Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Խաչատրյանն ինքը ժամանակին նպաստել է հայկական ջազի կայացմանը»

«Խաչատրյանն ինքը ժամանակին նպաստել է հայկական ջազի կայացմանը»
03.12.2015 | 20:41

«Խաչատրյանը և ջազը» նախագծի շրջանակում առաջին անգամ ջազային մշակմամբ կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Աննախադեպ այս նախագծով դեկտեմբերի 5-ին կեզրափակվի Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։ Կհնչեն Խաչատրյանի հանրահայտ «Սպարտակ» և «Գայանե» բալետների հատվածների և «Դիմակահանդես» դրամայի երաժշտության ջազային մշակումները։ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր ԱՐՄԵՆ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախագիծը բաղկացած է 11 ստեղծագործությունից՝ մշակված տարբեր գործիքավորողների կողմից. «Բնականաբար մոտեցումներն էլ տարբեր են: Օրինակ, նկատելի է ավագ և երիտասարդ սերնդի երաժիշտների ձեռագրերի տարբերությունը»: Արմեն Հյուսնունցի կարծիքով՝ բազմազանությունն ավելի հետաքրքիր է դարձնում ծրագիրը:

«Խաչատրյանն ինքը ժամանակին նպաստել է հայկական ջազի կայացմանը, համաշխարհային ջազի կարկառուն ներկայացուցիչները ուսումնասիրել են Խաչատրյանի երաժշտությունը»,- ասաց հայտնի դաշնակահար, ջազմեն ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Արմեն Հյուսնունցը հավելեց, որ իր հերթին ջազը ազդվել է Արամ Խաչատրյանից:
«Իրատեսը» հետաքրքրվեց՝ «Շարունակություն կունենա՞ «Խաչատրյանը և ջազը» ծրագիրը, կներկայացվի դրսո՞ւմ, նաև ՀՀ մարզերում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆՆ ի պատասխան ասաց, որ նման ծրագիրը չի կարող չներկայացվել: Մարզային ծրագրերին անդրադառնալով՝ ընդգծեց, որ բոլորը հասկանում են մարզերում գործունեություն ծավալելու կարևորությունը, բայց գրեթե ոչ ոք դա չի անում, որովհետև դժվար է: Սեպտեմբերին նվագախումբը համերգներ է ունեցել մարզերում, Սերգեյ Սմբատյանը փաստեց, որ դասական երաժշտության մեջ պահանջարկ կա, իրենց խնդրում են նորից «հետ վերադառնալ»:
Անդրադառնալով էլ «Խաչատրյանը և ջազը» նախագծին, ասաց, որ խաչատրյանական փառատոնի փակմանը տոմսերը սպառվել են համերգից 6-7 օր առաջ, ինչն իր հերթին խոսում է նախագծի հաջողության մասին:
Նշենք, որ Խաչատրյանի անվան փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Երաժշտական այս իրադարձության գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազա» հյուրանոցը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ