Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամեն ինչ չափից դուրս պարզ է

Ամեն ինչ չափից դուրս պարզ է
06.03.2018 | 11:22

ՀՀԿ-ում սկսել են նախապատրաստվել, բայց մինչ այդ, պետք է ասել, շատ հեշտ ստացվեց նախագահի ընտրությունը: Արմեն Սարգսյանը մի օրում եկավ, մեկ ամսում հանդիպեց բոլորի հետ, մեկ օրում էլ խորհրդարանը դակեց-քվեարկեց-ընտրեց հանրապետության չորրորդ նախագահին: Մինչդեռ տարիներ շարունակ քաղաքական գործիչները քաղաքական կապիտալ էին ստեղծում, պայքար մղում, այլ խոսքով` Հայաստանի քաղաքական դաշտում «ընկնում-ելնում» էին, որ արժանանային գոնե նախագահի թեկնածուի կարգավիճակին: Փոխեցինք սահմանադրությունը, Արմեն Սարգսյանին ՀՀԿ-ն միանգամից կարգեց նախագահ, որը, ինչպես իրենք էին ցանկանում, «քաղաքականությամբ չզբաղվող անձ է»: Փոխվեց ոչ միայն մայր օրենքը, փոխվեցին քաղաքականությամբ զբաղվելու չափորոշիչները:


Այսօր էլ ՀՀԿ-ն կանգնած է հերթական, առավել կարևոր ընտրության շեմին: Մեծ լիազորություններով ու իրավունքներով օժտված վարչապետի աթոռը սպասում է հասցեատիրոջը: Այս հավանական թեկնածուի հարցն էլ, ի տարբերություն նախագահի, այնքան է եփվել, որ, թվում է, արդեն կատարված իրողություն է: Ընդամենը մի քանի ընթացակարգային արարողություններ են մնացել: ՈՒ մինչ ՀՀԿ-ն պատասխան է գտնում «միակ ըմբոստացողին»՝ Նիկոլ Փաշինյանին, որը վայրկյանը մեկ հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չդառնալու հայտնի խոսքերը, գործընթացները սահուն մոտենում են ավարտին:
Միայն թե «Ելք» խմբակցության ղեկավարի մեղադրանքներին հանրապետականները չեն կարող «խելքը գլխին» հակադարձել: «Քաղաքականությունը խայտաբղետ է: Քաղաքականության մեջ ամեն օր բաներ են փոխվում: Ամեն գիշեր կարող են բաներ փոխվել: Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ չպետք է ցանկություններին ու հավակնություններին տուրք տալ»,- երեկ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հավելելով, թե կուսակցությունն ինչպես որոշի, Սերժ Սարգսյանն այդպես էլ պետք է վարվի, նա պետք է ենթարկվի կուսակցության որոշմանը:


Զավեշտալի է հնչում հատկապես այն միտքը, թե Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի կուսակցության որոշմանը, սովորաբար մենք տեսել ենք, որ ողջ ՀՀԿ-ն է մի մարդու նման ենթարկվում կուսակցության ղեկավարին, ինչ կուսակցության կամ խորհրդի որոշման մասին է խոսքը: Հող են նախապատրաստում հետագա զարգացումների համար: Իսկ կուսակցությունը պարզ է, չէ՞, ինչ որոշում պետք է կայացնի, եթե օրումեջ տարբեր հանրապետականներ հայտարարում են, որ իրենց համար կուսակցության և երկրի ղեկավարն անփոխարինելի է: Այս մթնոլորտում ո՞ր մի հանրապետականն է խելքը հացի հետ կերել, որ ասի՝ չէ, ես վարչապետի ուրիշ թեկնածու ունեմ: Այնպես որ, Վահրամ Բաղդասարյանը պետք է սրբագրի իր խոսքը. ոչ թե կուսակցությունը կորոշի, այլ ինչպես կորոշի Սերժ Սարգսյանը, այդպես էլ կլինի: Ավելորդ սեթևեթանք պետք չէ, բոլորն էլ հասկանում են՝ ինչն ինչպես է լինում: Իսկ այն ձևակերպումը, թե քաղաքականության մեջ ամեն գիշեր կարող են բաներ փոխվել, մեղմ ասած, ՀՀԿ-ի օգտին չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ