Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ինչո՞ւ է իշխանությունը հանդուրժում Սամվել Բալասանյանին

Ինչո՞ւ է իշխանությունը հանդուրժում Սամվել Բալասանյանին
16.06.2017 | 08:53

Երբ պաշտոն «ձեռք գցելը» դառնում է զուտ եկամտաբեր գործ, կորչում է դրա բուն նպատակը` հանրային շահի սպասարկումը և պատասխանատվությունը: «Իրատեսը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Գյումրու «բազմակուսակցական» քաղաքապետ Սամվել Բալասանյանին, տեղեկացնելով, թե վերջինս ինչպես է տնօրինում քաղաքի բյուջեն, ինչպես են օր օրի խնդիրներն ավելանում, սակայն նորից քաղաքապետ դառնալու նրա ախորժակը չի «փակվում»:

Հոգսաշատ «հայրաքաղաքի» բնակիչների սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացմանը զուգահեռ բարգավաճում են Բալասանյանի բիզնես նախագծերը, որոնք չեն խնայում անգամ պատմամշակութային արժեքները, զորօրինակ` Սև ղուլը: Այս առնչությամբ, ըստ գյումրեցիների, պետական մարմիններն էլ արդեն անզոր են կամ չեն ցանկանում տեսնել, թե ինչպես է քաղաքապետն ավերում պատմական այդ կոթողը: Իրականում շա՜տ արտոնյալ է Գյումրու քաղաքապետը. նա, ինչպես ցանկանում, «վարում-ցանում» է քաղաքային բյուջեն, իսկ իշխանությունն էլ շարունակում է չտեսնելու տալ այդ ամենը: Գյումրեցիները մեզ հետ զրույցում դժգոհեցին քաղաքը սեփական «բոստան» դիտարկող քաղաքապետից:
«Էս քաղաքապետը հեչ բանի պետք չէ, հավաքում է հարկերն ու օգտագործում իր բիզնեսների համար»,- նշեց նրանցից մեկն ու պատմեց, որ Սամվել Բալասանյանի բիզնես միտքը նոր հորիզոններ է նվաճում` պետբյուջեից մաս հանելով նաև հարազատներին: Ժողովուրդն ասում է. «Գլխին տեղ արեց, հիմա էլ ոտքերն է տեղավորում»: Ամիսներ առաջ մամուլն անդրադարձել էր Բալասանյանի «սոցիալական ծրագրին», այն է` անապահովներին անվճար բաղնիք ուղարկել: Պարզվեց, որ այդ բաղնիքի սեփականատերը նրա որդու ընկերն է, իսկ քաղաքի պետբյուջեի հաշվին անապահովներին իբր լողացնելը նստում է 10 միլիոն դրամից ավելի: Մարդկանց լոգանքն ապահովելուց հետո Բալասանյանը պետք է նաև ապահովի նրանց հարդարանքը: Այս նպատակի համար էլ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող վարսավիրանոցը պետք է անապահով խավի վարսերը հարդարի: Ինչպիսի՜ հոգածություն: Բյուջեից վարսահարդարման ծառայությունների համար, ըստ որոշ տեղեկությունների, ամիսը հինգ հազար դոլար է հատկացվում: Իսկ վարսավիրանոցի տերը, բնականաբար, պատահական մարդ չէր կարող լինել` Սամվել Բալասանյանի քրոջ դուստրն է: «Մարդիկ չեն էլ գնում էդ վարսավիրանոցը: Սոցիալապես անապահով խավին ո՞վ կթողնի, որ քաղաքի կենտրոնի վարսավիրանոց մտնեն: ՈՒղղակի պետբյուջեից բարեկամին հինգ հազար դոլարի լավություն է անում»,- նշեց մեկ այլ զրուցակից` հավելելով, որ ինչ շարժվում է Գյումրիում, քաղաքապետին պատկանող ընկերությունների միջոցով է արվում: Ողջ քաղաքապետարանն օգտվում է «Սևան» հանքային ջրից:

Իսկ այս հանքային ջրի գործարանը Բալասանյանի որդունն է` Միսակ Բալասանյանինը, ասել է` կրկին պետբյուջեի միջոցները գնում են Բալասանյանի բիզնեսի բարգավաճմանը: Մարդկանց «ծարավը հագեցնելուց» հետո Բալասանյանը քաղաքի «քաղցրի պահանջն» էլ է բավարարում: Նրան պատկանող «Անուշարան» ընկերությունը պետբյուջեի հաշվին իրականացվող բոլոր միջոցառումներն ապահովում է տորթերով ու քաղցրավենիքով: Մանկապարտեզներում ևս Բալասանյանի հրամցրած քաղցրն են վայելում, իսկ դրա ֆինանսական պատասխանատուն կրկին բյուջեն է: «Մայիսի մեկ է, երեխաների օր, սեպտեմբերի մեկ ու ինչ տոն էլ լինի, տորթերը սպասարկում է «Անուշարանը»: Գյումրու բյուջեն հավաքագրվում է Բալասանյան ընտանիքի համար: Քաղաքապետարանն էլ լցրել է իր ազգ ու տակով, բաժնի վարիչներից սկսած` բոլորն իր ծանոթ-հարազատներն են: Ինչ ուզում անում է, իսկ էս կառավարությունն էլ ոչ մի ուշադրություն չի դարձնում»,- վրդովվեցին գյումրեցիները: Այլ խոսքով, Գյումրու բյուջեն կարելի է վերանվանել Բալասանյանի բյուջե, միևնույն է, քաղաքին հատկացրած ֆինանսները ուղիղ մտնում են քաղաքապետի գրպանը:


Քաղաքական կաշառքն էլ է լավ հաջողվում Գյումրու քաղաքապետին: Վերջերս տեղեկություն սպրդեց, որ Սամվել Բալասանյանն աշխատավարձ է տալիս ավագանու ՀՎԿ-ի անդամներին, որպեսզի ներկայանան նիստին: Ավագանու անդամները հասարակական հիմունքներով պետք է աշխատեն, աշխատավարձ չի ենթադրվում, ասել է` քաղաքապետը կաշառում է նրանց: Լավատեղյակները պատմում են, որ միայն ավագանու ՀՎԿ անդամներին չէ, որ Բալասանյանը աշխատավարձ է տալիս, իր «սեփական», այսինքն` ավագանու ՀՀԿ-ական անդամների համար էլ է աշխատավարձ սահմանել: «Ամեն ամիս աշխատավարձի տեսքով գումար է տալիս, որ դեմ չքվեարկեն, ասում են 250-300 հազար դրամ է տալիս,- ասաց մեր աղբյուրը ու պատկերավոր բնութագրեց իրավիճակը։- Քաղաքը ելել, ոտք առել, գնում է: Քաղաքը լենինականցիների համար չէ, Բալասանյան ընտանիքի ու հարազատների համար է: Եթե մի փոքր հարցով ես գնում քաղաքապետարան, առանց նրա անմիջական միջնորդության խնդիրը չի լուծվում: Պիտի բարձրանան հարցնեն` էս մարդու հարցը լուծե՞ն, թե՞ ոչ: Էդ աշխատողներն էլ բարեկամներն են, մեկը` մորքուրի տղեն, մյուսը` մորքուրի թոռը, հաջորդը` եգանը, քրոջ ամուսինը»:


Գյումրեցիները շեշտում են, որ չկա մի օղակ, որտեղ խնդիրները լուծվել են, հակառակը, որտեղ քաղաքային իշխանությունը ոչ մի դերակատարություն չպետք է ունենա, քաղաքապետի մատն այդտեղ էլ է «խառը»: Օրինակ, համատիրությունների ղեկավարներին ժողովուրդը պետք է ընտրի, բայց Սամվել Բալասանյանն է իր մարդկանց նշանակում` հրամցնելով հանրությանը, թե իբր ժողովուրդն է ընտրել: Ի՞նչ կարելի է սպասել «երեսի զոռով» քաղաքապետ դարձած մարդուց, սեփական ընտրության տեխնոլոգիաներով է առաջ շարժվում:


Այսօր իշխանությունը հայտարարում է կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքարի, հովանավորչությանը վերջ դնելու մասին: Գյումրու օրինակով կարելի է դիմել իշխանություններին` ինչո՞ւ եք ներողամիտ, հանդուրժող, երբ այս քաղաքի բյուջեն սպասարկում է միայն Սամվել Բալասանյանին ու նրա ազգուտակին, ինչո՞ւ եք հովանավորում նրան, «թևեր տալիս», եթե Գյումրիում քարը քարին չի դրվում: Պատասխան, բնականաբար, չենք ակնկալում, առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Լավ, բայց մինչև ե՞րբ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ