ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել ՈՒկրաինայում։               
 

Ճիշտ դաշնակցային հարաբերությունները փոքր պետությունների գոյության գրավականն են

Ճիշտ դաշնակցային հարաբերությունները փոքր պետությունների գոյության գրավականն են
12.08.2025 | 12:20

2025 թ. օգոստոսի 8-ին կնքված փաստաթուղթը եռակողմ համաձայնագիր է, այն պայմանագիր չէ: Պայմանագրերն են, որ պարտադիր հաստատվում են օրենսդիր մարմինների կողմից և ենթակա են պարտադիր կատարման: Սա՝ առաջին դիտարկումը: Փաստաթղթի քննարկումն ու գնահատականները հայկական տեղեկատվական դաշտում խիստ կողմնակալ բնույթ են կրում, ոմանք այն սևացնում են, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Հայաստանը պարտված է երեսնամյա հակամարտության և երկու պատերազմների արդյունքում և գերխնդիր ունի կանխելու երրորդ ճակատագրական պատերազմը, որին կարող է մասնակցել նաև Թուրքիան: Հետևանքների գիտակցումը բոլորիս պարտքն է, որքան էլ որ ցավալի են կորուստները: Ոմանք էլ գերարժևորում են այս համաձայնագիրը, որն իհարկե իր խաղաղասիրական ռիտորիկայով գովելի է, սակայն իրականացման մեխանիզմների առումով՝ շատ մշուշոտ: Գաղափարները երկու հարևան ժողովուրդների և պետությունների միջև վերջնական խաղաղության հաստատման առումով կան, բայց կստացվի՞ դրանք իրագործել՝ դեռ պարզ չի: Դեռ հսկայական աշխատանք կա, համաձայնագրի հոդվածներին համապատասխան միջպետական պայմանագրեր պետք է կնքվեն, դրանք ունենալու են դրսի ուժերի աջակցությունը կամ էլ հակազդեցությունները, որոնք շատ առումներով վճռորոշ են լինելու : Համոզված եմ, որ Ալյասկայի Պուտին-Թրամփ հանդիպումը հաջողելու դեպքում նախանշելու է նոր աշխարհակարգի ուրվագծերը, գուցե և շատ հիշատակվող «Նոր Յալթայի» հիմնաքարը: Նախորդ գրառումներում մի քանի անգամ նշել եմ նոր՝ եռակենտրոն աշխարհակարգի հավանականությունը՝ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան ձևաչափով: Յուրաքանչյուր նոր աշխարհակարգ ունենում է, որպես կանոն, իր ազդեցության գոտիների բաժանարար գծերն ու ստվերային պայմանավորվածությունները: Ինչպե՞ս կանցնեն ազդեցության գոտիների բաժանարար գծերը Հարավային Կովկասում և մերձավորարևելյան տարածաշրջանում՝ նույնպես լրիվ հստակեցված չէ: Կհստակեցվի միայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո: Պետք չէ անտեսել նաև Եվրոպական Միությունը, որը նույնպես որոշակի շահեր ունի այստեղ և, իմ կարծիքով, ոչ բոլոր դեպքերում է համախոհ Թրամփի բուռն և արագ տեմպերով առաջ քաշվող արտաքին քաղաքական ձեռնարկումներին: Արդեն իրողություն է Բրյուսելի և Վաշինգտոնի մոտեցումների միջև տարբերությունների խորացումը: Օրինակ՝ մեծ ոգևորություն Լոնդոնում, Փարիզում և Բեռլինում այս համաձայնագրի կապակցությամբ առանձնակի չի նկատվում: Պատճառը ուկրաինական հարցում Բրյուսելի անհամաձայնություններն են թրամփյան նախաձեռնությունների հետ: Այնպես որ, զինվենք համբերությամբ: Ամեն ինչ կախված է հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում նոր ուժային հարաբերակցության բնույթից և սահմաններից: Այս հեղհեղուկ միջազգային զարգացումների ժամանակ անհրաժեշտ է ընդհանրապես հրաժարվել հակաքաղաքականությունից թե՛ հարևան երկրների, թե՛ մեծ տերությունների նկատմամբ: Որքան տհաճ է լսել մեծ տերությունների, հատկապես Ռուսաստանի դեմ տարվող քարոզչությունը, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Երբեմն իրականացվել են բանավոր պայմանավորվածություններ, երբեմն էլ պատռվել և աղբարկղ են նետվել «դարակազմիկ» և ամպագոռգոռ պայմանագրեր: Պատմությունը և հատկապես մեր հայրենական պատմությունը հարուստ փորձ ունեն այս առումով: Միայն Սևրի պայմանագրի տխուր վախճանը բավարար պատմաքաղաքական դաս է մեզ համար: Ճիշտ դաշնակցային հարաբերությունները փոքր պետությունների գոյության գրավականն են:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ