Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Ոչ շատ վաղ անցյալի մի պատմություն

Ոչ շատ վաղ անցյալի մի պատմություն
16.07.2025 | 11:22

Արևելյան Հայաստանը և ընդհանրապես՝ Հարավային Կովկասը Ռուսական կայսրությանը միացնելու գործում Ղարաբաղն ու Ղարաբաղի հայկական էլիտան (մելիքներն ու հոգևորականները) առանցքային դերակատարություն ունեին:

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին խանական լծի տակ ճկռած Արցախի համար ռուսական բանակի հարավային շարժը փրկության հույս էր, միաժամանակ մելիքները կարծում էին, որ պարսիկների դեմ պատերազմում օգնելով ռուսներին՝ կայսերական արքունիքը կպարգևատրի իրենց և Ղարաբաղում կվերականգնի մելիքների իշխանությունը:

Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ մելիքների հույսերը սին չէին. ռուսական արքունիքն ու կովկասյան բանակի հրամանատարությունը, իրոք, նման խոստումներ տվել են: Բայց նույն փաստաթղթերը նաև վկայում են, որ Արցախի մելիքներին «իրենցով անելու» հանգամանքն օգտագործելով՝ ռուսները Ղարաբաղի խանի «վախն էին բռնում» և դրդում նրան դավաճանության, այն է՝ հրաժարվել պարսկական գերիշխանությունից և ընդունել Ռուսաստանի գերիշխանությունը:

Արդյունքում, 1805-ի մայիսի 14-ին Գանձակի մոտակայքում՝ Քյուրակչայ գետի ափին, Թիֆլիսի և Գանձակի հոգևոր առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոս Գեղարդակրի և Վարանդայի մելիք Ջումշուդ Շահնազարյանի ներկայությամբ ռուսական բանակի հրամանատար Պավել Ցիցիանովի և հայ մելիքների դաշինքից ահաբեկված Իբրահիմ խանը պայմանագրով Ղարաբաղը հանձնեց Ռուսական կայսրությանը:

Ինչ խոսք, հայ մելիքների հույսերը չարդարացան. Իբրահիմ խանը մնաց որպես Ղարաբաղի կառավարիչ՝ ռուսական արքունիքի բարձր հովանու ներքո: Փաստացի, ռուսները մելիքներին օգտագործեցին, վերջում մելիքական համակարգը լուծարեցին՝ Արցախի մելիքական տների ղեկավարներին բարձր թոշակներ նշանակելով և հիմնականում Պետերբուրգ ու Մոսկվա տեղափոխելով:

Անշուշտ, սա չի նշանակում, որ Փանահի որդի Իբրահիմի գործերը լավ էին. ստորագույն խարդավանքների ու բանսարկությունների շարանով Արցախին տիրացած երբեմնի քոչվոր Ջևանշիրների ճակատագիրը շատ ավելի ցավոտ պետք է լիներ: Ընդամենը մեկ տարի անց՝ 1806-ի հուլիսի 18-ին, դեպի Արցախ շարժվող պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզայի զորքից Շուշին պաշտպանող մայոր (հետագայում գեներալ-լեյտենանտ) Դմիտրի Լիսանևիչը Շուշիի մոտակայքում՝ Խանեն բաղ կոչվող տեղանքում մորթեց Իբրահիմ խանին (կասկածում էր դավաճանության մեջ):

Բայց և այնպես, ռուս կայսեր հրովարտակով անմիջապես Ղարաբաղի խան կարգվեց նրա որդին՝ Մեհտի-Ղուլին, որին արդեն իսկ շնորհվել էր ռուսական բանակի գեներալ-մայորի կոչում: Այդպես էլ չմարսելով հոր սպանությունն ու հասկանալով, որ նույն ճակատգիրն իրեն է սպառնում՝ Մեհտի-Ղուլի խանը 1822թ.-ին փախավ Պարսկաստան, ինչից հետո գեներալ Վալերիան Մադաթովի հրամանով լուծարվեց Ղարաբաղի խանությունը և վերակազմվեց Ռուսական կայսրության Ղարաբաղի նահանգի՝ ռուսական անմիջական և ուղիղ կառավարմամբ:

Ինչու՞մ է սխալվել Ռուսական կայսրությունը. ոչ մի բանում:

Քաղաքականությունն իշխանության հասնելու մասին է, և ռուսները Ղարաբաղում հասել են այդ իշխանությանը, այլ կերպ ասած՝ խաղը լավ են խաղացել ու հաղթել են այդ խաղում:

Անարդար ոչ մի բան չեն արել. զենքի ուժով տարածքը նվաճել են, բնիկներին՝ հայերին, փրկել են բնաջնջումից, մելիքներին չեն նեղացրել ու փոխհատուցել են խոստացած-չարածը, Հայ Եկեղեցու դիրքերն ամրապնդել են, հայերի գլխին փորձանք դառած ստոր Ջևանշիրներին պատժել են:

Այսօր էլ ռուսական արքունիքից, նույն ինքը՝ ժամանակակից Կրեմլից իշխանություն ակնկալող և Կիրիենկոյի զանգին սպասող մերօրյա մելիքները պետք է այս պատմությունը լավ հիշեն և նաև ականջներին օղ անեն՝ ի տարբերություն կայսերական մյուս ազգերի, ռուսները միակն են, որ չկայսերական կյանքի փորձ չունեն:

Կրկնում եմ՝ միակն են:

Ասել կուզե՝ կայսերական խաղերը ռուսները լավ են խաղում, հատկապես՝ իրենց ավանդական ազդեցության գոտիներում:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3192

Մեկնաբանություններ