ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Որպես Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ՝ միացել եմ նախաձեռնությանը

Որպես Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ՝ միացել եմ նախաձեռնությանը
17.12.2025 | 12:37

Ինձ են դիմել Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ Արցախի թեմի առաջնորդի հարցով Վեհափառ Հայրապետին խնդրագիր ներկայացնելու նախաձեռնությանը միանալու առաջարկությամբ։

Որպես Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ՝ միացել եմ նախաձեռնությանը. ծանոթացել եմ խնդրագրի տեքստին և ամբողջությամբ համաձայն եմ դրա բովանդակությանը։

Խնդրագրին այս պահի դրությամբ միացել են 22 հասարակական կազմակերպություններ, Արցախի բոլոր չորս ՄԻՊ-երը (նախկին և ներկա), արցախցի մի քանի հանրային գործիչներ։

Խնդրագրի տեքստը Հ․Գ․-ում։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ․Գ․

Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչների նամակը՝ ուղղված

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափառ Տեր,

Արցախցիներս ակամայից կանգնած ենք ցավալի իրողության առաջ՝ դիմել Ձերդ Սրբությանը՝ հայտնելով մեր խորը հիասթափությունն ու զայրույթը ՀԱՍԵ Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին քայլերի և հրապարակային պահվածքի վերաբերյալ։

Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։

Մեզ համար անընդունելի է նաև այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում։ Նա, մասնավորապես, հարգանքի ու պատվի է արժանացնում Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով թշնամուն հանձնելու քաղաքական որոշման թիվ մեկ պատասխանատուին՝ փաստացի միանալով վերջինիս հակաեկեղեցական սրբապիղծ արշավին։

Նման քայլը թե՛ իր բովանդակությամբ, թե՛ իրականացման ձևով մեր բոլորի կողմից ընկալվեց ոչ միայն խոնարհում Նիկոլ Փաշինյանի առջև, այլ նաև վերջինիս քայլերի ուղղակի արդարացում, ինչը, իհարկե, առաջացրեց Արցախի մեր ժողովրդի արդարացի զայրույթն ու վստահության կորուստը տվյալ հոգևոր առաջնորդի նկատմամբ։

Առանձնապես ցավալի է, որ մեր հավատավոր ժողովրդի բազում դիմումներին ի պատասխան՝ նա մինչ օրս ոչ միայն չի զղջացել և ներողություն չի հայտնել արցախահայությանը, այլ նույնիսկ խուսափում է սեփական հայրենակիցների ու հավատավոր հոտի հետ հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, ցուցաբերում է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրեն հանձնված համայնքի նկատմամբ։

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, քանզի ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։

Ձերդ Սրբությանը խնդրում ենք ընդառաջ գալ Արցախի Ձեր հոգևոր զավակների խնդրանքին և մեր ձայնը լսել որպես հավատավոր ժողովրդի իրական զգացմունքների արտահայտություն։

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

- Ռոման Երիցյան. իրավապաշտպան, փաստաբան

- Յուրի Հայրապետյան. Արցախի 1-ին Մարդու իրավունքների պաշտպան

- Ռուբեն Մելիքյան. Արցախի 2-րդ Մարդու իրավունքների պաշտպան

- Արտակ Բեգլարյան. Արցախի 3-րդ Մարդու իրավունքների պաշտպան

- Գեղամ Ստեփանյան. Արցախի գործող Մարդու իրավունքների պաշտպան

- Նարե Սիմոնյան. հասարակական գործիչ

Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպություններ

- «Արցախի ավագների խորհուրդ» ՀԿ

- «Վասն հայրենյաց» ՀԿ

- «Արցախ Միություն» ՀԿ

- «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ

- «Վերածնվող Արցախ» ՀԿ

- «Արդարություն և վերադարձ» ՀԿ

- «Ավետիս Պուլուզյան» բարեգործական ՀԿ

- «Մտքի ուժ» ՀԿ

- «Նախնյաց հետքերով» ՀԿ

- «Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ

- Արցախի «Զինվորի կողքին» ՀԿ

- «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ

- «Մայրություն» ՀԿ

- «Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբ ՀԿ

- «Այսօր հանուն վաղվա» ՀԿ

- «Արցախի սպորտի և երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ

- «Արցախի մարտարվեստների ասոցիացիա» ՀԿ

- «Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիա» ՀԿ

- «Արցախի մուայթայի ֆեդերացիա» ՀԿ

- «Արցախի օյամա կիոկուշին կարատե-դո ֆեդերացիա» ՀԿ

- «Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ» ՀԿ

- «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ