Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Արտերկրացիները վստահ են, որ Հայաստանում քաղաքական հալածանքներ չկան

Արտերկրացիները վստահ են, որ Հայաստանում քաղաքական հալածանքներ չկան
28.08.2026 | 12:26


Վերջերս փախստականների գործերով զբաղվող Գերմանիայի իրավասու կառույցները հրաժարվեցին որևէ կարգավիճակ տրամադրել Գերմանիայից օգնություն հայցած ՀՀ քաղաքացուն: Հիմնավորումն այն էր, որ Հայաստանում քաղաքական հալածանքներ չկան, առկա է խոսքի, մտքի և խղճի ազատություն: Համոզված եմ` այսօրինակ ձևակերպումներով մերժվում են նաև եվրոպական այլ պետություններից կարգավիճակ հայցած ՀՀ քաղաքացիները:
Այժմ պատկերացնենք մի իրավիճակ: Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացին դեմ է օրվա իշխանության քաղաքական կուրսին և պարբերաբար հրապարակայնորեն քննադատում է այն: Քաղաքացու քննադատության թիրախում է հայտնվում նաև Հայաստանի օրվա իշխանության ողջ քաղաքական վերնախավը (կարող են, չէ՞, այդպիսի քաղաքացիներ լինել): Անցնենք առաջ: Իշխանությանը հրապարակայնորեն քննադատող քաղաքացին աշխատանքի կարիք ունի: Պետական և պետության հետ փոխկապակցված հիմնարկները քաղաքացուն աշխատանքի չեն ընդունում: Ընդ որում, կրթական շատ ավելի ցածր ցենզ ունեցող, սակայն «սուս ու փուս» անձանց ընդունում են, իսկ օրվա իշխանությանը հրապարակայնորեն քննադատող քաղաքացուն չեն ընդունում: Ավելին` օրվա իշխանությանը հրապարակայնորեն քննադատող քաղաքացու ընտանիքի անդամների համար ևս աշխատանք չկա: Հիմա, այդ մարդիկ ի՞նչ անեն: Սպասեն իշխանափոխությա՞նը: Դա կարող է շատ երկար տևել: Բացի դրանից` ո՞վ ասաց, որ հաջորդ իշխանությունն իդեալական է լինելու և այդ նույն քաղաքացու քննադատությանը չի արժանանալու: Ելքն արտերկիր մեկնելն ու այնտեղ աշխատելն է: Սակայն, ինչպես արդեն ասացի, արտերկրացիները վստահ են, որ Հայաստանում քաղաքական հալածանքներ չկան, առկա է խոսքի, մտքի և խղճի ազատություն: Եվ, ուրեմն, «շրջանակը փակվեց»:
Կրթական բարձր ցենզը կարևոր չէ: Ցանկանու՞մ ես ապրել` մի քննադատիր իշխանությանը:
Լավն էր Հին Հայաստանը: Նույնիսկ Գլխավոր դատախազի տեղակալն էր ընդդիմադիր: Էլ չխոսամ ուսուցիչների, բժիշկների, ճարտարագետների և մնացածների մասին:
Հա, ի դեպ, արտերկրացիները վստահ էին, որ Հին Հայաստանում չկա խոսքի, մտքի և խղճի ազատություն: Երևի չէին լսել Հին Հայաստանի Գլխավոր դատախազի տեղակալի, փոխարտգործնախարարների և մնացած պաշտոնյաների ուլտրաընդդիմադիր լինելու մասին:

Կարեն Հեքիմյան
Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ