«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Ինչ էլ որ կնքվի, վերջում սրբագրվելու է Թեհրանի և Մոսկվայի կողմից

Ինչ էլ որ կնքվի, վերջում սրբագրվելու է Թեհրանի և Մոսկվայի կողմից
05.08.2025 | 14:02

Այն քաղաքական գործընթացը, որ սկսվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, կարելի է որակել որպես «մոդերատորության սառը պատերազմ»: Այն չի ավարտվել և այժմ համարյա հասել է իր բարձրակետին: Իրականում որն է այս գործընթացի էությունը: Արտաքուստ այն ներկայացվում է որպես «խաղաղասիրական, միջնորդական» առաքելություն, հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու նպատակով: Բայց իրականում համաշխարհային ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ը, Եվրոպական Միությունը և Ռուսաստանի Դաշնությունը, բացահայտ կամ անդրկուլիսյան կատաղի պայքար են մղում, նպատակ ունենալով հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը ղեկավարել և պայմանագրի կնքումն էլ տեղափոխել Վաշինգտոն, Բրյուսել կամ Մոսկվա, իրենց առավելագույն շահերն ապահովելու և տարածաշրջանում հեռուն գնացող ռազմավարական նպատակներին հասնելու համար: Շատ կարևոր են նաև տարածաշրջանային ուժեղ խաղացողների՝ Թուրքիայի և Իրանի մերթ ընդ մերթ ակտիվացումը և բավական արդյունավետ միջամտությունները գործընթացին, որոնք կարողացել են եղանակ փոխել: Այս ընթացքում ոտնատակ են տրվել միջազգային իրավունքի, բարոյականության և հումանիստական բոլոր նորմերն ու սկզբունքները: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարգախոսով, կողմերը անդրկուլիսյան անազնիվ ինտրինգների միջոցով հիմնականում կենտրոնացած են զանգեզուրյան միջանցքի, էներգետիկ կապուղիների, հակաիրանական և հակառուսական պլանների իրականացման վրա: Մերկ, եսասիրական և շահամոլ միջպետական գզվռտոցի հետևանքով հարյուրերոդ անգամ վճարեց հայ ժողովուրդը՝ հազարավոր զոհերով, Արցախի կորստով և 120 000 փախստականներով: 2020-22 թթ. մոդերատորությունը Մոսկվայում էր: Ալիև-Փաշինյան հանդիպումները հիմնականում տեղի էին ունենում կրեմլյան հովանավորությամբ: Ուկրաինական պատերազմը փաստացիորեն հնարավորություն տվեց արևմտյան ստրատեգներին մոդերատորությունը փախցնել-տանել, այսպես կոչված, բրյուսելյան և վաշինգտոնյան հարթակներ: Այստեղ ավելի արդյունավետ «խաղաղասիրություն» իրականացվեց: Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հայաթափվեց, ռուս խաղաղապահները դուրս եկան, մեծն գինեկոլոգը Բլինքենի հետ խանդավառությամբ ֆինանսական խոստումներ տվեցին և այլն, և այլն: Իհարկե, «խաղաղասիրությունը» ուղեկցվում էր փառահեղ հակաիրանական և հակառուսական հռետորաբանությամբ, եվրաքվեական շոուներով և պսևդոարևմտամետների կատաղած մեդիատեռորով: Կարծես թե կարող էր ամեն ինչ ավարտվել, երբ հայտարարվեց հայ-ադրբեջանական օնլայն բանակցությունների հաջող ավարտի և պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին, բայց, ավաղ, Բաքվի նախապայմանները կասեցրին բրյուսելյան ղեկավարների ցնծությունը որոնք սպասում էին ուկրաինացման և երկրորդ ճակատի բացման օրվան: Այստեղ, իհարկե, մեծամասամբ հույսն Ադրբեջանի վրա է, որն հզոր է և սահման ունի Ռուսաստանի հետ: Կարևորը ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելն ու Բաքվին այնքան օժանդակելն է հայկական շահերի հաշվին, որ Ալիևը ուղղակի պարտավորված զգա բացել երկրորդ ճակատը: Վրաստանը արժանապատվորեն մերժեց այդ ավանտյուրան: Հիմա Թրամփն է շտապում նախաձեռնությունը խլել Մոսկվայից և Բրյուսելից, եթե այս ուրբաթ իսկապես կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը Սպիտակ տանը: Տեսնենք՝ ինչով կավարտվի: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել: Պայմանագիրը դա տեքստ է՝ գրված թղթի վրա: Այն քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վայրկենապես կորցնում է իր նշանակությունը: Ինչ էլ որ կնքվի, վերջում սրբագրվելու է Թեհրանի և Մոսկվայի կողմից: Իսկ թե միջազգային իրավունք կոչվածը ինչ աբսուրդային իրավիճակում է այսօր՝ բոլորս գիտենք: Հիշենք՝ Սևրին երկու ամիս հետո հաջորդած Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Մի կերպ հաջողվեց պահպանել թեկուզ և մոտ 30000 քառ. կմ: Այսքան մեծ մտավոր կարողություններով հռչակված հայ ազգը ինչու՞ է այսքան տկար դիվանագիտության և քաղաքական հեռատեսության ոլորտում: Ցավալի է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5504

Մեկնաբանություններ