Ի՞նչ է պետք երկրին առաջ գնալու, առաջընթաց ունենալու համար:
Երկրին պետք է, որ այդ երկրի բնակչությունը արդարություն տեսնի, այսինքն, երկրում արդար մթնոլորտ լինի:
Օրինակ` Սովետը զարգանում էր, երբ գիտնականն ու ակադեմիկոսն ավելի լավ էին ապրում միսկոմբինատի վարորդից: Ոչ մեկը դրանից չէր նեղվում: Մարդիկ ուզում էին, որ իրենց երեխան դառնա գիտնական: Սովետը սկսեց քանդվել, երբ միսկոմբինատի վարորդը սկսեց ակադեմիկոսից լավ ապրել:
Հայաստանը փոքր երկիր է՝ շատ քիչ բնակչությամբ: Հայաստանում շատ հեշտ է գտնել տվյալ ոլորտի ամենալավ մասնագետին: Չինաստան չի, Ռուսաստան չի, Ամերիկա չի:
Ընդամենը մի 10-12 ոլորտում եթե գտնվեն այդ ոլորտի ամենալավ մասնագետները և սկսեն արդար ղեկավարել այդ ոլորտը՝ երկիրը մեծ թափով առաջ կգնա:
Հա, հաճախ է լինում, երբ լավ մասնագետը չի լինում լավ ղեկավար: Էդ դեպքերում գտնվում է լավ ղեկավարելու ձիրք ունեցող, կողքին էլ՝ լավ մասնագետը: Ընդամենը դա:
Հայաստանի դեպքում մի 100-120 նորմալ մարդ է պետք, որ երկրում արդարության մթնոլորտ լինի, և պետությունը զարգանա ու թափով առաջ գնա:
Նայում ես` ոչ մի ոլորտում չկան: Փողոցից նշանակված, ընդամենը իրենց կողմնակից լինելու հանգամանքով ղեկավար են դառնում մարդիկ, ովքեր բացարձակ հեռու են ոլորտից:
Մարդիկ էլ դա տեսնում են ու սկսում են շողոքորթ լինելը սովորել: Արդեն չեն նայում մասնագիտականին, չեն նայում արդարությանը, չեն նայում մնացած հատկություններին: Տեսնում են, որ միայն քամակ մտնելով կարելի է առաջ գնալ: Ու հենց դա են լավ սովորում:
Հա, իրենք իրենց հարցը լուծում են, բայց երկրները կործանվում են: Ընդամենը ժամանակի հարց է, եթե շատ արագ բան չփոխվի:
Միհրան Միրզոյան