ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ով մի հարմար պաշտոն է ձեռք գցում, փողից էն կողմ աչքին ուրիշ բան չի գալիս

Ով մի հարմար պաշտոն է ձեռք գցում, փողից էն կողմ աչքին ուրիշ բան չի գալիս
29.12.2024 | 11:53

Իշխանությունը չտեսին շլացնում է, գեղցուն՝ շփացնում, փողամոլին՝ փչացնում: Հայերիս պարագայում այս դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով, և ունենում ենք չտեսորեն շլացած, գեղցիաբար շփացած, անհուսորեն փչացած իշխանիկներ: Ըստ այդմ, հայերս իրավունք չունենք իշխանություններ ունենալու: Հայերս պիտի ունենանք ծառայություններ՝ օրենսդիր ծառայություն, գործադիր ծառայություն, դատական ծառայություն՝ առաջին, երկրորդ, երրորդ դասի ծառայողներով: Նախագահ, վարչապետ, նախարար, մարզպետ, համայնքապետ, գյուղապետ և այլ պետեր խորհրդանշող անվանումները իսպառ դուրս պիտի նետվեն ոչ միայն հայերենի բառացանկից, այլև՝ հայ մարդու մտածողությունից: Պաշտոնը չպիտի ընկալվի որպես արտոնյալ կարգավիճակ, հարստանալու, հղփանալու, անխոցելի դառնալու գործիք: Պետական պաշտոն պիտի ստանան նրանք, ովքեր գալիս են ոչ թե իշխելու, այլ հենց ծառայելու՛ պետությանը (չեմ ասում՝ ժողովրդին, որովհետև, եթե չկա նորմալ պետություն, չկա նաև նորմալ ժողովուրդ՝ բառի դասական իմաստով): Իսկ ինչպե՞ս տարբերենք պետությանը ծառայելու պատրաստ չինովնիկին պետության գրպանը մտնելու պատրաստ չինովնիկից: Շատ պարզ՝ ծառայության դիմաց ստանալիք վարձատրությամբ: Միջին վիճակագրական ծառայողի աշխատավարձը հավասար պիտի լինի բարձր աշխատավարձ ստացող միջին վիճակագրական հայի աշխատավարձին և՝ ոչ մի լումա ավելի: Գրողի ծոցը պիտի ուղարկել այն արատավոր թեզը, որ եթե պաշտոնյան չափազանց բարձր աշխատավարձ չստանա, գումարած՝ նույնքան էլ պարգևավճար, աչքը կտնկի անաշխատ եկամտին: Սա ամենավտանգավոր ականն է՝ դրված ցանկացած պետության, հատկապես՝ խարխուլ պետության հիմքում: Հենց դրա համար եմ ասում, որ մեզանում իսպառ պիտի վերացվի իշխանության նախկին՝ վարկաբեկված ընկալումը՝ փոխարինվելով ծառայություն հասկացությամբ: Կասեք՝ իրատեսական չէ՞ առաջարկածս մոդելը: Իսկ ես կասեմ՝ շատ էլ իրատեսական է, եթե հաշվի առնենք այն ողբերգական ու թշվառ կացությունը, որում հայտնվել է այսօր Հայաստանի Հանրապետությունը: Մի՞թե այս կացության միակ և գերակա պատճառն այն չէ, որ իշխանության եկած ամեն բախտախնդիր կարճ ժամանակ անց իրեն թագավոր է երևակայում՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Վերացրեք պետական պաշտոնյաների համար սահմանված արտոնությունները և տեսեք, թե ովքեր են պատրաստ համեստ աշխատավարձով ու առանց արտոնությունների ծառայելու պետությանը: Իհարկե՝ միայն նվիրյալները: Իսկ այդպիսիք, բարեբախտաբար, դեռ կան և՝ ոչ քիչ: Թե չէ, ով մի հարմար պաշտոն է ձեռք գցում, փողից էն կողմ աչքին ուրիշ բան չի գալիս: Փողն էլ, դե գիտեք, թանկարժեք ավտո է, քիփլիկ առանձնատուն, գողտրիկ ամառանոց, անպաշտոն «սև օրվա» համար էլ՝ մի կայուն բիզնես: Պետության հե՛րն էլ անիծած:

29.11.2020

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 5344

Մեկնաբանություններ