Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

«Դու այսօր ի՞նչ ես արել ի նպաստ քո Հայաստանի, հայ ժողովրդի վերելքի»

«Դու այսօր ի՞նչ ես արել ի նպաստ քո Հայաստանի, հայ ժողովրդի վերելքի»
21.04.2015 | 11:12

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ. Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի դիմաց տեղադրվեց բանաստեղծ Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան) բրոնզաձույլ կիսանդրին (քանդակագործ` Տիգրան Արզումանյան, ճարտարապետ` Հայկ Ասատրյան)։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանը, հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Անահիտ Մելքոնյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարները, հյուրեր։
Կիսանդրին բացեցին Տարոն Մարգարյանը, դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը և հովանավոր Աննա Քոչարյանը։
Տնօրենն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քանդակագործ Տիգրան Արզումանյանին, որին, կերպարվեստում ունեցած վաստակի և ծննդյան 70-ամյակի առիթով, շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, դպրոցի` Սիամանթոյի խոսքերով գրված օրհներգի հեղինակ Դանիել Երաժշտին, դպրոցի գործունեությունը բարձր գնահատող այլ անձանց։


Դպրոցի սաներն ուրախություն պատճառեցին Սիամանթոյի պոեզիայի նմուշների արտասանությամբ, իսկ դպրոցի երգչախումբը՝ Դանիել Երաժշտի ղեկավարությամբ, դպրոցի իր օրենքներով ու սիամանթոյական այլ երգերով։ «Եվ հայ զինվորին պղնձե շեփորը պիտի պատռի՝ հաղթանակի ռազմերգին որոտումով»,- թնդացնում էին երգիչները։ Ներկաներին շնորհավորեցին, ողջույնի խոսք ասացին Արամ Սուքիասյանը, բանաստեղծ Հովիկ Հովեյանը և Տիգրան Արզումանյանը։ Հանդիսության վերջում իր տպավորությունները մեզ փոխանցեց Դանիել Երաժիշտը. «Անչափ հուզիչ է օրվա խորհուրդը, չէ՞ որ Սիամանթոյի հուշարձանի բացումը, Մեծ եղեռնի անմեղ զոհերի ոգեկոչումը տեղի են ունենում մեր եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման նախօրեին։ Ինչ վերաբերում է հուշարձանին, ապա այն հիշեցնում է Յոհան Գյոթեի այն խոսքը, թե «վարդն իրեն զարդարելով, զարդարում է նաև ամբողջ պարտեզը»։ Հիրավի, պոետի վսեմ կերպարը գեղեցկացնում է ոչ միայն դպրոցը, այլև գեղագիտական շունչ է հաղորդում շրջակա միջավայրին։ Եվ ամեն անգամ դպրոց գալիս-գնալիս, Սիամանթոն, սֆինքսի պես, պիտի հարց տա յուրաքանչյուրին. «Դու այսօր ի՞նչ ես արել ի նպաստ քո Հայաստանի, հայ ժողովրդի վերելքի»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ