ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել ՈՒկրաինայում։               
 

Հայաստանը ոչ մեկին բաց չի թողնում

Հայաստանը ոչ մեկին բաց չի թողնում
13.08.2025 | 12:48

Օգոստոս էր, շոգ էր։ Ինձ ասեցին.

- Ընտրի՛, թե որտեղ ես ուզում ծնվես։

Ես մատս դրեցի մանկական քմահաճ ծնոտով, առաջ եկած խռովկան վերին շրթունքով, խառը փարթամ մազերով աղջկական գեղեցիկ կիսադեմի վրա, որ հազիվ էր նշմարվում քարտեզի վրա։

- Դա Հայաստանն ա,- ասեցին։

- Հա-յաս-տա՞ն, սիրուն ա հնչում։ Թող ես Հայաստանում ծնվեմ։

- Հայաստանում հայերն են ապրում, դու հայ ես լինելու։

- Իսկ ո՞վ ա հայը։

- Հա՞յը... Հայը տառապանքի տեսակ ա՝ բարդ, հակասական, անթիվ բարդույթների սարդոստայնում խճճված, իրականությունը մերժող ու իր հորինած հեքիաթի մեջ ապրող, բնության, մարդկության ու պետության բոլոր օրենքներն արհամարհող, իր կողքին հանճար չհանդուրժող, բայց աշխարհի ամեն հանճարի մեջ հայ փնտրող, օտարին նվիրվող ու փոխադարձ նվիրում ակնկալող, բայց իր միամտության համար միշտ պատժվող, խաչը կուռքի նման պաշտող, իր վիշտը սիրող... Հայը երազող ա։ Նա երբեք դաս չի առնում՝ հազար անգամ նահատակվել ա, բայց էլի չի հավատում մահվանը, ասպատակություններից շունչ չի քաշել, բայց էլի պաշտպանվել չի սովորել, հայի օրացույցը սգո ու կորստի հաշվեմատյան ա, բայց նա աշխարհի վերջից մի ժամ առաջ էլ շարունակելու ա իր տանիքը նորոգել, ծիրանի ծառ ա տնկելու իր բակում, ապագայի վիթխարի ծրագրեր ա կազմելու ու իր համառ լավատեսությամբ Երկնքին անգամ թևաթափ ա անելու։ Ֆանտազյոր, արկածախնդիր, զգացմունքներով առաջնորդվող... Հայը ծայրահեղություն ա, ոչ մի բանում չափ չի ճանաչում, եթե տականք ա, ուրեմն՝ կարիճին կսպանի իր թույնով, եթե հերոս ա՝ մեն-մենակ բանակի դեմ դուրս կգա, եթե ագահ ա՝ կշտանալ չունի, իր մի բուռ հողին աշխարհ ա ասում, իր մի պուտ Սևանին՝ ծով, ու իր խոշոր, թախծոտ աչքերի փայլի մեջ արտացոլում ա իր հազարամյա պատմության խտացած ողբերգությունը։ Հայը ճակատագիր ա։ Դժվար ա հայ լինելը, շա՜տ դժվար ա,— ասեցին ինձ։

- Հա՛, իսկապես՝ դժվար ա, բայց ոչինչ, թող դժվար լինի։ Թող իմ ճակատին «հայ» գրվի, ես սիրում եմ խոշոր, թախծոտ աչքեր, ես սիրում եմ երազել։

- Հայաստանը քարի երկիր ա,- ասեցին։

- Դա վատ ա՞,- հարցրեցի ես։

- Դու քարերի մեջ ես ապրելու, րոպեն մեկ ոտքերդ արյունոտելու ես՝ հարվածելով սուր քարերին։ Կյանքի գնով պիտի քարը ժպտացնես, ծաղկացնես, կենդանացնես, որ ապրես։ Քո հացը քար ա բուրելու, գինին հարբած քարերից ես քամելու, անգամ հարազատ ծիրանից դու բարկ արևի տակ քաղցրացած քարի համ ես առնելու ու հետո ոչ մի ուրիշ ծիրան չես կարողանալու ուտես։ Հայաստանում ուղիղ գիծ չկա՝ կորեր են, կեռեր, խորդուբորդներ, անգամ հորիզոնը վերուվար ա՝ իրանց սար ու ձորի, իրանց Մասիսի նման։ Հայի կյանքն էլ ա իր երկրի նման խորդուբորդ՝ անհանգիստ, փոթորկոտ, բարձրացող-իջնող՝ ասես էլեկտրասրտագիր լինի, ու հենց գիծն ուղղվում ա, հայը մեռնում ա. հանգիստը հայի համար չի։ Լեռներով շղթայված էդ քարքարոտ երկրում անգամ երգերն են քարեղեն։ Հայի մեղեդին տաշած ժայռ ա՝ սուր անկյուններով։ Հայոց լեզուն էլ ա քարի նման՝ բառ ես ասում, զարդաքանդակ ա դուրս գալիս։

- Սիրուն ա։

- Սիրուն ա, բայց անտանելի դժվար։ Շատերը չեն դիմանում՝ գլուխներն առնում, փախնում են։ Բայց հետո հետ են նայում, տեսնում են, որ Հայաստանից ոչ մի տեղ չեն գնացել՝ ուրիշն ա գնացել։ Ու տենց էլ ապրում են ամբողջ կյանքում՝ ուրիշի մեջ՝ հացի հետ կարոտ կուլ տալով, ջրի հետ կարոտ խեղդելով։ Հայաստանը ոչ մեկին բաց չի թողնում։

- Շատ հետաքրքիր ա։ Ես Հայաստանում եմ ուզում ծնվել, ես հայ եմ ուզում լինել։

- Չես փոշմանի՞։ Իմացի՛, ազգությունը չես փոխի, դա ցմահ ա լինելու, իսկ դու ընդամենը մի կյանք ունես։

- Չեմ փոշմանի։

- Լա՛վ, իսկ ո՞նց նկատեցիր էդ փոքր կետը էս հսկա քարտեզի վրա։

- Արևն էդ կետի վրա էր ընկել՝ փայլում էր։

- Հա՛, արևը սիրահարված ա էդ կանացի կիսադեմին, առանձնահատուկ կրքով ա ջերմացնում։

- Ուրեմն՝ արևն ու ես նույն ճաշակն ունենք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5616

Մեկնաբանություններ