Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Անտարբերության պատն ավելի հզոր դուրս եկավ»

«Անտարբերության պատն ավելի հզոր դուրս եկավ»
10.01.2017 | 09:25

Երիտասարդ արձակագիր ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ մեր ճեպազրույցը մարզերում տիրող գրական մթնոլորտի, գրող-ընթերցող հարաբերությունների մասին է: Արմինեն բնակվում է Գավառ քաղաքում:


-Գրական միջավայր ասվածը կա՞ մարզերում, տվյալ դեպքում` Գեղարքունիքում:
-Չէի ասի, թե կա: Շատ պասիվ ենք, ու դա բոլորիս մեղքն է: Մի հինգ տարի առաջ ես փորձեր արեցի աշխուժացնելու մթնոլորտը, բայց անտարբերության պատն ավելի հզոր դուրս եկավ:
-Մայրաքաղաքի հետ կապի մասին ի՞նչ կասեք:
-Եթե հնարավորություն ու ժամանակ ներդնենք, ապա շատ սերտ կապ կարող ենք ունենալ մայրաքաղաքի հետ. երևանյան գրական կյանքը բաց է հետաքրքրվողներին ընդունելու համար:
-Համացանցը կրճատո՞ւմ է հեռավորությունը:
-Համացանցի միջոցով եմ կապ հաստատել հայաստանյան ու դրսի խմբագիրների հետ, տպվել, կարդացվել, ներկայացվել: Ինքս գրական կայք ունեի՝ armgrak.info-ն, որը հիմա տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես փակ է:
-Դուք և՛ գրական մամուլում եք ներկայանում, և՛ գիրք ունեք («Պատմվածքներ»): Մարզերում գրողների հանդեպ վերաբերմունքն ինչպիսի՞ն է, կա՞ հետաքրքրություն:
-Մարզերում հեղինակները ներկայանում են հիմնականում գրադարանների, դպրոցների կամ համալսարանների միջոցով: Հետաքրքրությունն ավելի մեծ է ծանոթների շրջանակում:
-Քանի՞ գրախանութ կա Գավառում, պահանջարկ վայելող գրքերը հասնո՞ւմ են մարզային գրադարաններ ու գրախանութներ:
-Գրախանութներում հիմնականում մանկական պահանջվող գրականություն է վաճառվում: Գավառում կա երկու գրադարան, գրախանութների թիվը ստույգ չեմ կարող ասել, բայց քիչ են: Հիմնականում վաճառում են Press Stand-ի ուղարկած գրքերն ու ամսագրերը: Ժամանակակից գրականություն չեն բերում, բայց եթե պատվիրես, կարծում եմ՝ կհասցնեն:
-Ի՞նչ կմաղթեք գրողներին և ընթերցողներին նոր տարում:
-Կուզեի, որ կենցաղային հոգսերը չկաղապարեին մեզ, փորձեինք կարևորել նաև հոգևոր սնունդը: Նոր տարին թող եռանդ ու անսպառ մուսա բերի գրողներին, իսկ ընթերցողներին՝ նոր աշխարհներ բացահայտելու ցանկություն:

Ճեպազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ