Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Մենք հատկապես մտահոգված ենք Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության դեմ ուղղված գործողություններով». նամակ Եվրոպայից՝ Նիկոլին

«Մենք հատկապես մտահոգված ենք Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության դեմ ուղղված գործողություններով». նամակ Եվրոպայից՝ Նիկոլին
09.08.2026 | 11:48

Հատկապես մտահոգիչ են Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսին վարկաբեկելու փորձերը

Եվրոպայից հուլիսի 7-ին նամակ է հղվել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին: Նամակում, որը ստորագրել են

Սլովակիայի Հանրապետության նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին,

Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ, Ազգային խորհրդի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Պավոլ Հրուշովսկին,

Սլովակիայի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Սլովակիայի գծով նախկին եվրահանձնակատար, Կրոնի կամ հավատքի ազատության եվրոպական ֆորումի նախագահ (FOREF Europe) Յան Ֆիգեն, մասնավորապես նշված է.

«Մենք՝ Սլովակիայի Հանրապետության նախկին բարձրաստիճան սահմանադրական պաշտոնատար անձինք, ովքեր ծառայել ենք մեր երկրին ամենաբարձր ազգային և միջազգային պաշտոններում, երկարատև և առանձնահատուկ հարաբերություններ ենք զարգացրել Հայաստանի հետ։ Տարիների ընթացքում մենք բազմաթիվ այցելություններ ենք կատարել Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, որոնց միջոցով խորը գնահատանք ենք ձեռք բերել այս հին ազգի պատմության, մշակույթի և հոգևոր ժառանգության նկատմամբ։ Մենք նաև ճանաչել ենք Հայ Առաքելական Եկեղեցու եզակի տեղը, որը տասնյոթ դարից ավելի ծառայել է որպես հայկական ինքնության անկյունաքար և եղել է աշխարհում առաջին ազգային եկեղեցին, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Հետևաբար, խորը մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում վերջին զարգացումներին, որոնք, մեր կարծիքով, լուրջ հարցեր են առաջացնում ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության վերաբերյալ»։

Նամակագիրների հավաստմամբ, իրենք ժամանակին Չեխիայում ու Սլովակիայում ականատես լինելով ինչպես ավտորիտար կառավարմանը, այնպես էլ հետագայում ժողովրդավարության վերականգնմանը, խորապես մտահոգիչ են համարում, որ քաղաքական հակառակորդները կարող են ենթարկվել հարկադրանքի միջոցների, այդ թվում՝ ազատազրկման, կամ որ պետք է կիրառվեն կամ հանդուրժվեն ժողովրդավարական սկզբունքներին անհամատեղելի մեթոդներ։

«Մենք հատկապես մտահոգված ենք Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության դեմ ուղղված գործողություններով,- նշված է նամակի շարունակության մեջ:- Հատկապես մտահոգիչ են Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսին վարկաբեկելու փորձերը, որոնք գագաթնակետին են հասել նրա դեմ դատական գործընթացների հարուցմամբ։ Այս բնույթի միջոցառումները վտանգում են հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության նկատմամբ, միաժամանակ սպառնալով հայկական պետության և նրա ամենահարգված ազգային ինստիտուտներից մեկի միջև պատմական հարաբերություններին։

Հետևաբար, մենք հարգանքով կոչ ենք անում Ձեզ, վարչապետ, զերծ մնալ քաղաքական բախման նման մեթոդներից և ապահովել, որ Հայաստանը մնա հավատարիմ ժողովրդավարական արժեքներին, հիմնարար ազատություններին և օրենքի գերակայությանը, որոնք հիմք են հանդիսանում եվրոպական քաղաքական ավանդույթի համար։ Սա հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարել է Եվրոպական Միության հետ իր հարաբերությունները խորացնելու և եվրոպական ինտեգրման ուղին ընտրելու իր ձգտման մասին։

Հայ Առաքելական Եկեղեցին յուրահատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնեական եկեղեցիների ընտանիքում և խորը հարգանք է վայելում ամբողջ աշխարհում։ Պետական մարմինների ցանկացած գործողություն, որը կարող է ընկալվել որպես նրա բարձրագույն ներկայացուցչի դեմ ուղղված, անխուսափելիորեն մտահոգություններ է առաջացնում Հայաստանի միջազգային ընկերների և գործընկերների շրջանում։ Նման գործողությունները չեն բարձրացնում Հայաստանի կամ նրա կառավարական և դատական հաստատությունների հեղինակությունը։

Խնդրում ենք այս նամակն ընդունել այն ոգով, որով այն նախատեսված է. որպես անկեղծ և բարեկամական կոչ այն անձանց կողմից, ովքեր խորապես հարգում են Հայաստանին և նրա ժողովրդին և ովքեր հույս ունեն տեսնել երկրի ժողովրդավարական զարգացումը արդարադատության, բազմակարծության և հիմնարար իրավունքների հարգանքի սկզբունքներին համապատասխան»։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 27331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ