FARS գործակալությունը հայտնում է, որ առաջիկա օրերին Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին կնշանակվի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար։
Միևնույն ժամանակ, Իրանը վերականգնում է Պաշտպանության բարձրագույն խորհուրդը։
Այս կադրային վերադասավորումը մաս է կազմում երկրի անվտանգության և պաշտպանության ոլորտում նոր «կառուցվածքային բարեփոխումների»։
FARS-ի տեղեկություններով՝ նոր Պաշտպանության խորհուրդը կստեղծվի ԱԱԲԽ-ի հիման վրա և կստանձնի Իրանի պաշտպանական քաղաքականության ոլորտում ռազմավարական առաքելություններ։
FARS-ը պարզաբանում է, որ գործող քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը կստանձնի մի շարք հատուկ և ռազմավարական դոսյեների պատասխանատվությունը, որոնք պահանջում են բարձր մակարդակի կառավարում և համակարգում։
Հաշվի առնելով, որ Ահմադիանը 2000-ականների սկզբին զբաղեցրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Գլխավոր շտաբի պետի պաշտոնը և նախկինում եղել է հրամանատար ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի, Պաշտպանության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը կարող է նրա համար ավելի համապատասխան լինել, քանի որ նա առաջին հերթին զինվորական է, այլ ոչ թե քաղաքական գործիչ։
ՈՒշագրավ է, որ Պաշտպանության բարձրագույն խորհուրդը գործում էր Իրանում 1978 թվականից և կարևոր դեր է խաղացել Սադամ Հուսեյնի դեմ ութամյա պատերազմի ընթացքում, սակայն 1989 թվականին այն լուծարվել էր։
Այս խորհրդի վերականգնումը նշանակում է, որ Թեհրանը փաստացիորեն իրեն դիտարկում է որպես իրական պատերազմի մեջ գտնվող՝ իսրայելական ռեժիմի դեմ։
Երկրի զինվորական և քաղաքական ղեկավարությունը անհրաժեշտ է համարում անվտանգության և պաշտպանության քաղաքականության լիարժեք վերանայում, ինչպես նաև սահմանի պաշտպանության միջոցների ուժեղացում։ Մյուս հրատապ խնդիրն է Իրանի հետախուզական հնարավորությունների ընդլայնումը՝ հակառակորդի «ամենաուժեղ անվտանգության և պաշտպանության համակարգերին» դիմակայելու համար։
ԻՀՊԿ տեղեկատվական ալիք
Արա ՊՈՂՈՍՅԱՆ