Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Այսպես նշվեց լեգենդար Մալխասի 70-ամյակը

Այսպես նշվեց լեգենդար Մալխասի 70-ամյակը
11.12.2015 | 00:05

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ խաչատրյանական միջազգային 3-րդ փառատոնի եզրափակիչ համերգը՝ կարծրատիպեր կոտրելու յուրօրինակ դրսևորմամբ: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Բեմում երկու նվագախումբ էր՝ Հայաստանի պետական երիտասարդականը՝ Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
Համերգային ծրագիրն ամբողջությամբ բաղկացած էր Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, որոնք հնչեցին նորովի՝ սիմֆո-ջազ ոճի համադրումով, մեր անվանի մենակատարներ Վահագն Հայրապետյանի, Կամո Սեյրանյանի, այլոց նվագակցությամբ:
Հանրածանոթ մեղեդիների անսպասելի մատուցումը իսկական հրճվանք էր պատճառում հանդիսատեսին, որոնց թվում էին ՀՀ առաջին տիկինը, արվեստի նշանավոր դեմքեր և պարզ, սովորական երաժշտասերներ:
«Այշեի պարը»՝ «Գայանե» բալետից, և «Վալսը»՝ «Դիմակահանդեսից», հատկապես տպավորեցին, կարծում եմ, ոչ միայն ինձ: «Դիմակահանդեսի» հանրահայտ կտորը Վահագն Հայրապետյանի և Արմեն Հյուսնունցի՝ դաշնամուրասաքսոֆոնային երկխոսությամբ, վկայությունն էր տաղանդավոր անհատականությունների անսահմանափակ երևակայության և կատարողական վարպետության: Իսկ Վահագն Հայրապետյանի կողմից Խորհրդային Հայաստանի օրհներգի կատարումը, գոնե ինձ համար, շատ օրինաչափ էր: Մեկ անգամ չէ, որ նրանից լսել եմ խաչատրյանական օրհներգը «հայրենիք վերադարձնելու» հորդոր-պահանջը: Իսկապես որ մեր երկիրը կարիք ունի ճիշտ կոդավորման, որի կարևորագույն բաղկացուցիչն է օրհներգը: Խաչատրյանական շարականաբույր օրհներգի հնչյունների ներքո մենք վստահաբար կքայլենք ավելի ճիշտ ճանապարհով: Օրհներգի փայլուն կատարումից զատ, այս միտքը նաև բառացի ձևակերպեց իր խոսքում Վահագն Հայրապետյանը:
Համերգի ունկնդրին իրազեկվեց այն մասին, որ Սերգեյ Սմբատյանին շնորհվել է Ֆրանսիայի արվեստի, գրականության կոմանդորի կոչումը: Դա մի կոչում է, որին 1974 թվականին արժանացել է Արամ Խաչատրյանը: Երիտասարդականի դիրիժորը, որ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կատարվող համարների ժամանակ ուշիմ աշակերտի նման ունկնդրում էր կատարումները հենց բեմում՝ անկյունում դրված աթոռին նստած, կատակախառն համեստությամբ արձագանքեց իր պարգևի մասին հայտարարությանը:


Ծրագիրը եզրափակեց օրվա հերոսը՝ 70-ամյա Լևոն Մալխասյանը, որի ծննդյան տարեդարձին էր նվիրված համերգը: Նրա կատարմամբ հնչեցին Առնո Բաբաջանյանի՝ Արամ Խաչատրյանին ձոնված գործերը:
Սիմֆո-ջազ երեկոն Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով հագեցնելը պատահական չէր: Խաչատրյանը ժամանակին այսպես է բնորոշել ջազը. «Ես սիրում եմ ջազը՝ իր պարգևած ուրախության համար: Արվեստի վերաբերյալ ավելի մեծ գովեստի խոսքեր ես չգիտեմ»:
Այդ երեկոն լեցուն էր Խաչատրյանի մատնանշած ուրախությամբ, որի համար մենք պարտական ենք նախ և առաջ տաղանդավոր երաժիշտներին, ապա և՝ համերգի հովանավորներին՝ ՀՀ նախագահի և «ՎիվաՍել» ՄՏՍ-ի գլխավորությամբ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ