Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իշխանությունը քանի՞ «ֆլանգով» է գնալու

Իշխանությունը քանի՞ «ֆլանգով» է գնալու
15.09.2017 | 00:17

2018 թվականն ինքնին մեծ հետաքրքրություն չի ներկայացնում իրենից, որովհետև գրեթե պարզ է` որտեղ են «ձմեռելու խեցգետիններն» այդ օրերին, ումով և ինչու, անգամ աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում: Ֆորս մաժորի համար փոքրիկ սողանցք թողնելով` մնացյալ քաղաքական զարգացումների համար արձանագրենք` «Վարչապետ-18» նախագիծը վաղուց գծված է, խաղացողներն էլ խելոք շարված են խաղատախտակին:
Խաղատախտակի վրա առկա «ֆլանգները» չորսն են` Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան և, որքան էլ զարմանալի է, Տիգրան Սարգսյան, որը, ըստ ամենայնի, «կծածկի» «իքս» թեկնածուին:


Սկսենք վերջից. Տիգրան Սարգսյան։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, վարչապետությունում առանձնապես չհաջողած, ԵԱՏՄ-ի կոլեգիայի նախագահությունում գրեթե աննկատ Տիգրան Սարգսյանն է իրականացնում Հայաստան-Ռուսաստան «ուղիղ կապը». բացի Սերժ Սարգսյանից, մնացյալք, այդ թվում` հայտնի «ֆորբսահայերը», նրա միջոցով են հարցեր կարգավորում Ռուսիո էլիտար կաբինետներում: ՈՒստի Տիգրան Սարգսյանի ծառայությունները կրկին կարող են անհրաժեշտ լինել, որովհետև կյանքը ցույց է տվել, որ նա աննկատ «անհատ» լինելուց զատ, նաև ֆունկցիա է: Եվ, ինչպես վերևում ասացինք, ինչ-որ պահի կարող է մտնել խաղի մեջ` ծածկելու ցանկացած «իքս» թեկնածուի: Սա, իհարկե, այս «պրոյեկտում» քիչ հավանական տարբերակն է:


Գագիկ Ծառուկյան։ Որ ասում ենք` Ծառուկյան, ուրեմն «Արուսը»` Հովիկ Արգամիչը, հետն է: Հատորներ կարելի է լցնել այս դուետի և առկա իշխանությունների մասին ասքով, սակայն շատ կարճ ասենք. որքան էլ Ծառուկյանի (չմոռանանք` հետը «Արուս» կա) ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների պարույրը գորդյան հանգույցներ ունի, այնուհանդերձ, Ծառուկյանը այն խաղացողների թվում է, որը ցանկանում է, որ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը: Չհաշվարկենք Ծառուկյանի աշխարհաքաղաքական ազդեցության ամպլիտուդը (իսկ այն հաստատապես առկա է, և ոչ միայն Բատկա Լուկաշենկոյի ու արաբական աշխարհի մասով, այլև ավելին), պարզապես հիշենք, որ պառլամենտում նա երկրորդ ուժն է, որն էլ օրերս խիստ հրապարակային հայտարարեց, որ «սիրում է» ՀՀԿ-ին ու պատրաստ է վերջինիս հետ կոալիցիա կազմելու: Սիրում եք` կամուսնանաք, ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ապագայում սպասվելիք զարգացումների մասով: Ի դեպ, արձանագրենք, որ քաղաքականություն վերադարձից հետո Ծառուկյան-Սարգսյան հարաբերությունները խիստ են ջերմացել, դրանք քաղաքագիտական-հոգեբանական-օկուլտիստական վերլուծության ենթարկելու պահը չէ, այնուհանդերձ, հայաստանյան քաղաքական վերնախավի «ներկապնակում» Ծառուկյանի համար իր ակտիվները (հիշենք, որ հետը էլի մարդ կա) պահպանելու տեսանկյունից ամենավստահելի գրավականը հենց Սերժ Սարգսյանն է: Իր հերթին Ծառուկյան-Աբրահամյան դուետը շատ լավ է հասկանում նաև իր հավասարակշռող դերակատարությունը 2018-ին ընդառաջ` Կարեն Կարապետյանի վարչապետության «մասով»:


Հասանք Կարեն Կարապետյանին: Վերջինս նույնպես միայնակ չի խաղում: Աշխարհաքաղաքական նրա խաղին իր «հմայքն» է ավելացնում ոչ անհայտ ֆորբսահայ Սամվել Կարապետյանը: Այս «ֆլանգի» խաղն առավել քան բարդ է, անգամ իրենց համար, որովհետև խաղը վարում են մագիստրոսի, «խաղատախտակների» գիտակի հետ: Բայց և իրենք էլ են խելացի խաղում. նախ` Սամվել Կարապետյանը դանդաղորեն դառնում է էներգետիկ արքա (բան է, եթե հանկարծ ատոմակայանն էլ, լրջագույն ներդրումների դիմաց, կառավարման հանձնեն նրան, ապա…), իսկ Հայաստանի նման երկրում ով տիրապետում է էներգետիկ «վահանակին», ինչ-որ մի պահի կարող է և «երաժշտություն պատվիրել», երկրորդ` ինչպես երևում է, նա բավականին երկար խաղի է պատրաստվում:
Հենց այդ առումով էլ Կարապետյաններ-Սերժ Սարգսյան հարաբերություններն առանձնանում են նուրբ առանձնահատկություններով։
(շարունակելի)


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ