Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի Արցախի Հանրապետության ղեկավարը»

«Բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի Արցախի Հանրապետության ղեկավարը»
20.10.2017 | 07:33

Ժնևյան հանդիպումից առաջ շատերը պնդում էին, որ Սերժ Սարգսյանը չպետք է գնա Շվեյցարիա` հաշվի առնելով նախօրեին Ալիևի արած հայտարարությունը: Բանակցությունից հետո ոչ մի խոսք չեղավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, ինչն առավել մեծացրեց այս կարծիքի կողմնակիցների հաստատակամությունը: ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցեցինք այս և ԵՄ նոր համաձայնագրի մասին:

-Պարոն Սարգսյան, ճի՞շտ էր Սերժ Սարգսյանի հանդիպումն Ալիևի հետ, եթե և՛ համանախագահների, և՛ մեր նախագահի խոսքում ոչ մի բառ չհնչեց վերահսկողական մեխանիզմներ տեղակայելու պայմանավորվածության մասին:
-Գիտեք, ես Սերժ Սարգսյանի վարած ներքին քաղաքականությունը քննադատողներից եմ, բայց այս հարցում, կարծում եմ, հանրապետության նախագահը ճիշտ էր: Չգնալը միշտ այն խնդրի առաջ է կանգնեցնում, որ դու ես մեղավորը, հետո պետք է բացատրես, թե ինչու այդպես վարվեցիր: Այդպես պետք է վարվել այն ժամանակ, երբ նպատակ կա այդ ողջ գործընթացը «փակելու» և ավարտելու: Քանի դեռ ինչ-որ հնարավորություններ կան, նման հանդիպումներն անհրաժեշտ են: Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, չէր կարող նման հայտարարություն լինել, քանի որ դա բանակցությունների առանձնահատկություններից է: Երբ նախագահն ասաց, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Բաքվում վայնասուն բարձրացավ: Սա փաստում է, որ նաև մեծ տեղեկատվական պատերազմ է ընթանում, ոչ մեկը չի ցանկանում տանուլ տալ, որպեսզի սեփական հասարակության աչքում ինքը ճիշտ երևա: Այն, ինչ նախկինում մենք ասում էինք, այսօր հաստատվեց` չպետք է խորանալ բանակցային գործընթացում, մի՛ քննարկեք այն հարցերը, որոնք վաղը ձեր դեմ են դուրս գալու: Հայաստանի իրավունքն է ասելու, որ Արցախը մեր պատմական հողն է, որը բռնակցվել է: Ադրբեջանն այսօր չի կարող պատերազմով հետ բերել այն, ինչ ցանկանում է: Այս բանակցությունների իմաստն այն է, որ Ադրբեջանը փորձում է արդարացնել այն հոխորտանքները, որ զենքով հետ կբերի հողերը, բայց այդպես չի անում, հույս ունենալով, որ Հայաստանը խելքի կգա ու կվերադարձնի տարածքները: Իսկ Հայաստանն էլ արդարացնում է բանակցությանն իր մասնակցությունը` ասելով, թե հույս ունի, որ Ադրբեջանը, ի վերջո, կհասկանա, որ ազգի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի: Եթե այս տրամաբանությամբ պետք է շարունակվեն բանակցությունները, թող շարունակվեն, քանի որ կարող են հանգեցնել գոնե առաջնագծի լարվածության թուլացմանը:
-Բոլոր պայմանավորվածությունները խախտող Ալիևն իրո՞ք շահագրգռված է, որ լարվածություն չստեղծվի առաջնագծում, զոհեր չլինեն:
-Ոչ ոք այնքան միամիտ չէ կարծելու, թե Ադրբեջանը հրաժարվեց իր նկրտումներից: Զորօրինակ, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի գլխավոր հրամանատարները հավաքվել են Թբիլիսիում` համագործակցային լուրջ հարցեր քննարկելու, սրան գումարած` բացվում է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, որը շատ մեծ վտանգ է ներկայացնում մեզ համար: Մենք չունենք դրան համազոր Հայաստան-Իրան երկաթգիծը, որը 1998-ից դեռ կարող էինք իրականացնել: Ասում են` Հայաստանը տնտեսապես զարգացնելու խնդիր է դրված, եթե մեր հարևանների օրինակով դիտենք, այնտեղ, բացի նավթից ու գազից, արդյունաբերությունն է զարգանում, իսկ մեզ մոտ ծանր արդյունաբերություն հասկացությունն անգամ վերացել է, նույնիսկ նախարարության անունը փոխեցին: Առանց արդյունաբերության հնարավոր չէ զարգացող պետություն լինել: Այսօրվա իշխանության գործելաոճում ես չեմ տեսնում այս մոտեցումը:
-Հերթական ընտրություններից առաջ այս բանակցությունները երկու երկրների նախագահների համար գուցե և վերջինը լինեն, հնարավո՞ր է ինչ-որ բեկում արձանագրվի մինչ այդ:
-Ալիևի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվելու, նա կարող է անգամ ցմահ կառավարել: Սերժ Սարգսյանի պարագան լրիվ այլ է: Այս խառնաշփոթը, որ նրանք են ստեղծել, թույլ չի տալիս հասկանալ, թե ինչ է լինելու: Այն ժամանակ նախագահն էր, հիմա վարչապետը պետք է լինի բանակցողը, բայց, որքան հասկանում եմ, կարող է լրիվ ուրիշ տարբերակ էլ լինել: Էլի սահմանադրության վերաձևում անեն, որ ողջ ուժային բլոկը ենթարկվի Անվտանգության խորհրդի քարտուղարին: Այսինքն, վարչապետը դառնա տեխնիկական ֆիգուր, իսկ բանակցողը լինի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Բայց հարց է առաջանում` ո՞վ է նստելու Ալիևի հետ բանակցելու, ո՞ր մի երկրի նախագահ իրեն թույլ կտա Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հարցեր լուծել: Անհեթեթ իրավիճակ են ստեղծել ու ամեն ինչ խառնել իրար: Անընդհատ ասում են, թե Սերժ Սարգսյանը մնալու է, ոչ ոք դա չի ժխտում: Խնդիրն այն է, որ անձերը չեն որոշում քաղաքական համակարգը: Եթե իսկապես նա պետք է լինի, պարզ ասեն, հասկանանք, թե բոլոր առումներով ով է երկիրը ներկայացնելու: Նախագա՞հը, որը, ըստ Սահմանադրության, օժտված է միայն ներկայացուցչական լիազորություններով. նրա հետ ևս ոչ ոք բանակցություններ չի վարի: Իսկապես տարօրինակ իրավիճակում ենք հայտնվել: Պատմությունը մեզ հուշում է` իշխանությունը չի կիսվում: Կարող էր լինել կոլեգիալ ղեկավարություն, եթե լիներ կոալիցիոն կառավարում: Բայց մեկ կուսակցության պարագայում կոալիցիոն ղեկավարությունը դառնում է անհեթեթություն: Դրսի աշխարհը հստակ պետք է իմանա` ում հետ գործ ունի: Կարգավիճակի խնդիր կա, ի վերջո: Վերադառնալով Ձեր հարցին, ասեմ` ոչ, բեկումնային քայլեր չեն կարող լինել, քանի որ Ալիևի համար միևնույն է, թե ով է իր դիմաց նստելու: Նրանք չեն էլ թաքցնում, որ այսպես կարող է երկար շարունակվել, քանի որ Հայաստանը որքան թուլանա, այնքան իրենց օգուտն է:
-Արդեն շրջանառության մեջ է «Պաշտպանության մասին» նոր օրենքը, որով վարչապետի լիազորությունները կրճատվում են: Դրան զուգահեռ, ՀՀԿ-ն անթաքույց առաջ է տանում այն գիծը, որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցով բանակցություններ կարող է վարել միայն այդ «բովով» անցած քաղաքական անձը, իսկ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն այդպիսին չի համարում: Ստացվում է` վաղը երկիրը ներկայացնողի խնդրի առաջ ենք կանգնելու: Ի վերջո, եթե այդ լիազորությունը մնա վարչապետին, Կարեն Կարապետյանը կկարողանա՞ բանակցություններ վարել:
-Այս պարագայում ամենաճիշտ տարբերակը կլիներ այն, որ Սերժ Սարգսյանը հասներ մի կարևոր նպատակի` իր փոխարեն բանակցությունների սեղանի շուրջ նստեր Արցախի Հանրապետության ղեկավարը: Սա է լավագույն տարբերակը, եթե կարողանան հասնել այն բանին, որ հիմնական բանակցային կողմ դառնա Արցախի ղեկավարությունը (իհարկե, Հայաստանը պետք է պահի իր դիրքերը), ոչ մի հարց չի առաջանա: Ժամանակին էլ ասել ենք, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը սխալ քայլ է, որովհետև Արցախը պետք է միավորվեր Հայաստանի հետ: Պետք է ճանաչել միայն Լեռնային Ղարաբաղի անկախությունը Ադրբեջանից, այսինքն` միջազգային հանրության համար հաստատել (ինչը չարեցին Կատալոնիան, Քրդստանը), թե ո՛ր իրավունքով է ինքնորոշումն իրականացվում: Ամեն մի քայլն այստեղ իր նշանակությունն ունի։ Եթե չեք հիմնավորել, որ ձեր ինքնորոշման իրավունքը պետք է լինի հակամարտող կողմի տարածքային կառույցից դուրս, ձեզ միշտ ասելու են, թե խախտում եք տարածքային ամբողջականության սկզբունքը: Հայկական կողմից այս գլխավոր հարցը լուծված չէ, ասել է` չեն գնացել բանակցելու այս հարցի շուրջ, գլխավոր խնդիր չեն դարձրել այն փաստը, որ Արցախի Հանրապետությունը դեֆակտո և դեյուրե ձևավորվել է օրինական ճանապարհով:
-Փաստորեն, հաշվի առնելով Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությունը, երբ հասկանալի չէ, թե ով է Ալիևի դիմաց նստելու, լավագույն լուծումը Արցախի ղեկավարության մասնակցությու՞նն է բանակցություններին:
-Միանշանակ: Ղարաբաղն այսօր պետք է ստանձնի բանակցությունները ղեկավարողի պարտականությունը: Առավել ևս, որ հիմա կառավարման անորոշություն է Հայաստանում, պետք է այդ դերակատարությունը ստանձնի Ղարաբաղի ղեկավարը: Ավելին, նույնիսկ վարչապետի հետ հնարավոր է բանակցություններ չվարեն, քանի որ նախագահ է մի կողմում, իսկ այստեղ վարչապետ է, որը կախյալ է խորհրդարանից: Այս բոլոր նրբությունները պետք է հաշվի առնեն: Սա Անգելա Մերկելի պաշտոնը չէ, երբ ամբողջ աշխարհը գիտի, որ նա օժտված է բոլոր լիազորություններով: Հայաստանի պայմաններում, երբ վարչապետը «թելից է կախված», սպասում է, թե խորհրդարանն ինչ կորոշի, կփոխի՞ իրեն, թե՞ ոչ, ամեն անգամ հարց է առաջանալու դրսում` ում հետ գործ ունեն, բա որ եկավ հաջորդն ու պայմանավորվածությունները խախտե՞ց: Մենք իսկապես հարվածի տակ ենք դնում բանակցությունները, այսօր դեռ «տաք» ենք ու այս բաները չենք զգում:
-Կառավարման համակարգի փոփոխությունը վնասելու՞ է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին:
-Այո: Միշտ ասել եմ, որ եթե անձով են պայմանավորում իշխանական համակարգը, մի խախտում էլ պիտի անեին` նախագահի երրորդ ժամկետ սահմանեին: Անգամ դա կարելի էր ընդունել, բայց ոչ սա: Այն բոլոր խոսակցությունները, թե գնում ենք ժողովրդավարացման, օդից կախված են. այդ ինչպե՞ս եք գնում: Այս խորհրդարանո՞վ, որի հիմնական կազմն ընտրվել է փողով: Մնացածը դեմագոգիա է: Սա է նրանց սկզբունքը` ավելի լավ է փորձված թանը, քան անփորձ մածունը: Իսկ ինչպե՞ս են այս իրավիճակից դուրս գալու: Ի դեպ, նրանք իրենց շրջապատել են հլու-հնազանդ մերձավորներով, որոնք, որևէ լավ բանի հույս չունենալով, նախընտրում են իշխանության կողքին լինել, որ մի բան էլ իրենց հասնի: Սա աննորմալ վիճակ է, երբ չկա իրական ընդդիմություն: Բոլոր հնարավոր միջոցներով այնպես նվաստացրին իրական ընդդիմադիրներին, որ քաղաքական ընդդիմություն չկա: Իշխանությունը ոչ մեկից չի վախենում, դրա համար էլ ինչ ուզում` անում է:
-Հրապարակվել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի տեքստը: Ձեր գնահատականը: Ի դեպ, արդեն տեսակետ է հնչում, որ հնարավոր է այն ևս չստորագրվի կամ հետաձգվի մինչև մայիս, քանի որ Եվրոպայում էլ ուզում են հասկանալ, թե Հայաստանում ում հետ գործ ունեն:
-Եվրոպայի առաջարկած դրույթները մեր կուսակցությունը միշտ էլ անընդունելի է համարել: Մենք պետք է իրավունք ունենանք մեր կողմից առաջարկություններ ներմուծելու այդ պայմանագրում, որ մարդիկ հասկանան, որ չենք ցանկանում իրենց դիկտատուրային ենթարկվել: Իրենք թույլ չեն տալիս իրենց առաջարկները քննարկել, ասում են` սա է, կա՛մ ընդունում եք, կա՛մ ոչ: Բացի յուվենալ արդարադատությունից, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունից ու շատ այլ հարցերից, մի բան էլ են ավելացրել` ատոմակայանի փակումը: 1985-86-ին ես, որպես «Комсомольская правда»-ի թղթակից, Սիլվա Կապուտիկյանի, Կարինե Դանիելյանի, Գեորգի Տեր-Իսայանի հետ այնքան էինք ատոմակայանի ճակատագրով անհանգստացած, որ գրվեց «Մտավորականության նամակը Գորբաչովին»: Հետո հասանք նրան, որ, հատկապես Չեռնոբիլից հետո, ատոմակայանը տարիուկես վերանորոգման «կանգնեց» և «բերվեց քրիստոնեական տեսքի», ինչպես Կարեն Դեմիրճյանն էր ասում: Մենք գիտենք դրա վտանգավորությունը և դեռ այն ժամանակ էինք դա ասում: Բայց հիմա ՄԱԳԱՏԷ-ն ասում է, որ ամեն ինչ համապատասխանում է նորմերին, իսկ ես հիմք չունեմ այդ հեղինակավոր կառույցին չհավատալու: ՈՒրեմն, եթե կարելի է, թող շահագործվի: Իսկ եթե փակենք ՀԱԷԿ-ը, որ մեր էլեկտրաէներգիայի 40 տոկոսն է ապահովում, ինչպե՞ս ենք փոխհատուցելու դա: Եթե այս ամենը մի կողմ թողնենք, ի՞նչ է նշանակում, որ Եվրոպան մեզ ասում է` ատոմակայանը պիտի փակեք: Մի՞թե սա սուվերենության խախտում չէ: Կամ` այսօր, երբ քննարկվում է ընտանեկան բռնության մասին օրինագիծը, արևմտամետ հայ գրանտակերներին հարց եմ տալիս` եթե այդպես շահագրգռված չլինեն, ինչու են կառավարությանը խոստանում 10-12 մլն դոլար օրենքն ընդունելու համար: Գենդերային հավասարության մասին օրենքն ընդունելու համար ևս փող տվեցին, սա ինքնավարության խախտում չէ՞, սա սատելիտի կարգավիճակ չէ՞: ՈՒզում եմ հասկանալ` ի՞նչ է մեզ տալու ԵՄ-ի հետ այդ համաձայնագիրը: Տնտեսական զարգացու՞մ, ներդրումների հո՞սք: Եթե ներքին վիճակը սա է, ոչ մեկն այստեղ գումար չի բերի:
-ԵՄ-ի հետ համաձայնագրի կողմնակիցները վստահեցնում են, որ այս համաձայնագիրը փակելու է ԵԱՏՄ-ի բացերը, այսինքն, կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքար է լինելու:
-Բա սատելիտ չես, ի՞նչ ես, եթե դրսից պետք է քեզ ասեն, որ կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքարել է պետք: Քո ժողովրդին բանի տեղ չես դնում, նրա պահանջը մի կողմ ես թողել, որ Եվրոպայից, Բրյուսելից «քեռին վրադ գոռա», նո՞ր սկսես պայքարել: Սա՞ է ձեր պայքարի իմաստը: Այս ամեն ինչից մի բանի հոտ է գալիս` տիրոջ փոփոխության, ընդամենը: Սա այնքան էլ լավը չէ, գնանք մյուսի մոտ: Փոխանակ ասեն` ո՛չ նա, ո՛չ էլ մյուսը, մենք պետք է լինենք մեր երկրի տերը: Սա թողած` բաժանվել ենք արևմտամետների, հյուսիսամետների ու չգիտեմ, թե էլ ինչերի: Այսպես երկիր չեն պահում, դրա համար էլ ժողովուրդը գնում է երկրից: Իսկ այս համաձայնագիրը դարձրել են ֆետիշ: Շատ են խոսում վիզային ռեժիմի ազատականացման մասին, եթե Եվրոպան ուզում է մեզ հետ նման հարաբերություն ունենալ, ի՞նչն է խանգարում, ինչու՞ չի անում, ի՞նչ է տալու նրան այդ համաձայնագիրը: Ենթակայությու՞ն: Ինչ վերաբերում է ստորագրել-չստորագրելուն, մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե Եվրոպան երաշխիքներ չունենա, պայմանագիրը կարող է և չստորագրվել:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ