ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մարգար Վարժապետ․ Տարոնի հայդուկային շարժման առաջամարտիկը

Մարգար Վարժապետ․ Տարոնի հայդուկային շարժման առաջամարտիկը
12.11.2026 | 12:23

Մարգար Վարժապետը (իսկական անունը՝ Մարգար Ամիրյան, 1858–1893) հայ ազգային-ազատագրական շարժման առաջին գործիչներից և ֆիդայական պայքարի ռահվիրաներից էր։ Նա ծնվել է 1858 թվականին Մուշի գավառի Վարդենիս գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա յոթ տարի ուսանել Մշո Սուրբ Կարապետ վանքի դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, հիմնել դպրոց և իր աշակերտներին դաստիարակել ազգային ու հայրենասիրական ոգով։
Դպրոցի հիմնադրման նպատակով Մարգար Ամիրյանն այցելել է Կոստանդնուպոլիս և Թիֆլիս, հանդիպել Գրիգոր Արծրունուն, Րաֆֆուն և Խրիմյան Հայրիկին։ Վերադառնալով Վարդենիս՝ նա ժողովրդին հորդորել է զինվել և կազմակերպել գյուղի ինքնապաշտպանությունը թուրք-քրդական զինված խմբերի հարձակումներից։ Նա Տարոնում ազատագրական գաղափարներ տարածող առաջին գործիչներից էր և մեծապես նպաստել է հայդուկային պայքարի կազմակերպմանը։
1890 թվականին Մարգար Վարժապետը մեկնել է Կովկաս, իսկ 1891 թվականին զինատար խմբի հետ վերադարձել Մուշ։ Նա շարունակել է կազմակերպչական և բացատրական աշխատանքը Մուշում ու Խնուսում՝ փորձելով համախմբել հայ բնակչությանը և նախապատրաստել ինքնապաշտպանության։
1892 թվականի ձմռանը Այվզուտ գյուղում մատնության հետևանքով ձերբակալվել է թուրք ոստիկանապետի սպանության կեղծ մեղադրանքով։ Մոտ մեկ տարի բանտում ենթարկվել է խոշտանգումների։ Դատավարության ընթացքում բացահայտորեն քննադատել է օսմանյան իշխանությունների հակահայ քաղաքականությունը և չի հրաժարվել ազգային-ազատագրական պայքարին իր մասնակցությունից։ 1893 թվականին նրան կախաղան են բարձրացրել Բաղեշի քաղաքային հրապարակում։ Ըստ ականատեսի վկայության՝ մահապատժից առաջ նա ժողովրդին կոչ է արել չհուսահատվել և շարունակել պայքարը։
Մարգար Վարժապետը հայ ֆիդայական շարժման պատմության մեջ հիշվում է ոչ միայն որպես զինված պայքարի կազմակերպիչ, այլև որպես ուսուցիչ, որը կրթությունն ու ազգային ինքնագիտակցությունը համարում էր ժողովրդի ինքնապաշտպանության կարևոր հիմքերից։ Նրա գործունեությունը նախորդեց հայ ազգային կուսակցությունների ձևավորմանը և դարձավ Տարոնի հետագա ազատագրական պայքարի նախապատմության նշանակալի էջերից մեկը։

«Ձայնարար»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ