Որևէ միություն մտնելու դեմ գոռացող մարդկանց մի հարց տամ:
Սովետի փլուզումից հետո անցել է մոտ 35 տարի: Երբ դուք, գտնվելով 35 տարեկան Հայաստանում, նայում եք ձեր շուրջը, ի՞նչ եք տեսնում անցած 35 տարում և դրանից հետո կառուցված, ստեղծված, կայացած... Շենք-շինություն, գյուղ, քաղաք, ճանապարհ, երկաթուղի, օդակայան, գործարաններ, կինո, թատրոն, արվեստ, այգի, դաշտ, գյուաղատնտեսություն, դպրոց, տեխնիկում, բուհ, ծառ, թուփ, մարդկություն, արժեհամակարգ և այլն:
Երբ Սովետը փլուզվեց՝ իմ ուրախությանը չափ չկար, շատ էի երազում այդ մասին: Մտածում էի՝ հեսա կհզորանանք, մեր պատմական ուղին հպարտորեն կշարունակենք: Բայց Սովետից հետո ի՞նչ ենք մենք ստեղծել: Հա, ի դեպ, մեծ հաշվով, մենք Սովետից ոչ էլ դուրս ենք եկել, ԱՊՀ-ում ենք, ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում ենք: Մեր օրենսդրության որոշակի մասը հարմարեցված է ԵԱՏՄ օրենսդրությանը: Պարեկները մեզ ԵԱՏՄ որոշումներով են տուգանում, մաքսատանը ԵԱՏՄ օրենսդրությունն է և այլն:
Հիմա էս մոդայիկ բղավոցների իմաստը ո՞րն է: Չհոգնեցի՞ք ձևական ու անգիտակից դերասանությունից:
Դուք այլ բանի մասին մտածեք. ներկայիս Հայաստանում 1920-30-ականներին գրեթե ոչինչ չի եղել, մենք քաղաքներ ու գյուղեր չենք ունեցել, մեր նախնիները մինչև 1940-50 թվականները հողածածկ հյուղակներում են ապրել, տո էս տարածքում նորմալ ծառ ու անտառ էլ չի եղել...
30-40 տարում մի ողջ պետություն է կառուցվել, գյուղեր, քաղաքներ, ահռելի, այո, ահռելի արդյունաբերություն, գիտություն, ակադեմիա: Նման բան եվրոպական շատ երկրներում չի եղել ու չկա: Անտառաճանաչ բնակչությունը կրթություն է ստացել, գիտնականներ է տվել...
Ասենք, ձեր նախնիները այն աշխարհից հարց են տալիս՝ մեր արածը ու՞ր է, մեր արածի վրա ի՞նչ եք ավելացրել, հարգելի զավակներ, թոռներ ու ծոռներ:
Կամ վաղը ձեր երեխաները, թոռները, ծոռները ձեզ հարց կտան՝ իսկ ի՞նչ էիք արել 35 տարում...
Ի՞նչ ենք պատասխանելու, ի՞նչ...
Սովետ Միությունը մեզ պատրաստի պետություն էր տվել, մենք դա մաս-մաս քանդեցինք ու վաճառեցինք, ոչնչացրինք հանուն մի քանի կոպեկի, մետաղի ջարդոն սարքեցինք:
Որ հիմնարկի ու համակարգի հետ շփվում ես՝ տգիտություն է ժայթքում, անգրագիտությունն ու անքաղաքավարությունը միայն աճում են, հանուն կոպեկի կամ մի սեղան ուտուշ-խմուշի, պետական պաշտոնյան պատրաստ է հազար անգամ թքել օրենքի ու Սահմանադրության վրա: Բայց ձեր սիրտը անկախության մասին կենաց է ուզում:
Անկախությունն ու սուվերենությունը նախ արժեհամակարգի մասին է, արդարության ու արժանապատվության նկատմամբ
հարգանքի մասին է: Քանի՞ կոպեկի արժեք ունեն այս գաղափարները մեր օրերի Հայաստանում:
Պեռաշկիապետությունը շփոթել եք Պետության հետ...
Կամ ոնց որ հերթի կանգնած սպասում են, որ ձեզ ինչ-որ միություն մտցնեն, դուք էլ չեք ուզու՞մ…
Ո՛ր միության մեջ մտնեք՝ կփլուզվի:
Լիացքաթափվեք, պեռաշկուց մի շեղվեք...
Արա Արայան