Նախկինների ինադու Նիկոլին ընտրելու թեզը, եթե ոչ կեղծ, ապա անտրամաբանական թեզ է: Միշտ էլ եղել են այլընտրանքներ, թեկուզ նախկինների ինադու որևէ մեկին ընտրելու համար, հիմա էլ կան:
Այս թեզը ասպարեզ նետողների մեծ մասը «երրորդ ուժ» ձևավորելու ջատագովներն են: Ըստ նրանցից շատերի՝ եթե նախկիններն այլևս ասպարեզում չլինեն, ընտրողն արդեն նախկինների ինադու չի գնալու Նիկոլին ընտրի, այլ ընտրելու է իրենց: Հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում ընտրողին, նախկինների և Նիկոլի ինադու, գնալ և ընտրել իրենց, եթե իրենք այդքան այլընտրանք են: Որքանո՞վ է այս ամենը տեղավորվում տրամաբանության շրջանակներում՝ որոշեք ինքներդ:
Սակայն այդ թեզը շրջանառում են ոչ միայն «երրորդ ուժ» ներկայացողները, այլ նաև հետևողականորեն շրջանառվում է պրոիշխանական տիրույթում: Այդ դեպքում ամեն ինչ պարզ է՝ իրենց քարոզչությունը միշտ էլ հիմնված է եղել դրա վրա:
Վերջում ավելացնեմ, որ տրամաբանված ընտրությունը ոչ թե որևէ մեկի ինադու, այլ հանուն որևէ բանի արված ընտրությունն է: Նույնիսկ Նիկոլի ինադու պետք չի ընտրել որևէ մեկին, հասկանում եք, չէ՞, թե ինչ եմ ասում:
Հատկապես այս նախընտրական շրջանում որքան շատ մարդու հնարավոր լինի բերել տրամաբանության դաշտ, այնքան լավ արդյունքներ կունենանք ընտրություններից հետո: Դա անելը շատ դժվար է, որովհետև նախընտրական քարոզարշավն արդեն ամբողջ թափով սկսած ուժերի մեծ մասը մարդկանց նորից տանում են զգացական, մանիպուլյատիվ դաշտ: «Նախկին-ներկա» դաշտից մարդկանց հանելու համար, նախ, ինքներդ դուրս եկեք այդ դաշտից, թե չէ, իբրև թե «երրորդ ուժ», այլընտրանք եք ուզում ձևավորել, բայց ձեր հիմնական խոսույթը «»նախկին-ներկայի շրջանակներում է: Ոմանց դեպքում ՝ հատկապես «նախկինի» շրջանակներում:
Արամ Աբաջյան