Սաուդյան արքայազնը, օգնություն խնդրելու նպատակով, կարծես, արդեն բոլորին զանգահարել է։ Նախորդ գրառմամբ նշել էինք, որ «ամենաթարմ» ռազմական դաշնակիցներ Թուրքիան և Պակիստանը հրաժարվել են: Քաղաքավարի կերպով հրաժարվել են նաև մյուսները, և միայն բրիտանացիներն են խոստացել մտածել այդ մասին։ Թեև նրանց մոտ, կարծես, «Ֆոլկլենդյան հակամարտություն 2»-ն է ուրվագծվում, այնպես որ, Եմենի և սաուդցիների համար դժվար թե բրիտանացիները ժամանակ գտնեն։ Բացի այդ՝ Թագավորական նավատորմի հնարավորություններն այսօր այլևս այնպիսին չեն, ինչպիսին ծովակալ Նելսոնի փառավոր ժամանակներում էր:
Կարծում եմ, որ նմանատիպ զանգ եղել է նաև Երուսաղեմին։ Հատկապես, որ իսրայելական մամուլում առանձնապես չի հերքվել հետախուզական տվյալներով և խորհուրդներով սաուդիտներին օգնելու պատրաստակամությունը:
Օգնությունը՝ օգնություն, բայց մարտի դաշտում դաշնակիցներ չկան, և Սաուդյան Արաբիան ստիպված է լինելու պատերազմել միայնակ: Հատկապես, երբ ամերիկացիները հրաժարվեցին օդային հարվածներ հասցնել հուսիներին։ Թեև ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերն, ըստ ԶԼՄ-ների, բանակցային նպատակով վերջերս Էր-Ռիադում էր:
Հարկ է հիշել, որ Սաուդյան Արաբիան աշխարհում F-15 կործանիչների երկրորդ ամենամեծ պարկն ունի, սակայն, ըստ երևույթին, այս պահին մարտական վիճակի բերելու կարիք ունեի այն:
Չպետք է մոռանալ նաև, որ շուրջ վեց ամիս առաջ սաուդցիները մերժեցին իրենց օդային տարածքն օգտագործելու՝ ամերիկացիների խնդրանքը: Կարծես թե, կողմերը չեն մոռացել նաև Իրան-ԱՄՆ վերջին ռազմական գործողություններում Սաուդյան Արաբիայի վարած երկակի քաղաքականությունը:
Ի դեպ, մի շարք աղբյուրներ Reuters գործակալությանը հայտնել են, որ Սաուդյան Արաբիան իր եվրոպական որոշ հաճախորդների տեղեկացրել է սեպտեմբերի վերջին նավթի մատակարարումների որոշ մասի չեղարկման մասին։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղը պետք է վերականգնվի առաջիկա օրերին։ Սակայն, մասնագետների գնահատմամբ, հուսիների հարձակումների հետևանքով վնասված նավթամուղի վերականգնումը երկար ժամանակ կպահանջի։
Եվս մեկ պատճառ՝ նավթամթերքների միջազգային գների թանկացման համար:
Հ.Գ.
Ի դեպ, այս գիշեր Սաուդյան Արաբիային հաջողվել է որսալ մուսուլմանների սուրբ քաղաք Մեքքայի վրա արձակված ԱԹՍ-ն: Պատմության ընթացքում սա երկրորդ դեպքն է, որը կատարվել է Մեքքայի հետ: Առաջին անգամ այն թուրախավորվել էր 2017թ., կրկին հուսիների կողմից արձակված բալիստիկ հրթիռով:
Էսկալացիան Մերձավոր Արևելքում շարունակվում է:
Արտակ Զաքարյան