Տարօրինակ, բացասական և միաժամանակ լիովին կանխատեսելի գործընթացների ականատեսն ենք դառնում։ Սոցիալական ցանցերում հայտնվել է գովազդային մի էջ, որը կոչ է անում բոյկոտել հունիսի 7-ի ընտրությունները։ Էջը կազմված է մասնագիտական բարձր մակարդակով՝ SMM գովազդի բոլոր կանոններին համապատասխան։
Կոչը պարզունակ է, բայց թիրախային. բոյկոտե՛լ ընտրությունները, քանի որ բոլոր մասնակիցները՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, իբր «նույնն են», և մասնակցությունն իմաստ չունի։ Սա ագրեսիվ արշավ է՝ ուղղված ընտրական գործընթացի վարկաբեկմանը։
Վստահ եմ՝ ընտրությունների մոտենալուն զուգահեռ նմանատիպ գովազդներ ու հայտարարություններ դեռ շատ ենք լսելու։ Ակնհայտ է, որ սա նպատակային ու պլանավորված գործողություն է, որի մեջ ներդրվում են լուրջ ֆինանսական միջոցներ և պրոֆեսիոնալ աշխատանք։ Սա Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի ուղղակի և ակնհայտ տարր է։
Բայց ո՞վ է հեղինակը։ Եկեք դատենք տրամաբանությամբ՝ ո՞ւմ է սա ձեռնտու։
Ընդդիմությա՞նը։ Ո՛չ, որովհետև հենց ընդդիմությունն է առավելագույնս շահագրգռված ընտրողների բարձր մասնակցությամբ։
Գործող իշխանությա՞նը։ Արձանագրենք՝ ներկայիս իշխանության գործերը, մեղմ ասած, շատ վատ են, և սա օբյեկտիվ իրականություն է։
Ինչքան էլ իշխանության ներկայացուցիչները կուրծք ծեծեն, ցուցադրական ինքնավստահություն խաղան կամ խորհրդավոր ժպիտներով պնդեն, թե իրենք անպարտելի են՝ դա իրականության հետ կապ չունի։ Եվ նրանք դա շատ լավ գիտեն։ Նրանք գիտակցում են, որ համեմատաբար արդար ընտրությունների դեպքում նույնիսկ 30%-ի շեմին մոտենալը գրեթե անհնար է։ Նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառմամբ ու մանիպուլյացիաներով նրանք չեն կարող հասնել խորհրդարանական մեծամասնության, ինչն իրենց համար հավասարազոր է սկզբունքային աղետի։
Հենց սրանով են բացատրվում իշխանության առաջին դեմքերի ամենօրյա նյարդային, երբեմն՝ բացահայտ հիստերիկ դրսևորումները։ Նրանց մնում է մեկ, թեկուզ տեսական հնարավորություն՝ առավելագույնս նվազեցնել ընտրողների մասնակցությունը։
Միայն ցածր մասնակցության դեպքում է հնարավոր ստանալ պարզ մեծամասնություն և մանիպուլյացիաների միջոցով պահպանել իշխանությունը։ ՏԻՄ ընտրությունների փորձը դրա վառ ապացույցն է. որքան քիչ մարդ է գնում ընտրության, այնքան բարձր է գործող իշխանության տոկոսը։
Կրկին ընդգծում եմ՝ ես առայժմ որևէ մեկին կամ որևէ քաղաքական ուժի չեմ մեղադրում, սակայն հաշվի առնելով վերոգրյալը՝ կրկին հարց տանք. ո՞ւմ են ձեռնտու ընտրությունների բոյկոտի անանուն կոչերը։
Եզրակացությունները թողնում եմ ձեզ։
Արման ԱԲՈՎՅԱՆ