Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Կարևորը նյութականը չէ, կարևորը բարոյականն է

Կարևորը նյութականը չէ, կարևորը բարոյականն է
04.04.2026 | 13:00

Կինոյի տղաների հետ հանդիպմանն այս պատմությունը տարիներ առաջ արել է անվանի կոմպոզիտոր, լուսահոգի Էդուարդ Միրզոյանը։ Զրույցն եղել է տեղաբնակի ու հայրենադարձի միջև։

-Վերջը չես ասում՝ հոս է լա՞վ, թե՞՝ հոն,- դիմացինին «քրքրում» է տեղաբնակը։

Ամենազոր ԿԳԲ-ի սարսափը սրտում ունեցող հայրենադարձը քաղաքականապես լավ էլ հասուն է․

-Անշուշտ հոս է լավ։

-Ինչո՞վ է լավ,- չի դադարում տեղաբնակը։

Ու հայրենադարձն անում է իր կյանքի պատմությունը։

-Փարիզ կապրեինք, ասեղների ասանկ փոքրիկ, աղեկ գործարան մը ունեի։ Ասեղի ծակին մեջ կնայեի, հայրենիքս կերևար։ Սակայն, եղբայր, կարևորը բնավ նյութականը չէ, կարևորը բարոյականն է։ Այդ ամենը թողեցինք հոն, եկանք հոս։ Ասեղները, որ բերել էի նվիրատվության համար, բոլորը վաճառեցի՝ քաղցից հո չպիտի՞ մեռնեինք։ Սակայն նյութականը կարևոր չէ, ջանըմ, կարևորը բարոյականն է։

Օր մըն ալ վարտիքս ծակվեցավ։ Է, ծակ վարտիքով ման գալու սովորություն բնավ չեմ ունեցեր։ Գնացի խանութ, ունիվերմագ կսեք, ասեղ վերցրի։ Տեսնեմ՝ ծակ չունի։

-Էհ,- վաճառողուհուն կսեմ,- աղջիկս, շատ ուրախ եմ, որ հայրենիքս ալ ասեղ կարտադրե, հապա ինչո՞ւ ան ծակ չունի։

Գիտե՞ք ինչ ըսավ։

-Ըսավ, հայրիկ, հայրենիքի ասեղները արտասահմանի ասեղների պես չեն։ Հայրենիքի ասեղները շատ բարոյական են, անոնք ծակ չեն ունենար։

Եկանք հոս, մեծս դարձավ գեոլոգ, միջնակս՝ բիոլոգ, փոքրս ալ՝ ոսկերիչ։ Էհ, ըշտե անոր հաշվին կապրինք, բայց թե կարևորը բնավ նյութականը չէ, ջանըմ, կարևորը բարոյականն է։

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 34689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ