Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Մեզ թարմ արյուն է պետք»

«Մեզ թարմ արյուն է պետք»
10.10.2017 | 09:30

Վաղը կայանալիք հանդիպումներով կավարտվեն ֆուտբոլի 2018 թ. առաջնության եվրոպական գոտու խմբային փուլի հանդիպումները: Եզրափակչի ուղեգիր, ինչպես հայտնի է, ստանում են խմբայինն առաջին տեղում ավարտածները: Նրանց կմիանան երկրորդ տեղում հայտնված լավագույն ութ թիմերից այն չորսը, որոնք կհաղթեն անցումային խաղերում: Երեկվա հանդիպումները չհաշված (դրանք ավարտվել են ուշ երեկոյան)` եզրափակչի ուղեգիր են նվաճել Գերմանիայի, Անգլիայի, Լեհաստանի ընտրանիները:


Ինչ վերաբերում է մեր ընտրանուն, այն խմբայինի վերջին հանդիպումն անցկացրել է Ղազախստանի հավաքականի հետ, արձանագրել ոչ-ոքի արդյունք: Մերոնցից գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը: Ավելացնենք, որ սա մրցաշարում Հայաստանի հավաքականի միակ ոչ-ոքին էր: Մնացած ինը խաղից յոթում մերոնք պարտություն են կրել, երկուսն ավարտել են հաղթանակով` խմբայինում յոթ միավորով տեղ զբաղեցնելով նախավերջին՝ հինգերորդ, հորիզոնականում:


Հետխաղյա մամլո ասուլիսում այն հարցին, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի ներկայիս հավաքականի ապագան, ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ի մասնավորի ասել է. «Եթե սա առավելագույնն է, ապա մենք անելիք չունենք գալիք ընտրական փուլում: Լեհաստանի հետ խաղից հետո ասել եմ, հիմա էլ կասեմ, որ մեզ թարմ արյուն է պետք: Ընտրանու հիմնական կորիզը երկար տարիներ է, ինչ ֆուտբոլ է խաղում, և գալիս է ժամանակ, երբ պետք է ինչ-որ բան փոխել: Հիմա ինչ-որ բան փոխելու ամենահարմար պահն է: Նույն խաղով մենք գալիք ընտրական փուլում ընդհանրապես հնարավորություններ չենք ունենա: Այսօր մեր ընտրանու կազմում երկու նորեկների տեսանք: Հուսով եմ` հետագա նման դեպքերը հաճախ կլինեն»:


Մեր կողմից ավելացնենք, որ այդ թարմ արյունն իսկապես պետք է, սակայն եթե այն ակնկալվում է հանրապետության առաջնությունից, ուրեմն ամեն ինչ անվերադարձ կորած է, քանի դեռ մեր ֆուտբոլային տնտեսությունում ֆեոդալական բարքերն են տիրում, քանի դեռ խաղադաշտ դուրս եկող թիմի կազմը որոշվելու է մեկ անձի հայեցողությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ