Իմ գլխավերևով ինքնաթիռն անցավ: Նայում եմ երկնքին: Այնտեղ մետաղե մի հսկա է սավառնում, և նրա ներսում մարդիկ կան: Ու այդ մարդիկ չեն զարմանում, որ իրենք երկնքում են, և ահռելի մեքենան իրենց տանում է ամպերից էլ վեր:
Ես նույնպես պիտի չզարմանամ: Չէ՞ որ դա այնքան սովորական բան է: Բայց դեռ զարմանում եմ: Ես դեռ զարմանում եմ, որ ականջիս դրված փոքրիկ սարքի մեջ լսում եմ ծանոթ ձայնը օվկիանոսի այն կողմից: Զարմանում եմ, երբ ասում են, որ ձյան ոչ մի փաթիլ մյուսին նման չէ: Զարմանում եմ հրավառություն դիտելիս, աճպարարների հնարքներից եմ զարմանում, մեղվի ոտքերին դիպչող ծաղկափոշին է ինձ զարմացնում… Աշխարհը լի է զարմանքով:
Ու այդ ամենի հետ մեկտեղ մի բան էլ կա, որ ինձ զարմանք է պատճառում: Զարմանում եմ, երբ մարդը մոռանում է մարդուն…
Հովիկ Չարխչյան