խեղճ, տկար ընդդիմությունը, որը սրանց հաղթելու ներուժ չունի, չի կարող հավակնել համազգային խնդիրների լուծման:

Ինչպիսի՞ն պետք է լինի այդ ընդդիմությունը, ի՞նչ որակներ այն պետք է դրսևորի, որպեսզի կարողանա հավակնել ժողովրդի հավաքական աջակցությանը:

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 2027

Մեկնաբանություններ