Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ռեալը» գահընկեց եղավ

«Ռեալը» գահընկեց եղավ
15.07.2016 | 12:58

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների 2016 թվականի նոր, թարմացված աղյուսակը: Հաշվարկը կատարվում է համաձայն ակումբի ունեցած արժեքի՝ ներառյալ պարտքերը: Գնահատման գումարելիներից են ինչպես տոմսերի վաճառքից, այնպես էլ խաղերի հեռարձակումներից, գովազդից, ակումբային ատրիբուտիկաներից ու հարակից այլ բաներից առաջացող եկամուտները:


Վերջին երեք տարում ֆինանսական Օլիմպոսի գագաթն առաջին անգամ լքեց մադրիդյան հանրահայտ «Ռեալը»՝ առաջնությունը զիջելով ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ «Դալասին»:


Տեխասյան «կովբոյներն» առաջատար հնգյակում առաջին անգամ հայտնվեցին 2014 թվականին: Այն ժամանակ նրանց գանձարանում կար 2,3 միլիարդ ամերիկյան դոլար: Մեկ տարի անց ինը հարյուր միլիոնով հարստացած «Դալասն» արդեն երկրորդն էր՝ երկրորդ-երրորդ հորիզոնականը կիսելով «Նյու Յորք Յանկինզ» բեյսբոլային ակումբի հետ, իսկ հիմա, ինչպես արդեն ասել ենք, առաջինն է չորս միլիարդ կարողությամբ: Նրա 800-միլիոնանոց քայլին 3,26 միլիարդ ունեցող Մադրիդի «Ռեալը» կարողացավ պատասխանել ընդամենը մոտ չորս հարյուր միլիոնի հավելումով:


Անցած տարվա նահանջից հետո եռյակ է վերադարձել կատալոնյան «Բարսելոնը»՝ ունեցածը 3,16 միլիարդից հասցնելով 3,55 միլիարդի, իսկ քառյակը եզրափակում է վերն արդեն իսկ հիշատակված «Նյու Յորք Յանկինզը» (3,4 միլիարդ ամերիկյան դոլար): Ինչ վերաբերում է 2011-2012 թթ. աշխարհի ամենահարուստ ակումբին՝ անգլիական «Մանչեստր Յունայթեդին», այն շարունակում աղքատանալ: Ամերիկյան Գլեյզեր ընտանիքին պատկանող սեփականության կարողությունը 3,32 միլիարդ ամերիկյան դոլար է: Այս ցուցանիշով ակումբը եզրափակում է լավագույն հնգյակը:


Forbes-ն ավելի վաղ հրապարակել էր նաև ամենաշատ վարձատրվող անձանց ցուցակը: Մարզաշխարհի ներկայացուցիչներից լավագույն տասնյակում տեղ էին գտել միանգամից երկու հոգի՝ ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն (Մադրիդի «Ռեալ») և Լիոնել Մեսին («Բարսելոն»): Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին վաստակել է ութսունութ (չորրորդ հորիզոնական), Մեսին՝ 81,5 միլիոն դոլար (ութերորդ հորիզոնական):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ