Իտալիայի  շունչը Ժամանակակից արվեստի թանգարանում 
											 
													21.01.2020 | 01:15
						Երևանի  Ժամանակակից արվեստի թանգարանում  տեղի ունեցավ հանրահայտ իտալացի  նկարիչ  Կառլո Մոնտարսոլոյի կտավների  «Լույս, ձայն, գույն»  խորագիրը կրող ցուցադրությունը:  Միջոցառումը  կազմակերպել  է  «Մոնտարսոլո» ընկերակցությունը` ՀՀ- ում Իտալիայի  Հանրապետության  դեսպանության  աջակցությամբ, Իտալիայի  արտաքին գործերի և միջազգային  համագործակցության  նախարարության հովանավորությամբ: 
 
Ժամանակակից արվեստի թանգարանի  տնօրեն Նունե  Ավետիսյանն ասաց, որ մեր  օրերում  մշակութային դիվանագիտությունը  շատ  մեծ դեր ունի երկրների  և  ժողովուրդների մերձեցման գործում:  Նա կարծում է, որ  մենք  ևս  հնարավորություն կունենանք  Իտալիայում  ներկայացնելու  հայ  արվեստագետներին,  Հայաստանում  կշարունակենք ներկայացնել Իտալիայի  արվեստագետներին: ՀՀ-ում  Իտալիայի դեսպան  Վինչենցո  Դել Մոնակոն  ասաց, որ Կառլո Մոնտարսոլոյի արվեստը  կարևոր տեղ է գրավում 20-րդ  դարի արվեստում, նշեց նաև, որ  նկարիչը  կարողացել է գույնը, լույսը, ձայնը  ներդաշնակ կերպով ներկայացնել:  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ի լրումն նկատեց, որ  քաղաքական գործիչները ևս կարող են այդպես վարվել և  դա կլինի  լավագույն դիվանագիտությունը. «Ժամանակակից  արվեստը  շատ հետաքրքիր է, ընդհանրապես, լավ է ծանոթ լինել այսօր ապրող կամ մեզնից  ոչ վաղուց   հեռացած  արվեստագետների ստեղծագործություններին  և ընդհանրություններ  փնտրել  անտիկ արվեստի հետ: Ենթադրում ենք, որ իր հայրենի բնաշխարհը ՝  «կատաղած» Վեզուվը  և  հրաշք Միջերկրականը    իրենց  ազդեցությունն են թողել  նկարչի վրա և ձևավորել նրա  աշխարհայացքը»: Նախարարի տեղակալն  ընդգծեց նաև, որ  փոխադարձ այցելություններից նոր ծրագրեր կծնվեն:  
 
Նկարչի  գործերը, որոնք  ցուցադրվում են    ժամանակակից արվեստի թանգարանում,  «Մոնտարսոլո»  ընկերակցության  արխիվային  հավաքածուի  մաս են կազմում: 
«Նշաններ և հնչյուններ», «Ծով, ալիքներ, ամպեր, քամի»,  «Սաղարթներ»  և «Վեզուվյան լավաներ»  շարքերը    բնութագրում են նկարչի  ավելի քան հիսուն տարվա գործունեությունը:
 
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
 
							Լուսանկարներ
							
												
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ