Քաղաքական դիրքորոշումների վերադասավորումներն ու շրջադարձային փոփոխություններն ուղղակի շշմեցուցիչ են: Այնպիսի արագությամբ են դրանք տեղի ունենում և այնպիսի անհավանական սցենաներով, որ դժվար է հասկանալ, թե ով ում բարեկամն է կամ դաշնակիցը, ո՞վ է պարտվել , ո՞վ է հաղթել, ո՞վ ումից ինչ է ուզում և կամ ո՞վ է կրում մեղքի բաժինը:
Իհարկե, ասվածս չի վերաբերում ՀՀ «քաղաքագետ» ռահվիրաներին, որոնք բոլոր հարցերի պատասխանը գիտեն 100%-ով և շատ «իմաստալից կանխատեսումներ» են անում: Ի դեպ, իրադարձությունների ու զարգացումների մեկնաբանման և բացատրության գործում դժվարանում են նույնիսկ ամերիկյան և եվրոպական փորձագիտական շրջանակները. բավական է մեկ-երկու օր հետևել նրանց, և կհամոզվեք ասածիս մեջ: Բայց դե, մերոնք «պրոբլեմ» չունեն, Թրամփից, Պուտինից և մյուս ղեկավարներից առաջ իրենք գիտեն, թե որը որից հետո է, և ի ցույց են դնում իրենց մտավոր կարողությունները:
Վերադառնանք ներկա բարդ իրողություններին: Իսկապես՝ յուրաքանչյուր օրը նոր անակնկալ է մատուցում: Զելենսկին խրոխտ հայտարարում էր, որ տարածքների հարցում զիջումների չի գնում և բանակցելիս այն չի քննարկելու, դրա համար էլ Դավոս չի գնալու: Հետո Թրամփը նայեց դահլիճում նստածներին և ակնարկեց, թե ինչու՞ Զելենսկին այստեղ չի: Դրանից մի քանի ժամ հետո Զելենսկին իր շքախմբով Դավոսում էր, հանդիպեց Թրամփին և խիստ անտրամադիր հեռացավ: Այնուհետև հաջորդեց ամերիկյան պատվիրակության մեկնումը Մոսկվա, չորս ժամ բանակցություններ Պուտինի հետ և մեկնումը Միացյալ Էմիրություններ: Այստեղ նորից Ուիտկոֆն ու Քուշները, անցած օրը, առանձին-առանձին նորից դժվար և լարված բանակցություններ էին վարում: Պարզ չէ՝ կրկին զիջու՞մ է Զելենսկին, թե՞ ոչ: Նորություն էր նաև այն, որ միջնորդական առաքելությունն իր վրա վերցրած Թրամփը պատերազմի մեղքը բարդեց եվրալիդերների վրա, նրանց մեղադրեց 2020 թ. ընտրությունների կեղծմանը աջակցելու մեջ: Եվ եզրահանգում՝ եթե չկեղծվեր, անգործունակ Բայդենը իշխանության չէր գա, բնականաբար, պատերազմ էլ չէր լինի: Ուրեմն, պատերազմի «բորշչը» ոնց եփել եք, այնպես էլ «կերեք»: Հիշարժան էր նաև այն, որ Մակրոնը, Մերցը և Սթարմերը «Խաղաղության խորհրդին» շատ կասկածանքով են վերաբերվում, բայց ահագին մեղմացրել են հռետորաբանությունը Պուտինի նկատմամբ: Մեկ այլ նորույթ. Թրամփն ընդգծում է այն միտքը, որ անվտանգության ոլորտում 70-80 տարի ձրիակերներ են պահել՝ հանձինս ԵՄ-ի, հիմա, եթե նույն կոլեկտիվ անվտանգության համար Գրենլանդիայի հարցով չեն աջակցում, ուրեմն, բացառված չի, որ ԱՄՆ-ը լքի ՆԱՏՕ-ն: Մակրոնն էլ պատասխանեց, որ հերիք է ենթարկվել ամերիկյան դիկտատին: Մերցն էլ մի անսպասելի ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքեց Մելոնիի հետ. փաստորեն, նատօյական դաշնակիցները, ի զարմանս բոլորի, նո՞ր են ռազմավարական դաշինք կնքում:
Այսպես որ թվենք, Իրանի շուրջ իրարամերժ հայտարարություններին էլ անդրադառնանք, կարող է և նորից խճճվենք:
Ահա այսպիսի տպավորություններ Դավոսից առաջ, Դավոսում և Դավոսից հետո:
Հուսով ենք՝ վերջը լավ կլինի:
Գարիկ Քեռյան