Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

15 հուլիսի . Վարդավառ կամ տոն Պայծառակերպության

15 հուլիսի . Վարդավառ կամ տոն Պայծառակերպության
15.07.2012 | 19:37

Տեր Հիսուս Քրիստոսը բազմաթիվ հրաշքներից հետո, նույնիսկ մեռելներին հարություն տալով, որ մարդիկ տեսնեն ու հավատան, մի արտասովոր հրաշք էլ կատարեց, որ տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա։ Այն վեր էր մարդկային մտքի երևակայությունից, քանզի Տերն այլակերպվեց երկնալույս հանդերձանքով, ինչպես նկարագրում են ավետարանիչները. «Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո Հիսուս Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լեռան վրա և նրանց առաջ պայծառակերպվեց։ Եվ Նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպես որ երկրի վրա ոչ մի լվացք անող չի կարող այդքան սպիտակեցնել։ Եվ նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, ու նրանք խոսում էին»։

Այդ զարմանահրաշ այլակերպության վկաները դարձան դարեր առաջ ննջած Աստծո ընտիր ծառաները՝ Մովսեսն ու Եղիան, ովքեր դեռ իրենց ժամանակներում մարգարեացել էին Հիսուսի աշխարհ գալու մասին։
Պայծառակերպության այս իրադարձության երկրային վկաները տասներկու առաքյալներից միայն երեքն էին՝ Պետրոսը, Հովհաննեսը և Հակոբոսը, ովքեր մարմնավոր աչքերով ականատես եղան հանդերձյալ կյանքի մի դրվագ ըմբոշխնելուն։ Եվ այդ երեքի ընտրությունն էլ պատահական չէր, քանզի Հիսուսն անձամբ ընտրեց և Իր հետ լեռը տարավ հենց այդ երեքին, որովհետև ամենագետ Աստված գիտեր նրանց հետագա ընթացքը, քանզի նրանցից Պետրոսը դարձավ Եկեղեցու վեմը, որի հավատի վրա կառուցվեց այն, այսինքն` Պետրոսն առաջինը դավանեց, որ Հիսուս Քրիստոսը կենդանի Աստծո Որդին է, իսկ Հովհաննես առաքյալը միակն էր բոլորից, որ մինչև Գողգոթա գնաց ուՀիսուսի խաչելությունն ու մահը տեսավ, իսկ Հակոբոս առաքյալը բոլոր առաքյալներից առաջինն էր, որ Քրիստոսին Տեր դավանելու համար նահատակվեց։ (Ի գիտություն ընթերցողի, ասենք, որ այդ սրբի գլուխը գտնվում է Հայոց Երուսաղեմի մեր վանքի սուրբ տաճարում)։
Եվ մինչ իջնում էին լեռից, Տերը պատվիրեց ու ասաց, որ այդ տեսիլքը ոչ ոքի չասեն, մինչև Մարդու Որդին մեռելներից հարություն առնի, ինչպես և նախկին սքանչելագործությունների դեպքում, նույնպես և այժմ, որ չգայթակղվեն: Որովհետև որքան շատ մեծամեծ բաներ իմանան Քրիստոսի մասին, այնքան դժվար կլիներ նրանց համար, երբ չարչարանքների ժամին և խաչի վրա տեսնեին Նրան:
Այս տոնը Վարդավառ կոչելու խորհուրդը, ըստ սուրբ հայրերի, հետևյալն է։ Վարդը, քանի դեռ կոկոն վիճակում է, ո՛չ իր գեղեցկությունը և ո՛չ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես քաղցրությունից շարժվելով, փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում:
Այսպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ որպես կոկոն և ապա, ծնվելով աստղերով ու հրեշտակներով, հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին, հայտնվեց մարդկանց նշաններով ու սքանչելիքներով:
Դարձյալ մարմնի վարագույրով ծածկվելով որպես կոկոն, այսօր բացվելով` հայտնեց հայրենի փառքը, իսկ անուշահոտության բուրմունքով՝ Աստվածությունը:
Վարդն ունի երեք որակ. կարմրություն, սպիտակություն և անուշահոտություն, որը խորհրդանշում է Երրորդությունը: Իսկ Քրիստոսի տնտեսության խորհրդում կարմրությունը խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը՝ անմեղությունը, իսկ անուշահոտությունը` Հոգին, որ փչեց առաքյալների վրա` ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին»: Եվ սա ըստ խոսքի. «Իմ սիրեցեալը սպիտակ է և կարմիր, ընտրեալ է՝ տասը հազարից» (Երգ 5.10):
ՈՒ քանի որ այս տոնը մեր ժողովուրդը դեռ հեթանոս ժամանակներից կապել է Նոյի ընտանիքի` տապանից իջնելու իրադարձության հետ, այդ պատճառով հայ մանուկներն ու աղջիկներն այդ օրն իրար վրա ջուր են լցնում` ի նշան ջրհեղեղի ավարտի։
Իհարկե, ուրախանալ ու հիշել, որ Արարիչ Տերը ողորմածաբար սերունդ թողեց մարդկությունից՝ հանձինս Նոյի և իր երեք զավակների, որոնցից Հաբեթ որդու ժառանգներն ենք մենք՝ հայորդիներս, տեղին է։ Բայց կարծում եմ` կարելի է նման զվարճություններ թույլ տալ մեզ, սուրբ Պատարագով պատվելով Տիրոջ Պայծառակերպության տոնը, հետո նոր ջրով ցողվել, այն էլ չափավորության մեջ, ոչ թե անխնա և ում պատահի ջրով ողողել։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հ. Գ.- Պայծառակերպության կիրակին տոնելուց հետո հարկ է նաև մեր ննջեցյալներին հիշել, քանի որ երկուշաբթին Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային է հայտարարվել հենց այդ նպատակի համար։ ՈՒ նրանք, ովքեր այդ օրն էլ չեն հիշելու և սուրբ Պատարագին չեն գնալու եկեղեցի, որից հետո` հարազատների գերեզմաններ, այդպիսիներն իրենց հարազատ անցավորներին երկնքում մեծ վիշտ կպատճառեն, քանի որ նրանք սպասում են մեր աղոթքներին ու եկեղեցական հիշատակումներին։ Ասվածը հաստատելու համար կարդանք Առաքել Սյունեցի վարդապետի «Դրախտագիրք» մեծածավալ գործից մի հատված։ Այս օգտաշատ գիրքը, դժբախտաբար, Հայաստանում դեռ չի տպագրվել, հրատարակվել է միայն Մխիթարյան հայրերի կողմից, Վենետիկի սուրբ Ղազար կղզում, 1956 թ.:
Առաքել Սյունեցու «Դրախտագիրքը» բաղկացած է 530 քառատողից, որոնց միջոցով վարդապետը մեզ հիշեցնում ու խրատում է. «Կարեկցելի վիճակում գտնվող հոգիները նման են բանտարկյալների՝ ծարավ ու անոթի, տանջվող վիշապներից, անքուն որդերից, իրենց սեփական խղճից, որոնք թախանձագին պաղատում են օգնել իրենց անտանելի վիճակից ազատվելու կամ թեթևանալու»: Կարդանք մի քանի քառատող այդ օգտաշատ գրքից.

«Բոլորը հիշում են իրենց ննջեցյալներին,
իսկ դուք չեք հիշում մեզ,
այն շատ սիրո համար, որ ստացաք (մեզնից),
գոնե այդ ամաչեցնի ձեզ:

Ձեզ ինչ կպակասի, եթե ամեն տարի
մեկ անգամ հիշեք մեզ,
Մատաղ անեք կամ տաք ժամին,
որ Աստված պահեր ձեզ:

Արդ մենք ձեզ ի՞նչ բարեխոսենք,
ի՞նչ լավ բան արեցիք մեզ,
Դուք մոռացաք մեզ ի սրտե,
և չեք հիշատակում այլևս մեզ:

Թե դուք ծնողներին միշտ հիշեք,
այն վարձքի տեղ կհամարվի ձեզ,
Ձեր երեխաները նույնը կանեն ձեզ,
ինչ որ դուք արեցիք մեզ:

Մեր աչքերը հանապազ դեպ ձեզ էին,
թե ինչ կուղարկեք մեզ,
Ոչ մատաղ տեսանք ձեզնից, ոչ խունկ, ոչ ձեթ,
Երբ դուք չէիք հիշատակում, մյուսներն էին խղճում մեզ:

Այս մեր գանգատը, թե ինչ արեցիք դուք մեզ,
Այլ խոսք չկա դեպ ձեզ, թող Աստված հարցնի ձեզ,
երբ գա Դատաստանի ժամը, Նա՛ կքննի ձեզ:

Դիտվել է՝ 3650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ