ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

«Որտեղի՞ց ես»

«Որտեղի՞ց ես»
30.05.2025 | 21:43

Այս հարցը գրեթե ամեն օր եմ լսում։

Համոզված եմ՝ ձեզ հետ էլ նման բան շատ է պատահում։ Գրասենյակում, խանութում, բժշկի մոտ։

Իմ անունն արդեն իսկ հուշում է՝ սա գերմանացի չէ։

Եվ ամեն անգամ սկսվում է արդեն ծանոթ արարողությունը. բացատրում եմ, թե որտեղ է Հայաստանը, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, որ Հայաստանը փոքրիկ երկիր է Կովկասում։

Երբեմն մարդիկ քաղաքավարի ժպտում են, երբեմն էլ մեզ շփոթում են ուրիշների հետ։

Ես արդեն վարժվել եմ սրան։

Բայց կա մի վայր, ընտանիքից ու ընկերական

շրջապատից դուրս, որտեղ մի այլ կերպ ես քեզ զգում, անգամ օտարության մեջ:

Խոսքս մի վայրի մասին է, որն անկախ այն բանից, անկախ նրանից, թե որ երկրում եմ գտնվում, գոնե ինձ համար, մնում է մի կտոր հայրենիք։

Ինձ համար այդ վայրը Հայ Առաքելական Եկեղեցին է։

Երբ տեսնում եմ մեր համայնքի անդամներին, որոնք երկար ժամանակ եկեղեցի չեն եկել, հարցնում եմ․ «Որտե՞ղ էիր»։

Իմ հարցը երբեք հաշվետվության պահանջ չէ կամ քննադատություն չէ։ Դա հոգատարության դրսևորում է։ Մարդու հանդեպ, ում ճանաչում ես, ով քեզ հոգեհարազատ է դարձել, ում ներկայությունը քեզ համար կարևոր է։

Ոչ թե «որտեղի՞ց ես», այլ՝ «ու՞ր էիր»։

Չգիտեմ՝ արդյոք կարողանում եմ ճիշտ ձևակերպել իմ միտքը, բայց հենց այդ հարցում ես զգում եմ մի մեծ տարբերություն։

Իսկ ով լսում է այդ հարցը, վստահ եմ՝ հասկանում է. այստեղ պետք չէ բացատրել, թե որտեղից ես։

Այստեղ ես ճանաչում եմ բոլորին՝ անուններով, պատմություններով։ Ինձ էլ են ճանաչում։ Այստեղ մենք խոսում ենք նույն լեզվով՝ ոչ միայն հայերենով, այլև հիշողությունների լեզվով, արմատների, պատկանելության լեզվով։

Այստեղ իմ կարիքը զգում են, երբ երկար բացակայում եմ։ Սա իմ հայրենի տունն է։

Մեր համայնքի անդամներից մեկը մի օր պատմում էր, որ ընտանիքում միշտ փորձել են խոսել այս թեմայի շուրջ, հատկապես երբ երեխաները փոքր էին ու իրենց կյանքում այլ առաջնահերթություններ ունեին։ Նա ասում էր․

«Այսօր, երբ սկսվեց Սուրբ Պատարագը, և ծանոթ շարականները ու խնկի բույրը լցրեցին եկեղեցին, մտածեցի աղջկաս մասին։ Նա հաճախ էր ասում՝ «Պա՛պ, սա ինչի՞ համար է։ Ես չէ՞ որ գերմանացի եմ»։

Ես նրան ասում էի՝ «Որովհետև սա մեր ավանդույթն է»։ Բայց այսօր ես կասեի այլ կերպ․

«Միգուցե դրա կարիքն ունես, որպեսզի իմանաս, թե ում ես պատկանում, երբ աշխարհը քեզ հարցնի՝ որտեղի՞ց ես։

Միգուցե քեզ անհրաժեշտ է այնպիսի մի վայր, որտեղ քեզ ասեն՝ «Որտե՞ղ էիր։ Քեզ կարոտել էինք»։ Մի վայր, որտեղ քո անունը օտար չի հնչում»։

Այո՛, հենց այդ է մեր եկեղեցին։

Մեր Հայ Առաքելական Եկեղեցին, որը սփռված է ողջ աշխարհով։ Բոլոր իր և՛ լավ կողմերով, և՛ թերություններով։

Բայց, անկախ ամենից, սա այն վայրն է, որտեղ ես ունեմ իմ յուրահատուկ հարաբերությունը Աստծո և մեր հայ համայնքի հետ։

Այստեղ է, որ իմ պատմությունը նշանակություն ունի։ Այստեղ ես օտար չեմ։

Քո հավատքը։

Քո լեզուն։

Քո մշակույթը։

Քո ուժը։

Օտարության մեջ քո տունը։

Սա է քո Հայ Առաքելական Եկեղեցին։

Սիրով սպասում ենք ձեզ, սիրելի հայրենակիցներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ:

Մի՛ մոռացեք այն ճանապարհը, որ տանում է դեպի հայ եկեղեցի:

Ձեր աղոթարար`

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 6769

Մեկնաբանություններ