Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Օգոստոսին Մարտունի քաղաքում կանցկացվի քանդակագործության սիմպոզիում

Օգոստոսին Մարտունի քաղաքում կանցկացվի քանդակագործության սիմպոզիում
13.07.2012 | 19:52

Օգոստոսին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում կանցկացվի քանդակագործության սիմպոզիում, որի հեղինակն ու նախաձեռնող խմբի ղեկավարը ՀՀ նկարիչների միության անդամ, քանդակագործ Արամայիս Խլղաթյանն է:

«Քանդակները, որոնց ստեղծագործական թեմաները լինելու ըստ հայեցողության, կերտվելու են բազալտե մեծ քարերի վրա: Միակ թեմատիկը լինելու է Արցախյան հերոսամարտին նվիրված քանդակը, քանի որ մինչ այժմ Մարտունիում չկա Արցախյան գոյամարտը խորհրդանշող և ազատամարտում զոհված մարտունեցիների հիշատակը հավերժացնող հուշարձան», - «Իրատես de facto»-ին ասաց «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը: Նա նշեց, որ մեկ քանդակ էլ անձամբ հեղինակելու է Արամայիս Խլղաթյանը, ով համոզված է, որ իր նախաձեռնած սիմպոզիումը Մարտունիում առաջացնելու է մշակութային հեղաշրջում:
Ըստ Խ. Խլղաթյանի, արձանները, որոնք կկերտվեն Մարտունու եղարվեստի դպրոցի բակում հետագայում տեղադրվելու են գլխավոր հրապարակում ու փողոցներում` զարդարելով քաղաքի ընդհանուր տեսքը: Միջոցառումը, որի իրականացման համար կպահանջվի մոտ 11 միլիոն ՀՀ դրամ, տևելու է շուրջ մեկ ամիս: Այդ նպատակով արդեն բացված հաշվեհամարին առաջին փոխանցումն արդեն կատարել է Մարտունիի քաղաքապետարանը` հատկացնելով 500 հազար դրամ և 200 հազար դրամ էլ փոխանցել է ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը: Աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Ակնկալվում է, որ սիմպոզիումի հաջող ավարտը քաղաքը գեղեցկացնելուց բացի, կխթանի նաև զբոսաշրջության զարգացումը: Նշենք, որ սիմպոզիումին մասնակցող հանրապետության ութ անվանի քանդակագործների թվում են Արտավազդ Քոչարյանը, Ռաֆիկ Սարգսյանը, Արմեն Վարդանյանը, Գրիգոր Բաղումյանը, Գարիկ Դավթյանը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ