2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

Ժողվարչապետի անպարտելիության առիթով

Ժողվարչապետի անպարտելիության առիթով
09.02.2026 | 12:11

Հայաստանի ընդդիմությունը որոշել է փաշինյան նիկոլին հաղթել, ավելին, համոզված է, որ կհաղթի, քանի որ փաշինյանը լավ ժողվարչապետ չէ, ժողովուրդն էլ կհասկանա և կընտրի Քոչարյանին կամ ազգային բարերարի ընտրած արևմտյան կրթություն ստացած գազանիկին:

Իհարկե, ընդդիմությունը սխալվում է, կարելի է հստակ ասել, որ էդ մարդիկ 5 տարեկանից չեն աճել, մնացել են Ձմեռ պապի ու Բարմալեյի աշխարհում, որոնք, ինչպես հայտնի է, իրականում գոյություն չունեն: Եվ քանի որ հայրենի ընդդիմադիրների հետ լուրջ խոսելն իմաստ չունի, փորձեմ նրանց և նրանց երկրպագուներին բացատրել փաշինյան նիկոլի հզորությունն ու անպարտելիությունը շատ պրիմիտիվ՝ 5 տարեկան մանուկի խելքին համապատասխան եղանակով:

Ուրեմն, հիշենք ռուս գրանտակեր Ալեքսեյ Նավալնուն: Երբ նա փռշտում էր բանտում, կամ ճնշման տատանումներ ունենում, առաջադեմ Արևմուտքը դա դարձնում էր լրջագույն քննարկման թեմա աշխարհի ամենաբարձր ատյաններում: Սանկցիաներով էր վախեցնում Պուտինին, մի խոսքով, Նավալնու փռշտոցը դառնում էր աշխարհաքաղաքական գլոբալ հարց: Բայց երբ ժողվարչապետն այսօր ոչնչացնում է 1725 տարի անընդմեջ գործող աշխարհի ամենահին ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին, Արևմուտքից ծպտուն չենք լսում: Հիմա պատկերացնո՞ւմ եք Նոր Հայաստանի ժողվարչապետի ինդուլգենցիայի մասշտաբը: Եվ դուք ուզում եք սրան հաղթե՞լ: Ուզում եք հաղթել մեկին, ով ձեր գլխին ինչ ուզի կբերի՞՝ ընդհուպ Քենեդու կամ Կիրովի սպանության մեղադրանքները, ինչը Արևմուտքում կգնահատվի որպես դեմոկրատական արդարադատություն:

փաշինյան նիկոլից, այսինքն, Դոնալդ Թրամփից իշխանություն խլելու երկու տարբերակ կա. կամ Ֆիդելի պես վառ անհատականություն պիտի լինի, որ Միացյալ Նահանգները դուրս դնի Հայաստանից, կամ մի մեղսունակ քաղաքական ուժ, որն Արևմուտքը կհռչակի հայ ժողովրդի էկզիստենցիալ թշնամի՝ հենվելով օբյեկտիվ պատմական իրողությունների վրա, 1856-ի Փարիզյան և 1878-ի Բեռլինյան տրակտատներից մինչև 1945-ի Պոտսդամ, նախընտրական ծրագրում կամրագրի հավաքական Արևմուտքի հետ բոլոր կապերի խզում, բացի հումանիտար և տնտեսական (գրանտակերաբուծության վերացում, արևմտյան դեսպանատների աշխատակիցների գլխաքանակի կրճատում մինչև 5-6 գլուխ և այլն), կհռչակի միավեկտոր քաղաքականություն երկրի ներսում և դրսում, ինչի շնորհիվ կստանա ՌԴ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ընտրություններում, և Դոնալդ Թրամփին Հայաստանից քշելն արդեն կդառնա Վլադիմիր Պուտինի անձնական խնդիրը:

Հիշո՞ւմ եք ֆրանսիական Աֆրիկայում Պուտինն ինչ արեց, քանի ռեժիմ փոխեց: Ինչո՞ւ դա ստացվեց: Կարդացեք Բուրկինա Ֆասոյի նախագահի ելույթը Պետերբուրգում և կհասկանաք. Պուտինը հենարան ուներ Աֆրիկայում ի դեմս տեղի էլիտաների, դրա համար խառնվեց և ռեժիմներ փոխեց, բայց եթե Հայաստանում պոտենցիալ հենարանը մի խայտառակ բազմավեկտոր նախիր է՝ անինքնասեր, Արևմուտքի՝ իր գենետիկ թշնամու քամակ լիզող, ի՞նչ կարող է անել Ռուսաստանը դրանց հետ:

Ազգային բարերարն ուներ հսկայական պոտենցիալ, բայց քամուն տվեց: Նրա էմիսարներն Ամերիկայում հայտարարեցին, որ ԱՄՆ-ից կարևոր ու քաղցր բան չկա աշխարհում, հայերի կյանքի իմաստը Արևմուտքն է, Ամերիկան էլ պիտի դառնա ՀՀ անվտանգության երաշխավոր: Այսինքն, ոչխարը գելին իրեն պաշտպան է ընտրում, և ո՞վ կօգնի այդ ոչխարին: Եվ ինչպե՞ս կավարտվի այդ ոչխարի երկրային կյանքը:

Եվ բոլոր նրանք, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Հայաստանի հանդեպ անտարբեր լինելու մեջ, թող հասկանան, որ այս կարգի քաղաքական վերնախավ ունեցող երկրի հանդեպ անհնար է անտարբեր չլինել, քանզի ազգային բարերար ունի սույն ժողովուրդը, աշխարհում նմանը չունեցող, էլ չեմ խոսում բազմավեկտոր ընդդիմության մյուս գելուգազանների մասին: Ամերիկացիք գլոբալ հակառուսական պրոյեկտ են իրականացնում Հայաստանում, որը ողջունում են բոլոր ընդդիմադիրները, հիմա այդ ընդդիմադիրներին ո՞ր նորմալ ռուսը կաջակցի:

Ինչևէ, թող ընդդիմադիրները պատրաստվեն հունիսյան հաղթանակին, մենք էլ կուրախանանք: Բայց իրականում կծիծաղենք, եթե դրանք զրկվեն անգամ մասնակցելու իրավունքից: Փառք Աստծո, աշխարհում շատ կան չբացահայտված հանցանքներ, Քենեդու սպանությանն էլ վերջերս ավելացավ Էփշթեյնի կղզին, ի՞նչը կխանգարի ժողվարչապետին դրանք վերագրել, ասենք, Կարապետյանին կամ Քոչարյանին:

Եթե մարդը եկեղեցու երրորդ դեմքին մեղադրանք է առաջադրում 7 տարի առաջ ինչ-որ մեկի գրպանը պլան գցելու մեջ և լուռ հավանության արժանանում Արևմուտքում, էլ դրա դեմ խաղ կա՞…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ