Ինչ ու ինչքան է պետք հասկանալու համար մի պարզ ճշմարտություն, որ խաղաղություն բերում է, ոչ թե ամեն գնով խաղաղություն բերող իշխանությունը, այլ՝ պատերազմի պատրաստ պատերազմի իշխանությունը: Աշխարհում միջուկային պատերազմ չկա և չի եղել դեռ միայն մեկ ուժով՝ միջուկային զենք ունեցողները զսպում են միմյանց միայն այն ուժով, որ պատրաստ են փոխադարձ ոչնչացման: Դա է խաղաղության ֆորմուլան, դա կոչվում է փոխզսպման քաղաքականություն:
Եթե որևէ՝ կուզեք արևմտյան, կուզեք արևելյան, կուզեք ասիական պետության իշխանություն խոսի նրա մասին, որ պատերազմի պատրաստ չէ և ուզում է խաղաղություն ունենալ իր երկրի նկատմամբ բոլոր հնարավոր և անհնար նկրտումներն ունեցողի հետ, ապա այդ երկրի ողջ իշխանությունը հավետ կմոռանա իր քաղաքական գոյության մասին, էլ չասեմ՝ քաղաքական ապագան: Կմոռանա, որովհետև ունի մեկ և անբեկանելի պարտականություն, որը ոչ թե խաղաղության քարոզ անելն է, այլ՝ պատերազմի պատրաստ լինելը: Եթե պատրաստ չէ, նշանակում է՝ չի արել անհրաժեշտը պատերազմը զսպելու համար. եթե չի արել, ուրեմն պետք է գնա և թույլ տա, որ գան նրանք, ովքեր դա ունակ են անելու. եթե դա էլ չի արել, ուրեմն արդեն անցել է հակառակորդի կողմը: Այլ ֆորմուլա աշխարհում չկա:
Ինչ ենք անում մե՛նք: Զգում ե՞ք, որ Ալիևի հանձարարած «տնային աշխատանքը» անում ենք բոլորովս: Գիտե՞ք ինչու՝ բոլորովս, որովհետև այն ի սկզբանե չանելու փոխարեն «տնային աշխատանքի» քննարկումն ենք անում, վերլուծում, փորձում հասկանալ՝ այդ դասը սովորելուց ու գրատախտակի մոտ պատասխանելուց հետո «բավարա՞ր» կստանանք, թե՞ «անբավարար»: Մինչդեռ Ալիևը հանձնարարել է մի «տնային աշխատանք», որի իմաստն ու նպատակը ոչ թե «բավարար» կամ «անբավարար» ստանալն է, այլ առհասարակ դպրոցից հեռացնելը՝ անկախ «տնային աշխատանքի» կատարողականից:
P.S. Հենց էսպես քննարկում էինք մեկ այլ տնային աշխատանք, որի անունն էր «Մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»: Հասկացեք, «տնային աշխատանք» կոչված այս անեստեզիան բուժման մասին չէ, այն անդամահատման մասին է:
Վլադիմիր Մարտիրոսյան