Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Երբ դպրոցը դադարում է միայն դաս տալուց, հասարակությունը սկսում է կորցնել իր դեմքը

Երբ դպրոցը դադարում է միայն դաս տալուց, հասարակությունը սկսում է կորցնել իր դեմքը
24.09.2026 | 14:30
Ես դպրոցում փայլուն գնահատականներով եմ սովորել։ Բայց նույնիսկ այն տարիներին, երբ հիմնականում «հինգեր» էի ստանում, եղել են դասեր, որոնցից «չորս» եմ ստացել։ Մեր ժամանակվա գնահատման սանդղակով այդ «չորսն» ինձ համար իսկական փոքրիկ ողբերգություն էր։ Անգամ լաց եմ եղել չորս ստանալու համար։
Ինչո՞ւ։
Որովհետև գնահատականը մեզ համար պարզապես թիվ չէր։ Այն մեր աշխատանքի, պատասխանատվության և սեփական անձի նկատմամբ պահանջկոտության չափանիշներից մեկն էր։
Միաժամանակ հաճախել եմ երաժշտական դպրոց և գեղագիտական-դաստիարակչական կենտրոն։ Ինը տարեկանից միայնակ գնում էի Կորեայի ձորից Աջափնյակ՝ երաժշտական դպրոց և կենտրոն։ Ծնողներս ինձ վստահում էին, որովհետև ես գիտեի՝ ինչ է պատասխանատվությունը։
Ես գնում էի, սովորում էի և վերադառնում տուն։
Եվ այսօր մտածում եմ՝ կարո՞ղ ենք նույն վստահությամբ մեր երեխաներին ճանապարհել։
Այս հարցն արդեն պարզապես ծնողական անհանգստության հարց չէ։
Սա հասարակության խնդիր է։
Սա դաստիարակության խնդիր է։
Եվ ամենակարևորը՝ սա միայն սերնդափոխության խնդիր չէ։
Սա արժեքների խեղման խնդիր է։
Ես չեմ ասում, որ մեր սերունդը հրեշտակ էր, կամ այսօրվա բոլոր երեխաներն են անպատասխանատու։ Ո՛չ։ Բայց այն, ինչ այսօր ավելի հաճախ ենք տեսնում հասարակության մեջ, չպետք է նորմալացնենք միայն այն պատճառով, որ «ժամանակներն են փոխվել»։
Ժամանակները փոխվում են։ Արժեքները չպետք է փոխարինվեն անտարբերությամբ։
Դպրոցն ավարտելուց հետո իմ կապը ուսուցիչներիս հետ չվերջացավ։ Այն պարզապես դարձավ ջերմ, ընկերական հարաբերություն։ Նույնը եղավ դասախոսներիս հետ։ Մենք հարգում էինք այն մարդուն, ով մեզ գիտելիք էր տվել։
Ուսուցիչը մեզ համար պարզապես աշխատող մարդ չէր։ Նա ուսուցիչ էր։ Եվ այդ բառի մեջ կար հեղինակություն, պատասխանատվություն և հարգանք։
Ինը-տասը տարեկանից ես գնում էի Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան։ Գրքեր էի վերցնում, կարդում էի։ Այդ տարիներին նաև նույն գրադարանի «Բողբոջներ» գրական խմբակի անդամ էի։
Այսօր ես մի պարզ հարց ունեմ․
Քանի՞ երեխա է հեռախոսը մի կողմ դնում և գիրք բացում։
Քանի՞ երեխա գիտի՝ որտեղ է գրադարանը։
Քանի՞ երեխա է կարողանում ինքնուրույն օգտվել հասարակական տրանսպորտից՝ առանց այն զգացողության, որ աշխարհը պարտավոր է իր փոխարեն ամեն ինչ անել։
Քանի՞ երեխա է հասկանում, որ իրավունքներից առաջ կան նաև պարտականություններ։
Եվ ամենակարևորը՝ քանի՞ երեխայի ենք մենք սովորեցրել ոչ միայն պահանջել, այլև հարգել։
Մեր տարիներին մեծահասակ տեսնելիս ինքնաբերաբար հավաքվում էինք։ Ոչ թե որովհետև վախենում էինք, այլ որովհետև գիտեինք՝ դիմացինի նկատմամբ հարգանքը մարդու դաստիարակության չափանիշներից է։
Այսօր հասարակական տրանսպորտում երբեմն տարեց մարդն է կանգնած, իսկ երիտասարդը նստած է և նույնիսկ չի մտածում տեղը զիջելու մասին։
Սա ընդամենը նստատեղի մասին չէ։ Սա մարդու՝ դիմացինին տեսնելու կարողության մասին է։
Եվ այստեղ հարցը միայն երեխայինը չէ։ Երեխան մեծ մասամբ այն է, ինչ մենք՝ մեծերս, սովորեցրել ենք նրան։ Եթե տանը երեխային չեն սովորեցնում հարգել մեծին, դպրոցում ուսուցչին չեն վերաբերվում որպես դաստիարակողի, իսկ հասարակության մեջ անպատասխանատու վարքը ներկայացվում է որպես «նորմալ», հետո չպետք է զարմանանք, որ արդյունքը հենց այդպիսին է։
Չի կարելի երեխային միայն իրավունքների լեզվով դաստիարակել։ Պետք է սովորեցնել նաև պարտականությունների լեզուն։
Չի կարելի երեխային ասել՝ «դու ամեն ինչի իրավունք ունես», և մոռանալ ավելացնել՝ «բայց դու նաև պատասխանատու ես քո արարքների համար»։
Չի կարելի ուսուցչից պահանջել միայն գիտելիք, իսկ հետո զրկել նրան հեղինակությունից։
Չի կարելի ծնողից պահանջել միայն պաշտպանել երեխային և մոռանալ, որ ծնողի առաջին պարտականություններից մեկը երեխային սեփական սխալների համար պատասխանատվություն կրել սովորեցնելն է։
Եվ վերջապես՝ չի կարելի ամեն ինչ բացատրել «նոր սերունդ է» արտահայտությամբ։ Նոր սերունդ լինելը արտոնագիր չէ անտարբերության, անհարգալից վարքի և ամենաթողության համար։
Ես չեմ կարոտում անցյալը պարզապես անցյալ լինելու համար։ Ես կարոտում եմ այն արժեքները, որոնք մարդուն մարդ էին դարձնում․
Գիրքը։
Դպրոցը։
Ուսուցչի հեղինակությունը։
Ծնողի խոսքը։
Մեծի նկատմամբ հարգանքը։
Փոքրին պաշտպանելու պատասխանատվությունը։
Աշխատանքի նկատմամբ լրջությունը։
Սեփական սխալից ամաչելու և այն ուղղելու կարողությունը։
Այսօր թվում է՝ ոչ մի քար չմնաց իր տեղում։ Բայց եթե մենք շարունակում ենք լուռ նայել, թե ինչպես են արժեքները մեկը մյուսի հետևից քանդվում, վաղը արդեն չենք կարողանալու հարցնել՝ «ո՞վ արեց սա»։
Որովհետև այդ «ով»-ը մենք բոլորս ենք՝ ծնողը, ուսուցիչը, դպրոցը, հասարակությունը և այն մեծահասակը, որը տեսավ սխալը, բայց լռեց։
Ուստի գուցե ժամանակն է ոչ թե հերթական անգամ մեղադրել երեխաներին, այլ հայելու մեջ նայել մեզ։ Ի՞նչ ենք մենք տվել նրանց, որ այսօր նրանցից պահանջում ենք։ Եվ ի՞նչ ենք կորցրել մենք, որ հիմա նրանցից ուզում ենք վերադարձնել։
Որովհետև եթե դպրոցը կորցնի իր հեղինակությունը, ընտանիքը՝ իր դաստիարակչական ուժը, իսկ հասարակությունը՝ իր բարոյական չափանիշները, վաղը մենք պարզապես կրթված մարդկանց չենք կորցնի։ Մենք կկորցնենք հասարակության դեմքը։
Ժամանակն է կանգ առնել։
Ժամանակն է նորից սովորեցնել հարգել։
Ժամանակն է նորից սովորեցնել կարդալ։
Ժամանակն է նորից սովորեցնել պատասխանատվություն կրել։
Եվ ժամանակն է հասկանալ ամենապարզ ճշմարտությունը․
Երեխային ամեն ինչ թույլ տալը սեր չէ։
Երեխային ամեն ինչ սովորեցնելը՝ սեր է։

Նարեկ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 145

Մեկնաբանություններ