Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Ապրում ենք ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ

Ապրում ենք ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ
14.06.2026 | 16:05

Կա մի կետ, որից հետո հիասթափությունը դադարում է լինել պարզապես քաղաքական զգացողություն։ Այն դառնում է հոգեվիճակ։ Դառնում է լուռ, ծանր բեռ, որը մարդն իր հետ տանում է աշխատանքի, տուն, ընկերների հետ հանդիպումների, նույնիսկ՝ քնի մեջ։

Այս օրերին ես ավելի շատ մտածում եմ ոչ թե ընտրությունների արդյունքների, այլ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել մարդկանց ներսում։

Պարտությունը սկսվում է ոչ թե այն պահին, երբ կեղծվում են թվերը, այլ այն պահին, երբ հասարակությունը սկսում է հաշտվել կեղծիքի հետ, երբ մարդիկ դադարում են զարմանալ ակնհայտ անարդարությունից, երբ ամեն ինչի համար գտնվում է արդարացում, բացատրություն կամ հարմար լռություն...

Այդ ժամանակ քայքայվում է ոչ թե պետությունը, այլ ազգի բարոյական ողնաշարը։ Հայաստանը հազարավոր տարիներ գոյատևել է ո՛չ բանակների, ո՛չ էլ իշխանությունների շնորհիվ։ Մենք գոյատևել ենք, որովհետև ունեցել ենք ներքին սահմաններ՝ ամոթի, արժանապատվության, ճշմարտության կարմիր գծեր։ Այո, կորցրել ենք պետություն, բայց չենք կորցրել ինքնությունը, կորցրել ենք քաղաքներ, բայց չենք կորցրել խիղճը...

Այսօր, ցավոք, ամենամեծ վախը քաղաքական չէ, ամենամեծ վախն այն է, որ մենք աստիճանաբար սովորում ենք ապրել առանց այդ կարմիր գծերի։ Երբ սուտը դառնում է պետական գործիք, իսկ ճշմարտությունը՝ անհարմարություն, հասարակությունը սկսում է բարոյապես հյուծվել։ Մարդիկ այլևս չեն հավատում ոչ միայն իշխանությանը, այլ նաև միմյանց։ Կորում է վստահությունը, և դրա հետ միասին՝ ապագայի զգացողությունը, որովհետև ապագան կառուցվում է վստահության վրա, ոչ թե քարոզչության:

Ամենացավալին, թերևս, այն է, որ այս բարոյալքումը հասել է նաև մեր ամենամոտ շրջանակներին։ Տարիներ շարունակ նույն արժեքներով ապրած մարդիկ այսօր հաճախ խոսում են տարբեր լեզուներով։ Ոչ այն պատճառով, որ ունեն տարբեր քաղաքական հայացքներ, այլ որովհետև տարբեր պատկերացումներ ունեն ճշմարտության մասին, մարդու մասին, հոգու մասին, սիրո մասին, հարգանքի ու ապրումակցման մասին:

Երբ հասարակությունը կորցնում է ճշմարտության ընդհանուր չափանիշը, սկսվում է նրա ներքին քայքայումը. հենց այդ պահին է, որ շատերի մտքում առաջին անգամ լրջորեն ծնվում է հեռանալու գաղափարը: Ո՛չ թե ավելի լավ կյանք փնտրելու, ո՛չ թե նյութական պատճառներով, այլ որովհետև հոգնել են: Հոգնել են անընդհատ բացատրելու ակնհայտը: Հոգնել են տեսնելու, թե ինչպես են արժանապատվությունը ներկայացնում որպես միամտություն, սկզբունքայնությունը՝ որպես թուլություն, իսկ հարմարվողականությունը՝ որպես խելամտություն։ Եվ մարդը մի օր բռնում է իրեն այն մտքի վրա, որ գուցե իր ապագան այլևս այստեղ չէ...

Սա ամենածանր պարտությունն է ցանկացած պետության համար։ Ոչ այն պարագային, երբ քաղաքացին հեռանում է երկրից, այլ երբ հոգեպես հեռանում է նրանից՝ դեռ ֆիզիկապես մնալով այստեղ:

Որքան էլ ծանր լինի այս զգացողությունը, ես շարունակում եմ տարբերակել Հայաստանը և նրա ժամանակավոր կառավարիչներին։ Հայաստանը շատ ավելի մեծ է, քան որևէ իշխանություն, որևէ ընտրություն, որևէ քաղաքական ցիկլ: Հայաստանը մեր պատմական հիշողությունն է, մեր մշակույթը, մեր լեզուն, մեր զոհված տղաների չմարող ներկայությունը, մեր նախնիների հավատը, որ այս հողը պետք է ապրի նույնիսկ ամենածանր ժամանակներում:

Հնարավոր է կեղծել ընտրություններ, հնարավոր է վերահսկել տեղեկատվությունը, հնարավոր է վախեցնել, հոգնեցնել, բարոյալքել մարդկանց, բայց անհնար է երկար ժամանակ կառավարել մի ժողովրդի, որի ներսում դեռ կենդանի է արդարության պահանջը:

Իսկ այսօր, որքան էլ շատերը լուռ լինեն, այդ պահանջը չի մահացել, այն պարզապես վիրավոր է, շատ խորն է վիրավոր... Եվ գուցե հենց դա է մեր ժամանակների ամենաճշգրիտ բնորոշումը՝ մենք ապրում ենք ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ, որտեղ ամեն մարդ ստիպված է ամեն օր պատասխանել մի հարցի՝ ինչքա՞ն ճշմարտություն է պատրաստ պահել իր ներսում, երբ շուրջբոլորը հաշտվում են ստի հետ, երբ շուրջբոլորը խաբում են, երբ շուրջբոլորը ապրումակցում ու ՍԵՐ չունեն:

Հռիփսիմե Առաքելյան

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ