 
													Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐՆ օրերս Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակարտն անվանեց «Խանքենդի»:
Հանուն ճշմարտության փաստենք` զզվելի, բայց սպասելի քայլ էր:
Ինչու՞:
Որովհետև վաղուց  ենք ծանոթ եվրա«դեմոկրատական» երկակի ստանդարտներին:
Ինչպես և սպասվում  էր, եվրոպացի դիվանագետի խոսքերը հույզերի նեգատիվ ալեկոծություն առաջացրին ինչպես Հայաստանում, այնպես էլ բուն Արցախում։
Բա՞յց… ընդամենը «ներքևներում» և ո՛չ թե Հայաստանի իշխանական շրջանակներում: 
Երկիրն ուզուրպացրած ՔՊ-ականերն իրենց «շեֆ»-ով հանդերձ, մինչ այս պահը,  լռում են պարտիզանի համառությամբ և Արցախի լիակատար բլոկադայի ֆոնին զբաղվում  իրենց սիրած գործով` ուտել-խմելով և սոցցանցերում լուսանկարներ հրապարակելով:
Այժմ անդրադառնանք Կլաարի քայլին ու արձանագրենք` բարձրաստիճան մեկը, որը պաշտոնի բերմամբ համարվում է Եվրամիության ներկայացուցիչը, Բաքվի բռնապետին մատուցել է բավականին «թանկարժեք» ծառայություն:
Ինչը ենթադրում է, որ Տոյվո Կլաարը, ամենայն հավանականությամբ, Ալիևից «խավիարային կաշառքներ» է ստացել՝  իր հակահայ հայտարարության համար: 
Կա՞մ էլ… Տոյվո Կլաարը պաթոլոգիկ հայատյաց է: 
Ինչևէ, սույն պաշտոնյան անընդունելի և ստոր քայլ է կատարել՝  հայկական Արցախի մայրաքաղաքն անվանելով ադրբեջանական նեոֆաշիստների շրջանում ընդունված տարբերակով՝  «Խանքենդի»:
Հռետորական հարց`  Տոյվո Կլաարը խավիարային կաշառակե՞ր է, թե՞ հայատյաց: 
Պատասխանը (որը, իհարկե, չենք ստանա) տվյալ պաշտոնյայի կամ էլ նրան այստեղ գործուղած Եվրամիության որոշելիքն է: 
ՈՒ եթե մինչ այս պահը ԵՄ-ն իր ներկայացուցչի «կոռուպցիոն բույրով» բարձրաձայնումից հետո Հայաստանից, Արցախից ու համայն հայությունից այդպես էլ ներողություն չի խնդրել, ապա ստիպված ենք եզրահանգելու` ԵՄ-ն էլ է պատասխանատու  նման վիրավորական արտահայտության  համար: 
Արձանագրենք, որ կա նաև հարցի մյուս կողմը. տոյվոկլաարների, քրիստինաքվինների և նմանատիպ դիվանագետների «խավիարբույր» բարձրաձայնումներն ու հայատյաց հայտարարություններն ընդամենը հետևանքային դրսևորումներ են:
Նախ ճշտենք` ինչու՞  կամ ինչի՞ց են ոգևորվել  նմանները, որ եթե նախկինում  քայլն անելուց առաջ «7 անգամ կչափեին նոր միայն կձևեին»,  այժմ գործում են արհամարհելով բոլոր կարմիր գծերը:
Փաստենք.
տոյվոկլաարները ոգևորվել են այն իրողությունից, որ Հայաստանի իշխանության ղեկին է մեկը, որը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:
Մեկը, որը Հայաստանի տարածքները կոչում է ադրբեջանական տեղանուններով (Էյվազլի, Չայզամի) ու ոչ միայն մնում է անպատիժ, այլև շարունակում է պաշտոնավարել:
Հռետորական մի քանի հարցադրումներ.
1.եթե Հայաստանի ոչ բարով ղեկավարը նման դավաճանական հայտարարություն է անում, Տոյվո Կլաարն ինչու՞ Ստեփանակերտը չպետք է «Խանքենդի» կոչի:
2.Ալիևն ինչու՞  չպետք է փակի Արցախը  Հայաստանին կապող կյանքի ճանապարհը:
3. Եթե «Ղարաբաղն Ադրբեջան է», իսկ Բաքուն թույլ չի տալիս հայերին զինված ուժեր ունենալու, ապա թշնամին ինչու՞ չպետք է պահանջի ցրել ԼՂՀ պաշտպանության բանակը։
Եվ նմանատիպ բազում այլ հարցեր, որոնք ընդամենը մեկ պատասխան ունեն` Հայաստանն ամեն օր խորշակող աղետը դառնում է հնարավոր, որովհետև նա, ով կոչված է պահել-պաշտպանելու երկրի անվտանգությունը դավաճան է, Արևմուտքի դրածո, որը խախտելով բոլոր կարմիր գծերն անպատիժ հայտարարում է, թե Արցախն Ադրբեջան է ու վերջ:
Որն արգելում է օգտագործելու «Արցախի Հանրապետություն» եզրույթը:
Որը պատեհ-անպատեհ առիթներով անվերջ կրկնում է, թե «Արցախի անունից խոսելու մանդատ չունի», բայց ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հայտարարում` Արցախը ներառյալ:
Նման հայտարարությունները թև ու թիկունք են թշնամուն, որն այնքան է ոգևորվել, որ Հայաստանն արդեն «Արևմտյան Ադրբեջան» է ներկայացնում:
Անպատժելիության նման մթնոլորտում պարզ չէ՞, որ «տոյվո»յանմանները կարհամարհեն դիվանագիտական բոլոր նորմերն ու պայմանականությունները, և իրենց թույլ կտան համայն հայությանը վիրավորող հայտարարություններ ու արտահայտություններ:
Իհարկե համոզված լինելով, որ իրենց «թանին թթու ասող չի լինելու»:
Եզրահանգումը մեկն է`
քանի դեռ թիվ 1 դավաճանը զմռսված է երկրի վարչապետի աթոռին, չի բացառվում, որ անգամ Բրյուսելն ու Վաշինգտոնը դավաճանի խոստացած ապագայում Հայաստանն անվանեն «Արևմտյան Ադրբեջան», Երևանը`Էրիվան, Սևանն էլ` Գյոկչա,
իսկ մե՞զ…
irates.am