Տոների և դրանք մերժելու մասին
Ամեն Մարտի 8-ին անպայման կարդում ենք 100-ավոր գրառումներ, որոնք կոչ են անում չնշել տոնը, քանի որ այն սոցիալիստ/նեմեց/հրեա ֆեմինիստուհիներ Կլարա Ցետկինի և Ռոզա Լյուքսեմբուրգի ստեղծած տոնն է, և առաջարկում են նշել միայն Ապրիլի 7-ը:
Եթե շարժվենք այս սկզբունքով, ապա չպիտի նշենք նաև Նոր տարին, քանի որ այն գերմանացիների հիմնած տոնն է, չպիտի նշենք մի շարք եկեղեցական տոներ, քանի որ դրանք էլ հեթանոսական ծեսերից վերցված և քրիստոնեության վերափոխված տոներ են, իսկ եթե ավելի ֆանատիկանանք, առհասարակ, պիտի հրաժարվենք Քրիստոնեությունից, քանի որ այն էլ Հայաստան բերեցին պարթևական ծագումով թագավորն ու կաթողիկոսը, պիտի հրաժարվենք մոմ վառելուց, քանի որ դա էլ կրակապաշտական ծես է և այլն, և այլն:
Եթե ինձ հարցնեք, ապա իմ պատասխանը կրկին միանշանակ է. այո՛, մենք պիտի վերադառնանք հին հայկականին, ավանդականին, նույնիսկ նախաքրիստոնեականին՝ բնապաշտականին, և ինչպես չինացիներն ու ասիական մի շարք ժողովուրդներ տոնում են իրենց ավանդական հին օրացույցով ու ավանդույթով, այնպես էլ՝ մենք: Եվ սրա պատճառն ամենևին էլ արևմտյանը կամ ռուսականը մերժելը չէ, կրոնը մերժելը չէ, այլ բուն գիտական մոտեցումը, որի համաձայն՝ հին աշխարհում այդ օրերը նշվել են՝ հաշվի առնելով աշխարհագրական գործոնները, եղանակային գործոնները, տեղացի մարդու և տեղի բնության կապը, լանդշաֆտի և կենցաղի կապը, բնապաշտական տարրերը, ինչն, ըստ իս, շատ ավելի գիտուն, աչքաբաց և կենսունակ մարդ է կերտել, քան արդի հավատքն ու խորհուրդները (տոները, սովորույթները):
Ու չնայած իմ սուբյեկտիվ տեսակետներին, ցանկանում եմ հիշեցնել Մարտի 8-ը մերժողներին. անհնար է մի քանի տարում հանրությանը ստիպել հետ կանգնել 100-ամյակներով և տասնամյակներով արմատացած սովորույթներից՝ ան-հը-նար: Մարդիկ պարզապես տոնում են՝ առանց խորանալու՝ ով է հիմնել, երբ և ինչ նպատակով: Փոփոխությունը տեղի է ունենում աստիճանաբար, բնականորեն, և ինչն ավելի կարևոր է՝ սերնդեսերունդ, և ոչ երբեք՝ միանգամից:
Էլիզա Առաքելյան