Կարելի՞ է արդյոք հավատալ Նիկոլ Փաշինյանին եւ նրա նկարագրած «պայծառ ապագային», եթե մինչ օրս իր ասած ոչ մի խոսք իրականություն չի դարձել եւ մենք բազմիցս համոզվել ենք, որ մարդը չի կարողանում ոչ միայն ճիշտ խոսել, այլեւ չի կարողանում կանխատեսել, չի կարողանում կառավարել, խելացի որոշումներ կայացնել, ուստի ամբողջ 7 տարի զբաղված է ինքն իրեն արդարացնելով, իր սխալների համար բացատրություններ մոգոնելով, մեր կորուստների ու զրկանքների պատճառներն ուրիշ տեղ եւ ուրիշների մեջ փնտրելով: Կարո՞ղ ենք արդյոք վստահել մի մարդու, որը հարյուրավոր անգամներ ապացուցել է, որ չի կողմնորոշվում աշխարհաքաղաքական իրադրությունում, չի կարողանում լեզու գտնել ոչ բարեկամների, ոչ թշնամիների հետ: Վստահաբար` չենք կարող:
Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ սա էն գլխից մշակված ծրագիր չէ` դավաճանության կոմպոնենտով, ապա առնվազն գործ ունենք քաղաքական անմեղսունակության եւ անկարողության հետ: Ուստի միամտություն կլինի հույս փայփայել, որ իր կառավարման 8-րդ տարում նա գիտակցելու է պետություն ղեկավարելու պատասխանատվությունը եւ կարողանալու է մեր երկրի համար գոնե ոչ շատ վնասաբեր լուծումներ գտնել:
Հարց է ծագում` այսպիսի խոր եւ անելանելի փակուղում հայտնված իշխանությունն ինչո՞ւ է նման գերմարդկային ճիգերով պահում իշխանական լծակները եւ պատրաստվում 2026-ին էլ վերարտադրվել: Ո՞րն է նպատակը` Հայաստանի վերջնական կործանո՞ւմը, թուրք-ադրբեջանական վաղեմի ծրագրերի իրականացո՞ւմը, թե՞ կարծում է, որ երկրից ինչ որ մաս կմնա եւ այդ տարածքում, ասենք` Երեւանի խանությունում, իրենք կկարողանան պետական բյուջեն լափել եւ իշխանական վայելքներից օգտվել:
Պարզ է, որ եթե մարդն ասում է` «պարտության շնորհիվ մենք ինքնիշխանություն ձեռք բերեցինք», կամ` «Արցախը կորցրինք, բայց Հայաստանը գտանք», եթե հայտարարում է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը սառեցնելու մասին, բայց ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, հայտարարում է ԵՄ-ին անդամագրման մեկնարկի մասին եւ անգամ օրենք է ընդունում` առանց ԵՄ-ից հրավեր ստանալու ու այդ գործընթացի հետ կապված չնչին ճշգրտումներ անելու... նման մարդն ինչպե՞ս կարող է գլուխ հանել այս բարդ իրավիճակից, որը նաեւ հենց ինքն է ստեղծել: Ինչպե՞ս կարող է պարտված ու ծնկած վիճակից գլուխը բարձրացնել եւ այդ գայլերին` Ալիեւին ու Էրդողանին որեւէ հարցում առարկել:
Նա ինքը պետք է հասկանար, որ 2018 թվականին իր ուժից շատ վեր բեռ է ստանձնել, որքան շուտ հրաժարվի այդ բեռից, այնքան լավ կլինի եւ իր համար, եւ երկրի: Չէր հասկանում 2019-ին, չէր հասկանում 2020-ին, 2021-ին, «չի հասկանում» նաեւ 2025-ի՞ն...
Եւ ստացվում է` ինչպես 2018-ին էր ասում. «Կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», հիմա էլ ասում է` «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի լինի»:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր