Հավանաբար հիշում եք, որ 2009 թվականին՝ Ցյուրիխում, առանց նախապայմանների, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ընդամենը րոպեներ անց թուրքական կողմը նախապայման առաջադրեց՝ երկկողմ հարաբերություննները կապելով Ղարաբաղի խնդրի հետ:
Երեկ էլ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախաստորագրեցին ինչ-որ թուղթ, որը, ըստ Թրամփի «պրեզենտացիայի», հավերժական խաղաղության փաստաթուղթ է, իսկ ինքը՝ խաղաղության աղավնին: Սակայն, թղթերի վրա ստորագրությունների թանաքը դեռ չչորացած, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Հայաստանը, խաղաղության պայմանագիր ստանալու համար, դեռ տնային աշխատանք պետք է կատարի: Մասնավորապես նշում է, որ պետք է փոփոխություններ կատարվեն ՀՀ Սահմանադրության մեջ:
Այսինքն, այն, ինչը Փաշինյանը շտապում է ներկայացնել որպես խաղաղության հաստատում, դեռ շատ նախապայմաններ ունի, և դեռ հայտնի չէ՝ դրանք կարո՞ղ է ինքը՝ Փաշինյանը կատարել:
2023 թվականի Պրահայի հայտարարության նախադեպը հուշում է, որ չի կարելի մատների արանքով նայել Փաշինյանի ու Ալիևի իբր իրավական հետևանքներ չունեցող հայտարարություններին: Չի կարելի թերահավատությամբ նայել այս գործընթացին, իբր սա կենսունակ չէ, իբր դեռ բոլորն իրենց խոսքը չեն ասել, իբր Թրամփն այսօր ասաց՝ վաղը հերքելու կամ մոռանալու է:
2009-ի ցյուրիխյան և երեկվա փաստաթղթերի ճակատագիրը կարող է տրամագծորեն տարբեր լինել՝ մի պարզ պատճառով: Եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանը, հայ հասարակության ճնշման և միջազգային գործընկերների ազդեցության տակ, դիմադրում էր Թուրքիայի նախապայմաններին, ապա հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի դիմադրելու, այլև իրեն հասանելի բոլոր միջոցներով նպաստելու է այդ նախապայմանների կատարմանը: Իսկ եթե իր հնարավորությունները չբավարարեն, ապա Թրամփն ասաց՝ «զանգեք՝ կանենք»:
Չզարմանաք, որ զանգողը ոչ թե Ալիևը լինի, այլ՝ հենց Փաշինյանը. չէ՞ որ սեղանին դրված է հենց ի՛ր իշխանության և անձնական անվտանգության հարցը: Իսկ նման դեպքերում Փաշինյանը միջոցների ընտրություն չի կատարում. 5000 զոհ այս կողմ, այն կողմ…
Էդուարդ Սարիբեկյան