ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Մեկուսացման մեջ հայտնված երկրի հուսահատ քայլ

Մեկուսացման մեջ  հայտնված երկրի  հուսահատ քայլ
12.07.2016 | 01:38

Թուրքիան խնդիրներ ունի տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների, այդ թվում՝ իր անմիջական հարևանների հետ։ Վերջերս, սակայն, շատ անսպասելի Թուրքիան որոշեց բարելավել հարաբերությունները Ռուսաստանի և Իսրայելի հետ։ Նախ՝ հայտարարվեց, որ եռամյա բանակցություններից հետո Իսրայելն ու Թուրքիան որոշել են վերականգնել հարաբերությունները, ապա լուրեր տարածվեցին 2015-ին ռուսական ինքնաթիռը խոցելու համար նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանից ներում հայցելու մասին։


Մեզ հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նկատեց, որ իր վարած քաղաքականության հետևանքով Թուրքիան վերջին շրջանում հայտնվել է բավականին մեկուսացված վիճակում, և «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսը ճիշտ հակառակ արդյունքն է տվել։ Կարելի է ասել, որ սա, ըստ էության, Թուրքիայի կողմից հարկադրված քայլ էր։ Արտաքին քաղաքական ջանքերը բոլոր ուղղություններում անհաջողության էին մատնվել, և վիճակից դուրս գալու համար Թուրքիան ստիպված էր որոշակի զիջումներ անել և գոնե Ռուսաստանի Դաշնության ու Իսրայելի հետ բարելավել հարաբերությունները։


Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ այստեղ կա նաև ներթուրքական որոշակի խնդիր։ Վարչապետ Դավութօղլուի հեռացումից հետո շատերը կարծում էին, թե Թուրքիայի արտաքին քաղաքական խնդիրներն է՛լ ավելի կսրվեն, իսկ նախագահ Էրդողանը, կարգավորելով հարաբերությունները Ռուսաստանի և Իսրայելի հետ, դա կներկայացնի որպես սեփական ձեռքբերում, միաժամանակ ի ցույց դնելով, որ Դավութօղլուն ամենևին էլ անփոխարինելի չէ։


«Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Իսրայելին, կարծում եմ՝ այս երկրները Թուրքիայի համար ունեն կարևոր քաղաքական, տնտեսական դերակատարում և, Եվրամիության հետ հարաբերությունների սպասվող սառեցմանն ընդառաջ, այս երկու պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար ձեռք է բերել կենսական նշանակություն։ Եթե Ռուսաստանի հետ դա ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական բաղադրիչ, ապա Իսրայելի հետ ավելի շատ՝ քաղաքական, ռազմարդյունաբերական ուղղվածություն։ Թուրքիայի այս շրջադարձը պետք է բնութագրել ոչ թե հարաբերությունների կարգավորման բնականոն փորձ, այլ մեկուսացման մեջ հայտնված երկրի հուսահատ և հարկադրական քայլ»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ