Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Մեր պատմության կեղծ մարգարեները խեղաթյուրեցին մեր ազգային ոգին

Մեր պատմության կեղծ մարգարեները խեղաթյուրեցին մեր ազգային ոգին
01.08.2025 | 10:55

Պիտի փնտրե՜ն, պիտի փնտրե՜ն զիս․․․

Պ․ Դուրյան

Օգոստոսի 1-ին կլրանա Զորայր Խալափյանի 92 տարին։ Ի հիշատակ՝ մի հատված իր «Այսքան բան» անտիպների գրքից։

Հայ գրերի գյուտը համընկավ պետականության կորստի հետ, և սրանով պայմանավորվեց «վայերի դարաշրջանը» մեր իրականության մեջ, ամեն գրագետ հայ անպայման ողբ ու կոծ էր անում իր գրության վերջում։ Ամենանշանավորը Խորենացու «Ողբն» է։ Սակայն նրա պատմության բուն շարադրանքից երևում է, որ այդ ողբի շատ անհեթեթ հատվածների հեղինակը Խորենացին լինել չէր կարող, դա լրացում է հետագա որևէ մեկի կողմից, որն այն աստիճան էր տառապում զառանցանքով, որ համոզված էր, որ այժմ ամեն ինչ վատթար է, երիտասարդությունը փչացած, նույնիսկ եղանակներն են փոխվել, երաշտ է, կարկուտ և այլ անմտություններ։ Զուտ մտավորականի այս լացկանությունը, ցավոք, արմատացավ, որպես ազգային բնավորություն. ողբալ, միշտ ողբալ։ Մեր պատմության այդ կեղծ մարգարեները խեղաթյուրեցին մեր ազգային ոգին։ Մինչ ոմանք կերտում էին հայ ճարտարապետության հրաշալիք Զվարթնոցը, Անին, Գանձասարը, այլոք գրիչները ճռռացնելով ողբում էին։ Ոմանք զենքը ձեռքին մաքառում էին տասնապատիկ բազմաթիվ թշնամու դեմ, մյուսները գրիչը ճռռացնելով ողբում էին։ Ստեղծվում էր միջնադարյան մեր հրաշք մանրանկարչությունը, գրիչները նույն ժամանակ ողբում էին։ Հայ իրականության Արիստոտել Շիրակացին անգամ իր թվաբանական խնդիրներով զինվորներ էր դաստիարակում, թե ինչպես Զորակ Կամսարականը առաջին անգամ կոտորեց պարսիկ զինվորների կեսը, երկրորդ անգամ քառորդը, երրորդ անգամ տասներրորդ մասը և այլն, նույն ժամանակ հայ պատմիչները ողբում էին մեր պարտությունները։ Բանը հասավ նրան, որ մեր ամենակենսահաստատ հեղինակը իր գլխավոր երկն անվանեց «Ողբ»։ Դարձանք ողբասացների ազգ։ Պ. Սևակն ամեն ինչ ամբողջացրեց, այս ամենը հասցնելով պաթոլոգիայի ու դարձավ ազգային պաթոլոգիայի երգիչը։ Ողբալը հեշտ է, բերանդ բաց ու… և՛ հայրենասեր կերևաս, և՛ գթառատ, և՛ ազնիվ։ Իսկ գործ անելու, կռվելու համար համարձակություն է պետք, կյանքը վտանգել, մեռնել։ Մեր օրերում ամեն զինվոր Արցախում տասը-քսան ազերու դեմ է կռվում, իսկ ոմանք այստեղ ողբում են Արցախի կորուստը։ Ե՞րբ և ո՞վ պիտի մեզ ասի. «Հերիք զռռաք, հայեր»։ Գուցե անկախության գիտակցությունը, բայց այժմ իսկ ոմանք անիծելով ողբում են նաև անկախությունը։ Կա այսպիսի հիվանդություն՝ լացի պաթոլոգիա, որը կոչվում է նաև հիստերիա։ Բուժման համար ժամանակ է պետք, ցավոք, երկա՜ր ժամանակ։

Զորայր ԽԱԼԱՓՅԱՆ

14.05.1993թ.

Թեմիկ ԽԱԼԱՓՅԱՆԻ ՖԲ էջ

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ