Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Բավարիան» կուլ կտա՞ վիրավորանքը

«Բավարիան» կուլ կտա՞ վիրավորանքը
30.09.2017 | 14:28

Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների երկրորդ տուրը նշանավորվեց թոփ ակումբներից «Պարի Սեն Ժերմեն»-«Բավարիա», «Աթլետիկո»-«Չելսի», Դորտմունդի «Բորուսիա»-«Ռեալ» դիմակայություններով, որտեղ կային գերազանց որակի խաղ, կրքերի ահռելի պոթկում, ինչ-որ չափով անկանխատեսելի հաշվով արդյունքներ:


A ԽՈՒՄԲ
«Բազելից» հետո «Մանչեստր Յունայթեդն» անցավ և ԲԿՄԱ-ի վրայով` շվեյցարացիների հետ ունեցած հանդիպման օրինակով պահպանելով երեք գնդակի տարբերությամբ հաղթելու սկզբու՞նքն ասենք, թե՞ օրինաչափությունը: Առաջ անցնելով, սակայն, ասենք, որ 1:4 հաշվով պարտության համար ռուսներն իրենց մոխրաթաղ անելու իրավունք չունեն թեկուզ և այն պատճառով, որ կարողացել են խոցել մրցակցի դարպասը: Ինչպես տեսնում եք, լավ զգալու համար այնքան էլ շատ բան պետք չէ, իսկ մենք ուրախանանք նրանով, որ գոլերից մեկի հեղինակը մեր տղան է՝ Հենրիխ Մխիթարյանը:
Բոլորովին անսպասելի ավարտ ունեցավ «Բազել»-«Բենֆիկա» դիմակայությունը: 0:5 հաշվով պարտության համար պորտուգալացիներին չի կարող արդարացնել անգամ այն հանգամանքը, որ խաղի զգալի հատվածն անցկացրել են տասը հոգով:
Վեց միավորով առջևում է «Մանչեստր Յունայթեդը», երեքական միավոր ունեն «Բազելն» ու ԲԿՄԱ-ն:

B ԽՈՒՄԲ
«Պարի Սեն Ժերմեն»-«Բավարիա» հանդիպումից հետո գերմանացիները դեռ երկար կհիշեն Փարիզում իրենց գլխին եկածը, սակայն մխիթարության մի փոքրիկ շող, այնուամենայնիվ, կա. ՊՍԺ-ն տարեսկզբին այս նույն Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյօֆյան փուլում երեքի փոխարեն 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնին»: Իհարկե, պատասխան խաղում կատալոնցիները մրցակցի ողնաշարը պարզապես կոտրեցին, սակայն ի վիճակի՞ է արդյոք է նույնն անելու և «Բավարիան». սա արդեն հարցերի հարցն է, որի պատասխանը կիմանանք մյունխենյան հանդիպումից հետո միայն:
«Սելտիկի» հետ հանդիպումն «Անդերլեխտն» անցկացրեց առանց գլխավոր մարզչի (հեռացրել են ոչ թե «Բավարիայից» կրած պարտության, այլ ներքին առաջնությունում չափազանց թույլ մեկնարկի համար): Թիմի ղեկավարումը ստանձնած անձնակազմը, ի ցավ երկրպագուների, չկարողացավ ֆուտբոլիստների գործողությունների մեջ բեկում մտցնել: Արդյունքում՝ պարտություն 0:3 հաշվով:
«Պարի Սեն Ժերմենն» ունի վեց միավոր, երեքական միավորով երկրորդ-երրորդ տեղերում են «Բավարիան» ու «Սելտիկը»:

C ԽՈՒՄԲ
«Չելսին» Մադրիդ էր ժամանել Չեմպիոնների լիգայի 2013-2014 մրցաշրջանի մեկ քառորդ եզրափակչի ծանր ապրումները թոթափելու վճռականությամբ: Արդեն առաջին խաղակեսին Անտոնիո Կոնտեի սաները կարող էին վճռել հանդիպման ելքը. դարպասը գրավելու երեք փայլուն հնարավորություն ունեցավ Ալվարո Մորատան, իսկ Էդեն Ազարի հարվածը հետ մղեց դարպասաձողը: Արդյունքում գործեց չգրված օրենքը` չես խփում դու, խփում են քեզ: Շնորհիվ Անտուան Գրիզմանի, «Աթլետիկոն» հանդերձարան գնաց հաշվի մեջ առաջ անցած: Հանդիպման 60-րդ րոպեին «Չելսին» նախ կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ հավելյալ ժամանակում Բաչուայը իր թիմի համար կորզեց հաղթանակը:
Օգտվելով տան պատերի էներգետիկայից` «Ռոմայի» հետ մրցավեճում «Ղարաբաղը» թեև շատ համառեց, սակայն այդպես էլ չկարողացավ խուսափել պարտությունից` 1:2:
Վեց միավորով առաջին հորիզոնականում «Չելսին» է, «Ռոման» ունի չորս միավոր: Անհանգստացնողն «Աթլետիկոյի» ունեցած մեկ միավորն է ու երրորդ տեղը, սակայն առջևում բավական տարածություն կա անցնելու:

D ԽՈՒՄԲ
Մինչև «Բարսելոնի» հյուր գալը, ընթացիկ մրցաշրջանում պորտուգալական «Սպորտինգը» չգիտեր պարտություն ասվածը: Սա, անշուշտ, լավատեսության մղող տրամադրություն էր թիմի երկրպագուների համար: Առաջ անցնելով ասենք, որ «Սպորտինգը» կատալոնցիներին զրկեց իր դարպասը գրավելու հաճույքից` գերադասելով դա անել անձամբ: Այդ դժբախտը Կոատեսն էր:
«Սպորտինգ»-«Բարսելոն» անդիտարժան հանդիպման կողքին բավականին լարված ստացվեց «Յուվենտուս»-«Օլիմպիակոս» դիմակայությունը, որտեղ իտալացիները հյուրերի կատաղի դիմադրությունը կարողացան կոտրել լոկ երկրորդ խաղակեսում` 2:0

E ԽՈՒՄԲ
«Սևիլիան» խմբային իր երկրորդ հանդիպումը նշանավորեց «Մարիբորի» նկատմամբ տոնած հաղթանակով` 3:0: Վերջինս այդպես էլ ոչինչ չկարողացավ հակադրել անհամեմատ բարձր կարգ ունեցող մրցակցին:
Խմբային մյուս դիմակայությունը Մոսկվայի «Սպարտակի» ու անգլիական «Լիվերպուլի» միջև էր: Այստեղ գրանցվեց օրվա միակ ոչ-ոքին: 1:1 հաշիվը, անկասկած, հօգուտ ռուսների էր: Պատահական չէ, որ ողջ ռուսական լրատվական դաշտը լցված է սպարտակցիներին ուղղված դիֆիրամբներով:
Այս խմբում առաջատարությունը չորս միավորով ստանձնել է «Սևիլիան»: Երկուական միավոր ունեն երկրորդ-երրորդ տեղերում գտնվող «Լիվերպուլն» ու «Սպարտակը»:

F ԽՈՒՄԲ
Պեպ Գվարդիոլայի ղեկավարած բոլոր թիմերն էլ իրենց սուրբ պարտքն են համարել «Շախտյորին» հաղթելը: Բացառություն չեղավ և «Մանչեստր Սիթին», որը հաղթանակ տոնեց երկու անպատասխան գնդակի առավելությամբ: Այս խաղում անհամեմատ հիշարժան բան կարող էր լինել, եթե գոլի հեղինակ դառնար Սերխիո Ագուերոն, ինչը հնարավորություն կտար արգենտինացուն կրկնելու Էրիկ Բրուկի սահմանած ակումբային ռեկորդը: Սակայն այդ օրն Ագուերոյինը չէր, որը «հաջողեցրեց» անգամ տասնմեկմետրանոցը ձախողել:
Խմբի երկրորդ հանդիպումը «Նապոլիի» ու «Ֆեյենորդի» միջև էր: Սկուդետեում փայլուն մեկնարկած «Նապոլին», մինչև ավելացված ժամանակը, հանդիպումը շահում էր 3:0 հաշվով: Վերջին վայրկյաններին հոլանդացիներին հաջողվեց «թրջել» հաշիվը, սակայն դա ընդամենը թեթև մխիթարություն էր: Առաջին հորիզոնականում «Մանչեստր Սիթին» է (6 միավոր), երկրորդ-երրորդ հորիզոնականում են երեքական միավոր վաստակած «Շախտյորն» ու «Նապոլին»:

G ԽՈՒՄԲ
Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի կիսաեզրափակչի մասնակիցներից մեկը` «Մոնակոն», անսպասելի խոշոր հաշվով (0:3) զիջեց հյուր ժամանած «Պորտուին»: Մնում է միայն ավելացնել, որ մոնեգասկները շատ ավելի ողբերգական տեսք կունենային, եթե չլիներ նրանց դարպասապահ Դիեգո Բենալիոն: Ինչ վերաբերում է խմբային մյուս հանդիպմանը, «Բեշիկթաշը», որը երեք միավորով բավականին անսպասելի ստանձնել էր խմբի առաջատարությունը, հեշտությամբ լուծեց և գերմանական «Լայպցիգի» հարցերը (2:0), որը, ի դեպ, իր առաջին արտագնա մրցելույթն էր ունենում այս հեղինակավոր խաղարկությունում: Երկրորդ հորիզոնականում երեք միավոր ունեցող «Պորտուն» է: «Լայպցիգն» ու «Մոնակոն» ունեն մեկական միավոր:

H ԽՈՒՄԲ
Կիպրոսում տեղի ակումբի հետ «Տոտենհեմի» մրցակցությունը (0:3) հանգիստ կարելի է անվանել «ԱՊՕԵԼ-Հարի Քեյն դիմակայություն», քանզի անգլիացի հարձակվողն իր թիմակիցներին մեծահոգաբար ազատել էր գոլ խփելու հոգսից: Օգոստոս ամսվա գոլային պարապուրդի կողքին սեպտեմբերին տարբեր խաղարկություններում նրա խփած 11 գոլը պարզապես գերազանց արդյունք է: Դրանցից հինգը բաժին է հասնում Չեմպիոնների լիգային:
Բունդեսլիգայում հզոր մրցելույթներով ապշեցնող Դորտմունդի «Բավարիան» այդպես էլ չի կարողանում իր տեղը գտնել Չեմպիոնների լիգայում: «Տոտենհեմից» հետո նրան երկրորդ պարտությունը հասցրեց Մադրիդի «Ռեալը»` 3:1: Իհարկե, որոշակիորեն դժվար է ասել, թե իրադարձություններն ինչ զարգացում կստանային, եթե հանդիպման մրցավարը «հաշվեր» Սերխիո Ռամոսի ակնհայտ ձեռքով խաղը. գնդակը դատարկ դարպասից դուրս հանելը ոչ միայն տասնմեկմետրանոց է նշանակում, այլև խաղացողի հեռացում, սակայն պատմությունը «եթե»-ները միայն զգայական մակարդակում է քննության վերցնում: «Արքայականից» գոլերի հեղինակ են դարձել Գարետ Բեյլն ու դուբլ ձևակերպած Քրիշտիանու Ռոնալդուն:
Առաջին երկու հորիզոնականում վեցական միավորով «Տոտենհեմն» ու Մադրիդի «Ռեալն» են: Հետաքրքիր է, որ նրանց խփած-բաց թողած գնդակների հարաբերակցությունն էլ նույնն է` 6:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ