Եթե իրեն քաղաքագետ, քաղաքական մեկնաբան կամ վերլուծաբան համարող մեկը մտնում է հանրային քննարկումների դաշտ և իր մտքի «գոհարներն» է սփռում, անհրաժեշտ է, որ մեկ-երկու դասագիրք կարդա նորագույն պատմությունից կամ քաղաքագիտությունից: Իսկ եթե կարդան, այնտեղ գրված է, որ Ռուսաստանը ունի երկրագնդի մեծ մասը մոտ քսան անգամ ու ավել ոչնչացնելու ջերմամիջուկային կարողություններ և այլն: Եվ այլնը որ գրենք՝ մի երկու հատոր կպահանջվի: Իհարկե, ցանկացած նորմալ դատողության մարդ, սա իմանալով, հակառուսական քարոզչության մեջ խրվելուց առաջ պետք է մտածի, թե ինչ է ասում: Հարցն այն չէ, որ շատ ծիծաղելի են ռուսների ատամները ջարդելու մասին արևմտամետ ռահվիրաների մտքի փայլատակումները, այլ այն մեծ վնասը, որ նրանք հասցնում են հայկական պետության շահերին: Ցավ է նաև այն, որ նրանք դա անում են պետական ենթակայության լրատվամիջոցներում: Մեկ հանգամանք ևս. Նրանք, ովքեր հավասարակշիռ դատողություն ունեն և հակառուսական քարոզչությանը չեն մասնակցում, երբեք արևմտյան պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը դեմ չեն, այլ, երևի թե, ընդհակառակը, քննադատում են եվրաինտեգրման իրական և գործնական քաղաքականությունը տապալելու և այն շոուի վերածելու գործելակերպը: Իսկ ՀՀ կեղծ արևմտամետները իրականում ավելի շատ իրենց առաքելությունը տեսնում են հակառուսականության բորբոքման և հայ-ռուսական հարաբերությունները վնասելու մեջ՝ իրականում արդյունք չունենալով նաև եվրաինտեգրման ճանապարհին:
Եվ վերջում նշեմ ևս մեկ հանգամանք. եթե այժմ Ռուսաստանը կոշտ հակամարտության մեջ է արևմտյան կենտրոնների հետ, երբ Իրանի դեմ պատերազմը սպառնում է նաև տարածաշրջանին, ի՞նչ իմաստ ունի այս կամ այն արտաքին քաղաքական վեկտորի բացարձակացումը, թշնամանքի սերմանումը, երբ դեռ ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի «երրորդ համաշխարհային պատերազմը», և մենք դրա արդյունքում որտեղ կլինենք և ում ազդեցության գոտում:
Գարիկ Քեռյան