Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Խորհրդարանական «պեյզաժ»

Խորհրդարանական «պեյզաժ»
18.03.2016 | 00:59

Հայոց բազմաչարչար խորհրդարանը տրանսֆորմացիների խոր փուլ է թևակոխել: Բոլորն անհանգիստ են՝ կլինե՞ն հաջորդ խորհրդարանում, թե՞ սա իրենց վերջին բեմելն է «Կոզեռնի գերեզմանոցում», որն ունի աշխարհում ամենամեծ հանելուկը. եթե «իր հետ» ես, վանում է, եթե իրենից «հեռու» ես, «կարոտում» ես ու պատրաստ ես ամեն ինչ անելու՝ կրկին «մոտիկ» լինելու համար: «Մոտիկ» լինելու համար ամենքը խելագարվում են յուրովսանն:
Բոլորն են նկատում՝ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությունից հետո Վարդան Օսկանյանը յուրօրինակ երիտասարդացել, թարմացել-թեթևացել է, անորոշությունը փարատվել է, և կյանքը Մինասիչի համար ստացել է նախկին իմաստը: Նրա կողքից ու սենյակից չհեռացող Ստեփան Մարգարյանը չնայած ոչինչ չի անում, սակայն «վաժնի»-պատասխանատու դեմքով ամբողջ օրը մտնում-դուրս է գալիս Օսկանյանի սենյակ: Նույնքան թեթևացած, քամու թևերով: ԲՀԿ պատգամավորները, «հոտն» ու «հովիվը» կորցրածի նման, տարակուսած ողջ օրը պտտվում են միջանցքներով: Իսկ ՀՀԿ «օդիոզները», գեներալներ Մանվելին ու Սեյրանին «բարլուս» անելուց հետո, հավաքվում են Մհեր Սեդրակյանի սենյակում` իրար կիպ կպած, խոսում են` «գազեթից-բանից, անցնող-դարձողից», փորձում են հասկանալ` «բա հետո՞… դե տենց, ախպեր… բա ո՞նց ա ըլնելու... մի բան կըլնի էլի, ախպեր… բա մի բան չանե՞նք` մի բան ըլնի… անողը պտի ասի, որ մենք անենք…»: ՈՒ այդպե՜ս շարունակ։
Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Նիկոլի ու Շմայսի միջև, «օդիոզների» մեջ հույս արթնացրեց, որ` «ոնց որ իրենք հլը պետք են, հը՞. բա որ մենք չըլնենք, եկող պառլամենտին ընդդիմադիրներին ո՞վ ա տեղը դնելու»: «Հա, ախպեր, դուզ ես ասում»:
Զարուհի Փոստանջյանի «միջից» էլ վերջին շրջանում «դևը» գնացել-հետ չէր գալիս. խելոք` մեծամասնության հետ օրինագիծ էր գրում-ջնջում, բայց նախորդ օրը հենց տեսավ Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությանը, «դևը» նորից սկսեց խայտալ Զարուհու մեջ` հիշեց ՀՀԿ-ի տատիկին ու նրա տուն չունենալու սոցիալական-ցավոտ հարցը: Կառավարության գնալուց հետո Զարուհին կրկին խաղա՜ղ-խաղաղ էր:
Մեծ «մեղրամիս» է նաև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի միջև. պարզվեց` նրանք այլևս չեն ուզում գնալ «խոպան», ավելին, այդ ուղղությամբ միասին աշխատելու են, որ մնացածներն էլ չգնան:
Կարծում ենք` դեռ շատ ու շատ ձևափոխումներ կլինեն առաջիկայում. տարին նախընտրական է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ