ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ծանրակշիռ ռիսկերով լի դավադրություն՝ պետության ինքնիշխանության դեմ

 Ծանրակշիռ ռիսկերով լի դավադրություն՝ պետության ինքնիշխանության դեմ
18.07.2025 | 14:06

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ներհայաստանյան խոսույթի առնացքային թեման իշխանության կողմից դաշտ նետված «արտապատվիրակել» եզրույթն է, որը վերաբերում էր Սյունիքով անցնող, այսպես կոչված, «միջանցքի» թեմային։ Իշխանությունը սրա հետ կապված իր մեկնաբանություններն ու հանրային մատուցման տարբերակն ունի՝ այն ներկայացնելով որպես միջազգային պրակտիկայում ընդունված մոդել:

Հիմա փորձենք հասկանալ, թե այդ մոդելի կիրառումը պատմության մեջ ի՞նչ հետևանքներ է ունեցել, և ինչպիսի՞ ճակատագրի են արժանացել «արտապատվիրակված օբյեկտները»։

Ըստ էության՝ տարածքային արտապատվիրակումը կարելի է համարել պատմության վտանգավոր գործընթացներից մեկը, երբ պետությունը որոշակի տարածքային հատվածի կամ դրա վերահսկողության իրավունքի մի մաս կամ ամբողջությունը հանձնում է այլ, հաճախ արտաքին ուժի՝ ֆորմալ սուվերենությունը պահպանելով, բայց փաստացի ինքնիշխանությունը կորցնելով։ Այդպիսի պրակտիկան բավական հին պատմություն ունի, և, որպես կանոն արդյունքները հաճախ աղետալի են եղել արտապատվիրակող պետության համար։

Արտապատվիրակված տարածքների ցցուն օրինակներից էին Էլզաս-Լոթարինգիայի կոմիսարիատը Գերմանիայի և Ֆրանսիայի միջև 19-րդ դարի վերջին․ այս դեպքը ցույց տվեց, թե ինչպես են ռազմաքաղաքական պարտություններն ավարտվում տարածքների՝ արտաքին ուժերի վերահսկողության ներքո հայտնվելով, որի հետևանքով տեղի բնակչությունը հայտնվում է քաղաքական ճնշումների ու ինքնորոշման խոչընդոտների ճիրաններում։ Գուանտանամոյի ռազմաբազան Կուբայում օրինակ է, թե ինչպես տարածքի իրավական պատկանելությունը չի երաշխավորում իրական վերահսկողություն և անվտանգություն՝ բացի արտաքին պետության լիակատար վերահսկողությունից։ Պաղեստինի մանդատը Բրիտանիայի կողմից փաստում է, թե ինչպես են օտար ուժերը երկար տարիներ կառավարում տարածք՝ տեղական ինքնիշխանությունը պրակտիկորեն զրոյացնելով։ Կիպրոսի հյուսիսային հատվածի թուրքական վերահսկողությունն էլ ավելի նոր, բայց ցավալի պատմական դեպք է, երբ միջազգային իրավունքի դեմ պատերազմական ուժով ստեղծվեց փաստացի օկուպացիա։ Չինական կոնցեսիաները 19-20-րդ դարերում և Օսմանյան կայսրության վասալ կառավարման օրինակները լրացնում են այս շարք։ Այս բոլոր դեպքերն ունեն մեկ խաչվող հանգույց՝ տարածքի իրական վերահսկողությունը արտապատվիրակվել է, իսկ սեփական իշխանության կառավարման ներուժը նվազեցվել կամ վերացվել է։

Նիկոլի կողմից այսօր հնչեցվող «պատրաստակամության» արդարացումները, Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողությունը արտապատվիրակելու հնարավորությունը բացատրելիս, հիմնականում հիմնված են «անխուսափելիության», «անհրաժեշտության» և «զիջումների միջոցով ավելի մեծ բարիքների» հասնելու տրամաբանության վրա։ Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ արտապատվիրակման հիմնավորումները մեծամասամբ մանիպուլյատիվ են և ժամանակի հետ վերածվում են իշխանությունների կորցրած հողերի կամ ինքնիշխանության անընդհատ խզման։ Մեկանգամյա «զիջումները» հաճախ վերաճում են շարունակվող իրավական ու քաղաքական զիջումների, որոնք վերածվում են խորը ու անդառնալի կորուստների։

Հիմա տեսնենք, թե ինչ եղավ նշված դեպքերից հետո․ Էլզաս-Լոթարինգիան երկար ժամանակ մնաց բաժանված, բնակչությունը ենթարկվեց քաղաքական, մշակութային ու լեզվական ճնշումների, իսկ 20-րդ դարի պատերազմների արդյունքում վերաճեց մարդկային մեծ ողբերգությունների։ Գուանտանամոյի ռազմաբազան մինչ օրս ԱՄՆ-ի փաստացի տիրապետության ներքո է, առանց Կուբայի վերահսկողության, ինչն ուղղակի խոչընդոտում է երկրի տարածքային ամբողջականությանը։ Պաղեստինը շարունակում է մնալ ներքին ինքնիշխանությունից զուրկ ու չճանաչված միավոր։ Կիպրոսի հյուսիսն առ այսօր շարունակում է մնալ թուրքական տիրապետության ներքո և որպես ական՝ տարածաշրջանում։ Չինական կոնցեսիաներն էլ երկարատևորեն խարխլեցին Չինաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Այս բոլոր օրինակները վկայում են, որ նման արտապատվիրակման համար, անգամ եթե այն սկսվում է իբրև «ժամանակավոր», «զիջման» կամ «առավելագույն շահի» ուղերձ, մեծացնում է արտաքին կախվածությունը, թուլացնում է պետության անվտանգային համակարգը, քայքայում է ազգային ինքնորոշման իրավունքը և հաճախ ավարտվում է փաստացի տարածքային կորստով կամ երկարաժամկետ օկուպացիայով։

Այլ կերպ ասած՝ պատմությունը զգուշացում է, որ տարածքի արտապատվիրակումը պետք է դիտարկել որպես ծանրակշիռ ռիսկերով լի դավադրություն՝ պետության ինքնիշխանության դեմ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ