ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Մի ձիգ թափոր

Մի ձիգ թափոր
18.01.2026 | 13:20

Անցնում եմ հնչեղ մայրուղիներով,

և ի՜նչ տեսադաշտ, ի՜նչ գրավչություն -

պատկերներ՝ զարդուն, գծագրական,

ձեռակերտ, սակայն Արարչին վայել,-

մի գերիրական տեսիլաշար է

խաղարկվում ասես գալիքին ի սեր,-

բայց աչքիս առաջ բացվում է դարձյալ

նույն տեսարանը համր ու մելամաղձ -

մի ձիգ թափոր է շարժվում թևաթափ

խամրած լեռների ոլորաններով…

Այսու՝ ճախրանքի մարմին եմ ազատ,

հեշտ աղերսվում եմ չորս ծագերի հետ,

բայց հոգիս անվերջ ինքնավառվում է

մի փոքրիկ, դողդոջ, պարապ երկրի մեջ,

և շարանները մտապատկերաց,

որ ձևեր ունեն գեղագրական,

կերպախեղվելով փռվում են տարտամ

նույն տեսարանի տիրության առաջ –

մի ձիգ թափոր է շարժվում թևաթափ

խամրած լեռների ոլորաններով…

Բազմապատկվում են լույսերը ցնծուն

բյուր անկյուններում երկրատարածքի -

և քառակի է արյունը հեղվում

խրախճանային թնդուն գինու պես,-

կարմիրն է հոսում վտակ առ վտակ

ոստաններով ու խաչված սրտերով,

որ ծովանում է ժամանակների

ու խղճի խավար անդունդների մեջ,-

քանզի դեռ ոգու քաղցն է մոլեգնում,

դավադիրներն են ժամապահ կարգված,

և օրն ինչքան էլ վետվետա խայտուն,

նույն տեսարանն է կրկնահառնելու –

մի ձիգ թափոր է շարժվում թևաթափ

խամրած լեռների ոլորաններով…

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ